ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Արփա» փոքր ՀԷԿ: «Արփա» փոքր ՀԷԿ-ի ջրառ հանգույցը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Զեդեա համայնքի վարչական տարածքում, կայանը`Վայք քաղաքի վարչական տարածքում: Այն շահագործում է «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցված է Արփա գետի վրա, (երկարությունը՝ 126 կմ):
Մոնիտորինգն անցկացվել է ՓՀԷԿ-ի կայանում: Գլխամաս այցելել չստացվեց: Գլխամասի բոլոր դիտարկումները կատարվել են հեռվից:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ին:
- Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 52.2մ մ է, հաշվարկային ճնշումը 42.2մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը`8.0 մ3/վ, դրվածքային հզորությունը 2622 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 8.88 մլն.կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 12.06.2013-12.06.2028թթ., ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 06.05.2013- 06.05.2016թթ.:
- Ջրառի եւ ջրահեռացման իրական կետերի կոորդինատների եւ Ջրօգտագործման թույլտվության կոորդինատների միջեւ կան էական տարբերություններ:
- Ըստ նախագծի` պատվարը 2 մետր բարձրությամբ բետոնե ջրթափային կառույց է:
- Իրականում պատվարի երկարությունը մոտ 17 մ է, բարձրությունը` մոտ 4 մետր: Այն երկաթ-բետոնե կառույց է, որի ձախ մասում կառուցված է ձկնանցարան:
- Ըստ ՓՀԷԿ-ի աշխատակցի` ձկնուղին ունի 18 մ երկարություն, 12 աստիճաններ՝ յուրաքանչյուրը 2 մետր լայնությամբ, 25 սմ բարձրությամբ՝ առանց շախմատաձև անցքերի:
- Աջ կողմում կառուցված է տղմազտարան, որի սկզբնամասում տեղադրված են 3 սմ լայնություն ունեցող ճեղքերով ձկնապաշտպան ցանցեր։
- Արփա գետում բնակվում են կարմրախայտը, արևելյան տառեխիկը, Կուրի բեղաձուկը, կողակը, կովկասյան թեփուղը, Կուրի սպիտակաձուկը, ճանարը, մուրծին, ծածանը, Կուրի ենթաբերանը, Կուրի լերկաձուկը, արծաթափայլ կարասը, ամուրյան նրբաձկնիկը: Պարբերաբար հանդիպում է նաև ծիածանախայտը:
- Ջրօգտագործման թույլտվությամբ բնապահպանական թողքը սահմանված է 1,25 մ3/վ: Դիտարկման պահին 1,25 մ3/վ բնապահպանական թողքն ապահովված չէր։
- Ջրօգտագործման թույլտվության տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը կարող է Արփայից տարեկան վերցնել 252234.0 միլիոն խմ ջուր 12 ամսվա ընթացքում:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Արփա» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 11080769 կՎտ էլեկտրաէներգիա:
- Ճնշումային խողովակաշարը պողպատյա է: Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 3020մ է, տրամագիծը` 2000մմ: Դիտարկած հատվածներում այն թաղված է հողի տակ։
- Արփա գետի վրա կառուցված «ԱՐԵՆԻ ՀԷԿ» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը` 30մ երկարությամբ 4 ճնշումային խողովակաշար), «Ջերմուկ ՀԷԿ-2» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 3513մ), «Արփա» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 3020մ մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (6563մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (126կմ) հետ կազմում է 5.20%:
- Ջրընդունիչ հանգույցում ՓՀԷԿ-ի համար ջրառը կարգավորվում է ավտոմատ կառավարման համակարգով:
- ՓՀԷԿ-ի կայանում տեղադրված է մեկ՝ գերմանական տուրբինով համալրված «Ցինկ» մակնիշի ագրեգատ, որն ունի ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ: Աշխատակցի համոզմամբ` ագրեգատը սակավաջուր ժամանակահատվածում /օգոստոս ամիս/ աշխատում է 250 լ/վրկ ջրաքանակով, արտադրում է 80 կվտ/ժ էլեկտրաէներգիա: Տեղադրված է նաև մեկ «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության ագրեգատ: Նախագծով նախատեսված է եղել 3 ագրեգատ:
- ՓՀԷԿ-ի համար սահմանված 8.0 մ3/վրկ չափաքանակով հաշվարկային ելքը չի օգտագործվում, քանի որ ՓՀԷԿ-ի ագրեգատն աշխատում է առավելագույնը 5.0 մ3/վրկ ջրաքանակով՝ ապահովելով 1800կվտ դրվածքային հզորություն: Այդ հզորությունը ՓՀԷԿ-ն ապահովում է ապրիլ-հունիս ամիսներին:
- Դիտարկման պահին կայանային հանգույցի տարածքը բարեկարգ չէր, կառուցապատման աշխատանքները դեռ ավարտված չէին: Տարածքում առկա էին նորատունկ ծառեր:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված մեկ տրանսֆորմատորը կահավորված չէ յուղորսիչ համակարգով:
- Բացակայում է կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումը:
Առաջարկություններ
- Ջրընդունիչ հանգույցում բնապահպանական թողքի բաց թողնումը կարգավորել ավտոմատ կառավարման համակարգով:
- Չափիչ սարքավորումների միջոցով և առցանց վերահսկման եղանակով հսկել բնապահպանական թողքը:
- Վերանայել ջրատնտեսական հաշվարկները և ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ցուցանիշները, քանի որ կա անհամապատասխանություն փաստացի և նախագծային ջրաէներգետիկ ցուցանիշների միջև:
- Նախագծային ցուցանիշները ստանալու համար ՓՀԷԿ-ը վերազինել բարձր տեխնիկական արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն ՓՀԷԿ-ի բարձր տնտեսական շահավետություն:
- Տրանսֆոմատորը կահավորել յուղորսիչ համակարգով:
- Իրականացնել բավարար կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
- Լուծել կենցաղային կեղտաջրերի հեռացման խնդիրը` կառուցելով բիոզուգարան կամ կեղտաջրերը հեռացնել անջրթափանց հոր:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 02, 2016 at 17:51