Ինչպես է կառավարվում ջուրը Գողթ գյուղում (Լուսանկարներ)

Ինչպես է կառավարվում ջուրը Գողթ գյուղում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ԷկոԼուրի փորձագետներն այցելեցին «Գողթ 1» և «Գողթ 2» ՓՀԷԿ-երի տարածք: Այս հիդրոէլեկտրոկայանները գտնվում են ՀՀ Կոտայքի մարզի Գողթ համայնքի վարչական տարածքում: Կառուցված են Ազատ գետի Գողթ վտակի վրա, որը սնում է Գողթ համայնքը:

Երկու փոքր ՀԷԿ-երն էլ ընդգրկված են համայնքի ոռոգման համակարգի մեջ: Ինչպես հավաստիացնում է «Ջաղացի ձոր» ՓԲԸ-ի հիմնադիր Մարկոս Ղարիբյանը, խողովակատարի կառուցումից հետո Գողթում ավելանում է տարեկան ոռոգվող հողերի տարածքը: 

«Երբ նպատակ ունեցանք ՓՀԷԿ-երը կառուցելու, դրան զուգահեռ կատարեցինք մի շարք աշխատանքներ գյուղի և ոռոգման հետ կապված, և խմելու ջրի հետ կապված, և այդ աշխատանքները մինչ օրս էլ շարունակվում են: Ի սկզբանե, երբ շինարարությունը սկսել ենք, շուրջ 3 կմ ոռոգման մայր խողովակներ ենք անցկացրել», - ասաց Մարկոս Ղարիբյանը:

Նա նշեց, որ ներկայումս «Գողթ 1» և «Գողթ 2» ՓՀԷԿ-երի աշխատանքի վրա բացասական ազդեցություն է ունենում սակավաջրությունը. «Ջուր չունենք: «Ջաղացի ձոր»-ն այսօր չի կարողանում կատարել իր վրա վերցրած պարտավորությունները: Դա կապված է սակավաջրության հետ, որը հենց հիմա շատ վատ ազդեցություն է գործում ՓՀԷԿ-երի վրա: 2010 թվականի հետ համեմատած՝ այն ժամանակ արտադրել ենք 11 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա, հիմա արտադրում ենք մոտավորապես 5.8-6 միլիոն: Այսինքն` կիսով չափ, այդքան վատ է մեր վիճակը»:

Գողթի համայնքապետ Արտավազդ Հակոբյանը վստահեցնում է, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման շնորհիվ համայնքը մի քանի անգամ ավել ջուր է ստանում, քան նախկինում:

«Մինչև ՓՀԷԿ-ի կառուցումը Գողթ համայնքը Ջաղացի ձոր հատվածից օգտվում էր կիսախողովակների միջոցով՝ կառուցված 1955 թվականին: Համայնքը կարողացել է օգտվել 30-40 լիտր/վրկ ջուր քանակությամբ: Ջաղացի ձոր հատվածից,  որտեղից խողովակաշարը բերվում է Գողթ, գլխամասի կառուցման միջոցով կառուցվեց մեծ դիամետրով խողովակաշար ՓՀԷԿ-երի համար: Մենք դրա հաշվին կարողացել ենք մի քանի անգամ ավելի շատ ջուր վերցնել և այդ ժամանակահատվածում կարողանում ենք 100-150 լիտրի չափ ջուր տալ ջրամատակարարաման ցանց: Գարնան այն ամիսներին, երբ տեղի է ունենում սելավ, այդ ջրատարը վերցնում է մեծ քանակությամբ ջուր՝ 1 խմ ջուր վայրկյանում: 1 խմ-ի կեսը օգտագործվում է «Գողթ 2» ՓՀԷԿ-ում, իսկ մնացածը՝ 300, 400, 500 լիտրը, մնում է համայնքին որպես ոռոգում: Այ հենց դա է, որ շատ կարևոր դեր ունեցավ համայնքի համար», - ասաց Գողթի համայնքապետ Արտավազդ Հակոբյանը:

Համայնքի բնակիչները հրաժարվեցին խոսել տեսախցիկի առջև, սակայն հայտնեցին, որ առկա է ջրի անարդար բաշխման խնդիր: Բայց մեղադրանքները հիմնականում ուղղված են Ջրօգտագործող ընկերության գործունեությանը, որը խախտում է մանր ֆերմերների իրավունքները:

«Մի շրջանում, որ ձնհալից հետո ջրերը շատ գալիս էին, ժողովուրդը օգտվում էր սելավի ջրերից, բայց հիմա չի կարողանում օգտվի, որովհետև ՓՀԷԿ-երը հավաքել են այդ ջուրը: Սա է խնդիրը: Երբ որ ՋՕԸ-ն պետք է գումար հավաքի, այդ ժամանակ նոր բաց է թողնում: Այդ սելավները չի հասնում ժողովրդին, գնում է արդեն ՓՀԷԿ-երին: Ջուրը պակաս է, շատ թանկ էլ վաճառում են ժողովրդի վրա: Հունիսի վերջն է, նոր ես մի անգամ ջուր եմ արել: Եթե ջուրը նորմալ լինի, ինչի՞ պետք է մի անգամ ջուր անեմ», - ասաց Գողթի բնակիչը:

Բնակիչների դժգոհությունը համայնքապետ Արտավազդ Հակոբյանը այսպես պարզաբանեց.

«Հիմա ջուրը այն ժամանակվանից 15 անգամ ավել է: Այն ժամանակ գյուղում մշակվել է այս բնակավայրի կեսը: 120 հեկտար այգի է ունեցել Գողթ համայնքը, հենց իմ գյուղապետ լինելու ժամանակահատվածում 250 հեկտար այգի է ավելացել: Միայն այդ ՓՀԷԿ-երի տերերը տնկել են 100 հեկտար այգի: Եթե ջուրը սակավ է, բա այդ այգիները ո՞նց են ջրում», - ասաց Արտավազդ Հակոբյանը՝ հավելելով, որ ոչ թե ջուրն է պակասել, այլ ջրօգտագործողներն են շատացել:

«Իմ կարծիքով` Գողթում ջրի սակավություն չկա: 705 հեկտար տարածք ոռոգելի է, 550-600 հեկտարը այգի է: Եթե գողթեցին ասում է՝ առաջ ջրում էինք առատ, ջրում էինք 180 հեկտար, հիմա ջրում ենք 620 հեկտար», - նշեց Գողթի համայնքապետը:

Բացի բնակիչներից, ովքեր օգտագործում են ջուրը իրենց այգիների և տնամերձերի ոռոգման համար, հիմնական ջրօգտագործողներ են հանդիսանում երկու խոշոր ջերմոցային տնտեսություններ: Մեկը՝ 8.5 հեկտար տարածքով՝ վարդերի աճեցման համար, մյուսը՝ 10.5 հեկտար տարածքով՝ վարունգի և լոլիկի աճեցման համար:

Աշխատանքային թիմն այցելեց «Էկոտոմատո» ջերմոցային տնտեսություն, որտեղ տարեկան արտադրում են 8.5-ից մինչև 10.5 միլիոն հատ տարբեր սորտերի վարդեր:

«Ջաղացի ձոր» ՓԲԸ-ի հիմնադիր Մարկոս Ղարիբյանը նաև հանդիսանում է «Էկոտոմատո» ընկերության հիմնադիրներից մեկը: ԷկոԼուրի հետ զրույցում նա նշեց, որ ջերմոցային տնտեսությունը հիմնվել է 2011 թվականին: Այստեղ աշխատում են Գողթ, Գառնի և Գեղարդ համայնքների 130 բնակիչներ, 95 տոկոսը՝ կանայք:

 
 
 
 
 
 


11:07 Հուլիս 30, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news