«Սանդաղբյուր» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Սանդաղբյուր»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Սանդաղբյուր» փոքր ՀԷԿ: «Սանդաղբյուր»   փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Գորայք համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Սանդաղբյուր գետի վրա: ՓՀԷԿ-ը շահագործում է «Սինգլ Գոռ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • Նախագծում ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը նշված չէ: Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի՝ այն 112մ է: Ըստ նախագծի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 100.1մ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը 0,8մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը՝ ըստ նախագծի՝ 621 կՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի՝  800 կՎտ, ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի՝ 750 կՎտ: էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի,  2.05775625 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 21.07.2006-21.07.2021թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 03.04.2006-03.04.2009թթ.:
  • ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրահեռացման կետերի իրական կոորդինատներն ու ծովի մակարդակից բարձրությունները լիովին համապատասխանում են ՋԹ-ում նշված կոորդինատներին:
  • ՓՀԷԿ-ի պատվարի երկարությունը 42 մ է, բարձրությունը՝ 5 մ: Պատվարից վերև առաջացել է լիճ: Նախագծով նախատեսված պատվարի երկարությունը 7մ է, բարձրությունը՝ 5մ:
  • ՓՀԷԿ-ը ձկնանցարան չունի, թեպետ այն նախատեսված է եղել նախագծով:
  • Առկա է 5 սմ լայնությամբ ճեղքերով աղբորսիչ, ձկնապաշտպան ցանց չկա:
  • Սանդաղբյուր գետում հնարավոր է կարմրախայտի, արևելյան տառեխիկի, կողակի, Կուրի բեղաձկան գոյությունը: Մեծ լիճը, որը ձևավորվել է պատվարից վերև, հնարավոր է դարձնում նաև արծաթափայլ կարասի բնակեցումը: Կարող է ներթափանցել նաև ծիածանախայտը:
  • «Սանդաղբյուր» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի եւ բնապահպանական թողքի վերաբերյալ տվյալներ նշված չեն: Ըստ նախագծի՝ բնապահպանական թողքը սահմանվել է 0.03խմ/վ: Բնապահպանական թողքը բաց է թողնվում պատվարի ներքևի մասից՝ մետաղյա խողովակի միջոցով:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Սանդաղբյուր» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 1721635 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:
  • Ճնշումային խողովակաշարի երկարությունն ու տրամագիծը համապատասխանում է նախագծային տվյալներին: Երկարությունը 2450մ է, տրամագիծը՝ 800մմ:  Խողովակաշարը պողպատյա է, այն գրեթե ամբողջությամբ թաղված է, սակայն որոշ հատվածներում անցկացվել է ոչ ճիշտ, որի արդյունքում առաջանում են ջրի ճնշման կորուստներ:
  • Նախագծով նախատեսված 3 ագրեգատների փոխարեն կայանում տեղադրված է տեղական արտադրության երկուական ագրեգատ եւ տուրբին: Գեներատորները խորհրդային տարիների արտադրության են: Դիտարկման պահին գործում էր մի ագրեգատը:
  • Կայանը ցանկապատված չէ:
  • Ջրառի և բնպահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Կայանում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված  1 տրանսֆորմատորը կահավորված չէ յուղահավաք համակարգով: Նախագծով նախատեսված չի եղել:

Առաջարկություններ 

  1. Դիմել նոր ՋԹ ստանալու համար, որտեղ հստակ կնշվի ջրառի եւ բնապահպանական թողքի չափաքանակը:
  2. Ամբողջովին վերակառուցել գլխամասային հանգույցը՝ ապահովելով ձկների տեղաշարժը գետում:
  3. Կառուցել ձկնանցարան:
  4. Տեղադրել ձկնապաշտպան ցանց։
  5. Կարելի է նաև հրաժարվել պատվարից, և ջրառը փորձել իրականացնել այլ հիդրոտեխնիկական լուծումների շնորհիվ։
  6. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում
  7. Վերակառուցել խողովակաշարի որոշ հատվածներ՝ ճնշման կորուստները բացառելու նպատակով։
  8. Տեղադրել ժամանակակից արդյունավետ սարքավորումներ՝ լրիվ ավտոմատ կառավարման ապահովմամբ, որպեսզի հնարավորինս արդյունավետ օգտագործվի հիդրոէներգետիկ պաշարը։
  9. Կայանի տարածքը ցանկապատել և բարեկարգել՝ իրականացնելով նաև ծառատունկ։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



18:31 Մարտ 03, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news