«Սանռայզ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Սանռայզ»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Սանռայզ» փոքր ՀԷԿ: «Սանռայզ»      փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Հերմոն համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիս գետի Կարակայա վտակի վրա (երկարությունը՝ 15կմ ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Սանռայզ էլեկտրիկ» ՓԲԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 112մ է, ըստ ընկերության՝ 90մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի,  84.3մ 1, ըստ ընկերության՝ 90մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ 1.5մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի ՝ 959 կՎտ: Ըստ ՀԾԿՀ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 1.777005 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 3,57 մլն. կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 29.12.2009-29.12.2024թթ.., շահագործման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) ժամկետը` 12.11.2013 - 12.11.2016թթ.:
  • ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրահեռացման իրական կոորդինատները չեն համապատասխանում ՋԹ-ում նշված կոորդինատներին:
  • «Սանռայզ»       ՓՀԷԿ-ը ջրառ է կատարում անմիջապես «Վարդահովիտ» ՓՀԷԿ-ի ջրահեռացման կետից հետո: Ջրբացթողումը կատարում է Այսաս գետ անմիջապես «Հերմոն» ՓՀԷԿ-ի ջրբացթողման կետի մոտ: Երկու ՓՀԷԿ-երի կայանները կողք կողքի են:
  •  Պատվարի երկարությունը 6մ է, բարձրությունը` 2,3 մ։ Երկաթ-բետոնե կառույց է:
  • Ձկնանցարանը մոտ 60 սմ լայնությամբ և 3.8 մ երկարությամբ մետաղական խողովակից պատրաստված կոնստրուկցիա է: Վերին մասում՝ մոտ 2մ երկարությամբ հատվածում, տվյալ կառուցվածքը զուրկ է ձկների տեղաշարժին նպաստելու համար որևէ հարմարանքից:   Ընդհանուր առմամբ, ձկնանցարանը գրեթե  պիտանի չէ գետում բնակվող ձկների տեղաշարժի համար:
  • Գլխամասում բացակայում են ձկնապաշտպան ցանցավանդակները: Դրանց փոխարեն առկա է 2.2 մ երկարություն ունեցող աղբորսիչ  ճաղավանդակ,  որի ճաղերի միջև հեռավորությունը 2-3 սմ է:
  • Կարակայա գետի տվյալ տեղամասում կարող են հանդիպել հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ: Ձկնային տնտեսություններից այստեղ կարող է  ներթափանցել ծիածանախայտը:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարը պողպատյա է, խողովակաշարի երկարությունն ու տրամագիծը համապատասխանում են նախագծային տվյալներին. երկարությունը, ըստ նախագծի, 2268մ է, տրամագիծը՝ 820 մմ:
  • Կարակայա գետի վրա կառուցված «Վարդահովիտ» (շահագործող՝ «ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» ՍՊԸ, խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 3570 մ), «Կարակայա» (շահագործող՝ «ՀԱԿ ՀԷԿ» ՍՊԸ, Կարակայա գետից ջրառի համար կառուցված խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 4327մ), «Սանռայզ» (շահագործող` «Սանռայզ էլեկտրիկ» ՓԲԸ, խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 2268մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (10165) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 67.76%:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Սանռայզ» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 18055.0 հազար խմ ջրառ՝ ապահովելով 0.03խմ/վ բնապահպանական թողք: Նախագծով նույնպես նախատեսված է նույնչափ բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Սանռայզ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 1440659 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված չինական արտադրության 2 ագրեգատներից դիտարկման պահին աշխատում էր մեկը: Գետում ջրսակավ ժամանակահատված էր, և տուրբինը  50լ/վրկ ջրաքանակով ապահովում  էր   20 կվտ  հզորություն: ՓՀԷԿ-ի համար որպես առավելագույն հաշվարկային ելք սահմանված է 1.5 խմ/վրկ ջրաքանակը, որը ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվում է միայն մարտ-ապրիլ ամիսներին:  Այդ ելքով ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված 2 ագրեգատների աշխատանքը չի ապահովում նախագծային  959կՎտ դրվածքային հզորությունը:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, սակայն տրանսֆորմատորի տակ յուղահավաք համակարգ չկա:
  • Ջրառի ու բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ:
  • ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում ծառահատում չի նախատեսվել: Նախագծով նախատեսված է եղել  կայանային հանգույցի տարածքում  30 ծառի տնկում:
  • Կայանային հանգույցի տարածքում իրականացվել են բարեկարգման և մասամբ կանաչապատման աշխատանքներ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Լանդշաֆտը խախտված չէ: Սողանքային երեւույթներ չկան:
  • Արված է ռեկուլտիվացիա:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացվում է անջրթափանց հորի միջոցով:
  •  ՓՀԷԿ-ն ունի 5 աշխատող:

Առաջարկություններ

  • Ապահովել ջրընդունիչ հանգույցում  բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, չափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Վերակառուցել ձկնանցարանը:
  • Բնապահպանական թողքի չափաքանակը շատ փոքր է սահմանված, որը չի կարող ապահովել գետի և կենսաբազմազանության բնականոն վիճակը, անհրաժեշտ է այն վերանայել։
  • ՓՀԷԿ-ը ջրասակավ շրջանում չպետք է գործի՝ հաշվի առնելով ջրաբանական տվյալները։
  • Տրանսֆոմատորները կահավորել յուղահավաք համակարգով:
  • Պարզել ՋԹ-ում նշված կոորդինատների անհամապատասխանության պատճառները:
  • ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն նախագծային հզորությունը:
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



13:53 Մարտ 21, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news