ԷկոԼուր
«Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը վտանգված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցային քաղաքականության պատճառով, գրում է «Ժամանակ» թերթը:
Խնդիրը նրանում է, որ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման իրավունքը ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի թիվ 973-Ա որոշմամբ տրվել է «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ին, որը պատկանում է հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:
2017 թ-ի հոկտեմբերի 25-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում «Շնող» ՀԷԿ-ի կառուցման համար հուշագիր ստորագրվեց «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և ամերիկյան հայտնի «The Robbins Company» ընկերության միջև։ Հուշագրի համաձայն` «The Robbins Company»-ը «Շնող» ՀԷԿ-ի կառուցման համար կտրամադրի 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա և կցուցաբերի տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում։
Իսկ 2018 թ-ի հունվարի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը», որում ընդգրկված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապեր ունեցող անձիք, որոնց համար նախատեսված են ամերիկյան պատժամիջոցները: Ցուցակի 210 անունների թվում նշված է Սամվել Կարապետյանի անունը: Հարց է առաջանում, թե ինչպես է Սամվել Կարապետյանն ամերիկյան ընկերության հետ կառուցելու «Շնող» ՀԷԿ-ը ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո:
76ՄՎտ դրվածքային հզորությամբ Շնող ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է մոտ 150-190 միլիոն ԱՄՆ դոլար։ Կայանն օգտագործելու է Դեբեդ և Մարց գետերի հիդրոէներգետիկ պաշարները։ Գլխամասը կառուցվելու է Դեբեդ գետի վրա, իսկ կայանը ունենալու է 22 կմ երկարությամբ ջրատար թունել միջանցիկ ամբարտակով՝ Մարց գետից ջուր հավաքելու համար:
Լուսանկարը` region.center
Փետրվար 09, 2018 at 11:55