«Վարդահովիտ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Վարդահովիտ»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Վարդահովիտ» փոքր ՀԷԿ: «Վարդահովիտ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Վարդահովիտ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիս գետի Կարակայա վտակի վրա (երկարությունը՝ 15կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Վարդահովիտ» ՍՊԸ-ն:

 Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի եւ ըստ ընկերության, 223մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝  209.5մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ 2.5մ3/վ է, ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ 4250 կՎտ: Ըստ ՀԾԿՀ-ի 2015 հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 6.478605 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 10870 հազար կՎտ.ժամ  է, լիցենզիայի ժամկետը` 20.06.2012-20.06.2027թ.., շահագործման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) ժամկետը` 25.12.2014-25.12.2017թթ.:
  • ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրահեռացման իրական կոորդինատները չեն համապատասխանում ՋԹ-ում նշված կոորդինատներին:
  • «Կարակայա» ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջուրը հեռացվում է «Վարդահովիտ» ՓՀԷԿ-ի գլխամաս: Ջրհավաք ավազանում հավաքված ջրի մի մասը պատվարով հեռացվում է  գետ, իսկ մյուս մասը լցվում է տղմազտարան, որտեղից ավելցուկային ելքերը ևս հեռացվում են գետ:
  • «Վարդահովիտ»       ՓՀԷԿ-ի պատվարի երկարությունը 18  մ է, բարձրությունը` 3մ։ Բետոնե կառույց է:
  • Գլխամասում բացակայում է ձկնանցարանը: Ձկնանցարանի բացակայությունը և գետի հունի վրա կառուցված պատվարը արգելում է գետում տարածված ձկնատեսակների անարգել գաղթը գետի հոսանքն ի վեր:
  •  Գլխամասում բացակայում են ձկնապաշտպան ցանցավանդակները: Դրանց փոխարեն առկա է աղբորսիչ՝ 2.55մ երկարությամբ  ճաղավանդակ,  որի ճեղքերի միջև հեռավորությունը 2.5-3.0 սմ է:
  •  Կարակայա գետի տվյալ տեղամասում կարող են հանդիպել հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ: Ձկնային տնտեսություններից այստեղ կարող է  ներթափանցել ծիածանախայտը:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարը պողպատյա է, խողովակաշարի երկարությունն ու տրամագիծը համապատասխանում են նախագծային տվյալներին. երկարությունը, ըստ նախագծի, 3570 մ է, տրամագիծը՝ 1220 մմ:
  • Կարակայա գետի վրա կառուցված «Վարդահովիտ» (շահագործող «ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» ՍՊԸ, խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 3570 մ), «Կարակայա» (շահագործող՝ «ՀԱԿ ՀԷԿ» ՍՊԸ, Կարակայա գետից ջրառի համար կառուցված խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 4327մ), «Սանռայզ» (շահագործող` «Սանռայզ էլեկտրիկ» ՓԲԸ, խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 2268մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (10165)տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 67.76%:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Վարդահովիտ» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 23.55 միլիոն խմ ջրառ՝ ապահովելով 0.03խմ/վ բնապահպանական թողք: Նախագծով նույնպես նախատեսված է նույնչափ բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Վարդահովիտ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 5521431 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված չինական արտադրության 3 ագրեգատներից դիտարկման պահին աշխատում էր մեկը: Գետում ջրսակավ ժամանակահատված էր, և տուրբինը  210լ/վրկ ջրաքանակով ապահովում  էր   100 կվտ  հզորություն: ՓՀԷԿ-ի համար սահմանված 2.5 խմ/վրկ առավելագույն հաշվարկային ելքը ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվում է միայն մարտ-ապրիլ ամիսներին: 
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, սակայն տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • Ջրառի ու բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ: Ջրընդունիչ հանգույցում դրված է 2 տեսախցիկ, որոնք միացված են կայանին՝ ջրառն առցանց ռեժիմով տեսնելու նպատակով:
  • ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում ծառահատում չի նախատեսվել: Նախագծով նախատեսված է եղել  կայանային հանգույցի տարածքում  30 ծառի տնկում, ինչը չի արվել:
  • Կայանային հանգույցի տարածքում բարեկարգման և կանաչապատման աշխատանքներն իրականացվել էին ոչ բավարար:
  • Նախագծով նախատեսված է  480 խմ բուսաշերտի պահպանություն եւ հետագա օգտագործում, ինչը չի արվել:
  • Նախագծով նախատեսված խախտված հողերի վերականգնմանն ուղղված միջոցառումները չեն արվել:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Լանդշաֆտը խախտված չէ: Սողանքային երեւույթներ չկան:
  • Բացակայում է կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումը:
  • ՀՀ բնապահպանական տեսչությունը 2014թ-ին ստուգումներ է անցկացրել ՓՀԷԿ-ում: Խախտումներ չեն արձանագրվել:
  • ՓՀԷԿ-ն ունի 9 աշխատող:

Եզրակացություն

ՓՀԷԿ-ը ջրասակավ շրջանում չպետք է գործի՝ հաշվի առնելով ջրաբանական տվյալները։

Առաջարկություններ

  • Ապահովել ջրընդունիչ հանգույցում  բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, չափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Կառուցել ձկնանցարան:
  • Բնապահպանական թողքի չափաքանակը շատ փոքր է սահմանված, որը չի կարող ապահովել գետի և կենսաբազմազանության բնականոն վիճակը, անհրաժեշտ է այն վերանայել։
  • Տրանսֆոմատորները կահավորել յուղահավաք համակարգով:
  • Պարզել ՋԹ-ում նշված կոորդինատների անհամապատասխանության պատճառները:
  • ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն նախագծային հզորությունը:
  • Իրականացնել խախտված հողերի վերականգնմանն ուղղված միջոցառումներ:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ անջրթափանց հորի, կամ «mini» մաքրման կայանի միջոցով:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



16:14 Մարտ 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news