«Ապրես» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Ապրես»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ապրես» փոքր ՀԷԿ: «Ապրես»   փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Ույծ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի վրա (երկարությունը 178 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Սյունիք» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Ապրես» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2008թ-ին:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 55.5մ է, հաշվարկային ճնշումը՝ 53.0մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը 3.33մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը՝ 1500կՎտ, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի, 8.7մլն.կՎտ.ժամ, միջին տարեկան արտադրած էլեկտրաէներգիայի քանակը, ըստ նախագծի, 1.67 մլն կՎտ ժամ, լիցենզիայի ժամկետը` 24.09.2008-24.09.2023թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 07.10.2011-07.10.2014թթ.:
  • ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրահեռացման կետերի իրական կոորդինատների ՋԹ-ում նշված կոորդինատների միջեւ կան անճշտություններ: ՋԹ-ում նշված ջրահեռացման կոորդինատները մոտ 6 կմ հեռու են կայանի իրական տեղից՝ գետի ափը չեն մատնանշում, այլ՝ սարերի մեջ մի տարածք։
  • ՓՀԷԿ-ի բետոնե պատվարի երկարությունը 25մ է, բարձրությունը՝ 8մ: Պատվարից վերև առաջացել է արհեստական լիճ: Նախագծով նախատեսված է եղել 8.7 մ բարձրությամբ, 36 մ երկարությամբ պատվար:
  • Գլխամասում առկա է կասկադաձև, մոտ 10 մ երկարությամբ և 8  մ ընդհանուր բարձրությամբ բետոնից կառուցված 6 աստիճան, որոնք ունեն մոտ 60-100 սմ բարձրություն: Նման կառուցվածքը չի կարող ձկնանցարանի դեր կատարել Որոտան գետում բնակվող որևէ ձկնատեսակի համար: Նախագծով նախատեսված է եղել 25.5 մ երկարությամբ, 1.5 մ լայնությամբ ձկնանցարան:
  • Բացակայում է ձկնապաշտպան ցանցը: Առկա է 3.6 մ երկարությամբ ստորջրյա աղբորսիչ, որի ճաղերի միջև հեռավորությունը 3.0-3.5 սմ է:
  • Աղբորսիչներից հավաքված աղբը լցված է գետի ափին:
  • Որոտան գետի տվյալ տեղամասում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ, Սևանի կողակ /գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/, կուրի սպիտակաձուկ, Կովկասյան թեփուղ, արծաթափայլ կարաս: Ձկնային տնտեսություններից այստեղ պարբերաբար հայտնվում է  ծիածանախայտը:
  • ՓՀԷԿ-ի դերիվացիոն խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 1700 մ է, տրամագիծը՝ 1620մմ: Պողպատյա խողովակաշարն անցկացված է գետի ափի երկայնքով։ Այն թաղված չէ խրամուղում և կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ կենդանիների և մարդկանց համար՝ այդ հատվածում գետին ազատ մոտենալու համար:
  • Որոտան գետի վրա կառուցված «Որոտնա ՀԷԿ» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 3220մ), «Շինուհայր» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 1555մ), «Ապրես» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 1700մ), «Որոտան-7» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 931.37 մ), «Իշխանասար» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4356 մ), «Մանե» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4720 մ) ՓՀԷԿ-երի  դերիվացիայի գումարային երկարության (16482.37մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (178կմ) հետ 9.25%:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Ապրես» ՓՀԷԿ-ը տարվա ընթացքում կարող է ջրառ իրականացնել բոլոր ամիսներին՝ 84844.0 հազար խմ տարեկան՝ ապահովելով գետում ՋԹ-ով սահմանված 1 խմ/վ բնապահպանական թողք: Տեսողական դիտարկմամբ 1 խմ/վ բնապահպանական թողքն ապահովված էր:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Ապրես» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 9201447 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Կայանում տեղադրված է 2 ագրեգատ։
  • Ջրառի և ավտոմատ կառավարումն ու հաշվառումը ապահովված է, բնապահպանական թողքինը՝ ոչ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված  1 տրանսֆորմատորը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
  • Կայանի ընդհանուր տարածքը ցանկապատված, բարեկարգված և կանաչապատված է։ Իրականացված է ծառատունկ:
  • 2015թ-ին ՓՀԷԿ-ը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից տուգանվել է 100 000 դրամի չափով:

Առաջարկություններ 

  1. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում
  2. Վերակառուցել ձկնանցարանը՝ ապահովելու ձկների նորմալ տեղաշարժը։
  3. Ստանալ նոր ՋԹ. հնի ժամկետն ավարտվել է: Վերանայել ջրատնտեսական հաշվարկները, քանի որ, ըստ փաստացի տվյալների, արտադրված էլեկտրաէներգիան մոտ 5 անգամ գերազանցել է նախագծային ցուցանիշները, ինչը հնարավոր է ավել ջրաքանակ ունենալու պարագայում:
  4. Կարելի է հրաժարվել պատվարից, և ջրառը փորձել իրականացնել այլ հիդրոտեխնիկական լուծումների շնորհիվ։
  5. Թաղել խողովակաշարը հողի տակ այնպես, որ ապահովվի գետին ազատ մոտենալու հնարավորությունը։
  6. Տեղափոխել հավաքված աղբը համապատասխան աղբավայր։
  7. Տեղադրել ժամանակակից արդյունավետ սարքավորումներ՝ լրիվ ավտոմատ կառավարման ապահովմամբ, որպեսզի հնարավորինս արդյունավետ օգտագործվի հիդրոէներգետիկ պաշարը։
  8. Տրանսֆորմատորի տակ տեղադրել յուղորսիչ:
  9. Տեղադրել ձկնապաշտպան ցանց:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



15:16 Մարտ 09, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news