Ստորագրահավաք՝ ընդդեմ Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից հիդրոէներգետիկ նախագծերի ֆինանսավորման

Ստորագրահավաք՝ ընդդեմ Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից հիդրոէներգետիկ նախագծերի ֆինանսավորման

ԷկոԼուր

Բնապահպանական կազմակերպությունները ստորագրահավաք են սկսել, որով դեմ են արտահայտվում ՄԱԿ-ի Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից հիդրոէներգետիկ նախագծերի ֆինանսավորմանը։

ՄԱԿ-ի Կանաչ կլիմայական հիմնադրամը ներկայում դիտարկում է հիդրոէներգետիկայի ոլորտի 3 նախագծերի ֆինանսավորման հարցը, մասնավորապես, Սոլոմոնյան կղզիներում՝ Թինա գետի վրա հիդրոէներգետիկ նախագիծը, Նեպալում՝ «Վերին Թրիշուլի-1» նախագիծը և Տաջիկստանում «Քայրոկում» հիդրոէլեկտրակայանի վերականգման նախագիծը։ Այս մասին Թբիլիսիում անցկացվող  «Rivergathering» միջազգային հավաքի ընթացքում ասաց «International Rivers» կազմակեպության քաղաքականության գծով տնօրեն Ջոշ Կլեմնը։ Նա նշեց, որ հիմնադրամի այս մոտեցումն անհանգստացնող է և որ պետք այս հարցին հնչեղություն տալ։  Իրենց ելույթներում հավաքի մասնակիցները նշեցին, որ  հիդրոէներգետիկան կանաչ էներգետիկա չէ և նպաստում է  կլիմայի փոփոխությանը։

Բրենթ Միլիկանը Բրազիլիայից իր ելույթում մասնավորապես ասաց, որ ջրամբարներն արտանետում են ջերմոցային գազեր, մասնավորապես մեթան և ածխաթթու գազ։ Սակայն ջրամբարներից ջերմոցային գազերի արտանետումներն ամբողջովին գնահատված չեն։ Գնահատված չէ նաև ՀԷԿ-երի գործունեությամբ պայմանավորված անտառի կորուստները։ «Հիդրոէներգետիկան չպետք է համարվի կանաչ կամ մաքուր էներգետիկա»,- եզրափակեց նա։ Հարավային Աֆրիկայի, Ուգանդայի, Թայլանդի ներկայացուցիչները հատկապես ընդգծեցին, որ իրենց երկրներում կլիմայի փոխոխությունն արդեն իսկ խիստ արտահայտված է։ Մասնավորպես, Հարավային Աֆրիկայում գրանցվում են ջրհեղեղներ, մի բան, որ նախկինում չի դիտվել։ Ուգանդայում ցամաքում են Վամալա և Վիկտորիա լճերը, իսկ Թայլանդում ջրհեղեղներ են լինում եղանակային չոր ժամանակահատվածում և հակառակը։ Նրանք կլիմայի փոփոխությանը նպաստող գործոններից նշեցին հիդրոէներգետիկան։

«Rivergathering» միջազգային հավաքի շատ մասնակիցներ միացան Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից հիդրոէներգետիկայի ոլորտի ֆինանսավորմանը ոչ ասող ստորագրահավաքին։ Նրանց թվում է նաև «ԷկոԼուր»-ը։

Հիշեցնենք, որ մարտի 28-31-ը Վրաստանի Թբիլիսի մայրաքաղաքում անցկացվում է «Rivergathering» միջազգային հավաքը, որտեղ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ քննարկում են հիդրոէներգետիկայի զարգացման հետևանքով գետերին սպառնացող վտանգները, մարդու իրավունքների պաշտպանության, պայքարի տարբեր մեխանիզմների կիրառման, կլիմայի փոփոխության վրա հիդրոէներգետիկայի ազդեցության, այս ոլորտում ֆինանսական ինստիտուտների վարած քաղաքականության հարցերը, փոխանակում իրենց փորձը, ձեռք բերում գործընկերներ։ Միջոցառումը կազմակերպել են՝ «CEE Bankwatch Network» «International Rivers», «Green Alternative» կազմակերպությունները` Եվրոմիության աջակցությամբ։ 

 

11:42 Մարտ 30, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news