Նոր փոքր ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսվում է հատել 38 ծառ

Նոր փոքր ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսվում է հատել 38 ծառ

ԷկոԼուր

«Գրին Փաուր» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել «Չքնաղ» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտը: «Չքնաղ» փոքր ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Սյունիքի մարզի Տաշտուն գետի վրա`«Արևիկ» ազգային պարկի հարևանությամբ: ՓՀԷԿ-ի համար նախատեսված հզորությունը 3.31 ՄՎտ է: Այն տարեկան արտադրելու է միջինը12.05 մլն. կՎտժ էլեկտրաէներգիա:

ՓՀԷԿ-ը գետում պետք է ապահովի 0.03 խմ/վրկ բնապահպանական թողք, որը բաց է թողնվելու ձկնանցարանով: Բնապահպանական թողքը չափելու համար ձկնուղու հատվածում տեղադրվելու է MJK 713 մակնիշի ջրաչափիչ սարքավորում:

Տաշտուն գետի ձկնաշխարհն ուսումնասիրված չէ: Նախագծողները «Չքնաղ» ՓՀԷԿ-ի համար ձկնանացարան նախատեսել են` հիմք ընդունելով Մեղրի գետի ձկներին` կարմրախայտին, արևելյան տառեխիկին, Քուռի կողակին, ծածանին:

ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում նախատեսվում է հատել 38 ծառ: Բուսածածկը վերականգնելու նպատակով կատարվելու է ծառատունկ:

«Չքնաղը» 13 կիլոմետր երկարություն ունեցող Տաշտուն գետի վրա լինելու է երկրորդ ՓՀԷԿ-ը: 2014թ-ին «Զանգեզուր էներգո» ՍՊԸ-ն հայտ ներկայացրեց` Տաշտուն գետի վրա կառուցելու «Արևիկ» ՓՀԷԿ-ը: Այս երկու ՓՀԷԿ-երի շահագործման դեպքում Տաշտուն գետի կեսը կհայտնվի խողովակաշարի մեջ:
«Չքնաղ» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտի հանրային լսումները (թվով երկրորդ) նախատեսված են ս.թ. մարտի 13-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքապետարանում:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

11:16 Փետրվար 28, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news