Թբիլիսիում քննարկում են գետերի պաշտպանության հարցերը հիդրոէներգետիկայի ազդեցությունից

Թբիլիսիում քննարկում են գետերի պաշտպանության հարցերը հիդրոէներգետիկայի ազդեցությունից

ԷկոԼուր

Գետերի խնդիրը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հավաքել է աշխարհի տարբեր անկյուններից քաղաքացիական հասարակության շուրջ 80 ներկայացուցիչ։ Նրանք հավաքվել են՝ «Rivergathering» միջազգային կոնֆերանսի շրջանակներում քննարկելու հիդրոէներգետիկայի զարգացման հետևանքով գետերին սպառնացող վտանգները, մարդու իրավունքների պաշտպանության, պայքարի տարբեր մեխանիզմների կիրառման, կլիմայի փոփոխության վրա հիդրոէներգետիկայի ազդեցության, այս ոլորտում ֆինանսական ինստիտուտների վարած քաղաքականության հարցերը, փոխանակելու իրենց ձեռք բերած փորձը, գտնելու գործընկերներ։ Միջոցառումը կազմակերպել են «CEE Bankwatch Network» «International Rivers», «Green Alternative» կազմակերպությունները` Եվրամիության աջակցությամբ։  Միջոցառումը մեկնարկեց մարտի 28-ին և կշարունակվի մինչև մարտի 31-ը։

«Գետերի նկատմամբ վտանգներն  ավելի լուրջ են դառնում։ Մենք պետք է պաշտպանենք ջրային ռեսուրսները։ Այստեղ հավաքվել է գետերը պաշտպանող կոնտիգենտը։ Մենք կարող ենք կիսվել մեր փորձով և հասկանալ, թե ինչպես ավելի արդյունավետ աշխատենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ գետերի հարցերն ազգային և միջազգային մակարդակով քննարկվեն», - իր ողջույնի խոսքում ասաց «International Rivers» կազմակերպության գործադիր տնօրեն Քեյթ Հորները։

Ողջունելով «Rivergathering»-ի մասնակիցներին՝  «CEE Bankwatch Network» կազմակերպության քարոզարշավների գծով տնօրեն Փիթր Հլոբիլը նշեց, որ հավաքն անցկացվում է մի երկրում, որտեղ պետությունը զարկ է տալիս հիդրոէներգետիկայի զարգացմանը։ Նա մասնավորապես օրինակ բերեց Վրաստանի Սվանեցի շրջանը, որտեղ պետք է հիդրոէլեկտրակայաններ աշխատեն և նշեց, որ տեղի բնակչությունը կզրկվի գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից և նրանց հարկավոր է օգնել:

«ՀԷԿ-երի պատճառով շատ մարդիկ տարհանվել են, կլիմայական պայմանները վատացել են, տեղի բերքատվությունը վատացել է»,- հիդրոէներգետիկայի արդյունքում առաջացած խնդիրների մասին նշեց «CEE Bankwatch Network» կազմակերպության Կենտրոնական եւ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային համակարգող, «Կանաչ այլընտրանք» բնապահպանական կազմակերպության նախագահ Մանանա Կոչլադզեն։ Ըստ նրա՝ կառավարությունը պետք է հրաժարվի մեծ պատվարների կառուցումից:

«Ecopeace» կազմակերպության ներկայացուցիչը Իսրայելից՝ Միրա Էդելսթեյնը, ներկայացրեց Միջին Արևելքի գետավազանների խնդիրները՝ նշելով, որ այս տարածքում պատերազմները կարող են լինել ջրի համար, քանի որ նկատվում է ջրի սուր պահանջ։ Իր ելույթում նա հատուկ անդրադարձավ Հորդանան գետին և նշեց, որ սուրբ համարվող այս գետը աղտոտված է, գետի հունը փոխվել է, իսկ պատվարների թիվն անհաշվելի է։ Վերջին 50 տարիների ընթացքում Հորդանան գետի հոսքը 1,3 միլիարդ խմ-ից կրճատվել է 30 միլիոն խմ-ի։ Իսրայելը, Հորդանանը և Սիրիան Հորդանան գետից վերցնում են այնքան մաքուր ջուր, որքան կարող են, և գետ են լցվում կոյուղաջրեր։ Քանի որ գետի մեծ մասը գտնվում է փակ ռազմական գոտում, որն անհասանելի է մարդկանց համար, շատերը չգիտեն, որ գետը ցամաքում է։

Միրա Էդելսթեյնի խոսքով` երկարամյա քարոզչական աշխատանքի արդյունքում կառավարություններն առաջին քայլերն են ձեռնարկում հոսքաջրեր գետ չլցնելու ուղղությամբ։ Տեղադրվում են նոր մաքրման կայաններ։ 49 տարի անց՝ 2013թ-ին, Իսրայելի ջրային ռեսուրսների կառավարման մարմնի կողմից գետ է լցվել 9 միլիոն խմ մաքուր ջուր։ Մինչև 2017թ-ը այդ ցուցանիշը պետք է հասցվի 30 միլիոն խմ-ի։ Սակայն գետի էկոլոգիական վերականգնման համար դեռ անելիքներ շատ կան։

Կոլումբացի բնապահպան Խուան Պաբլո Սոլերը, ներկայացնելով Կոլումբիայում և Լատինական Ամերիկայում տիրող իրավիճակը, մասնավորապես ասաց․ «Մեր իրավունքները ոտնահարվում են, մեր բերքատու հողերը օտարվում են պատվարների համար»: Նա նշեց, որ Լատինական Ամերիկայում 130 ակտիվիստ է սպանվել, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվել։

Վանգ Յոնգչենը Չինաստանից իր ելույթում նշեց, որ 1 միլիոն մարդ կարող է կանգնել ոռոգման և ձկնորսությունից զրկվելու խնդրի առաջ, քանի որ նախատեսվում է Մեկոնգ գետի վրա 4 խոշոր պատվար կառուցել։ 3-ի շինարարությունը սկսվել է։ Տեղի հասարակությունն ամեն ինչ անում է՝ խոչընդոտելու պատվարների կառուցումը։

Ռուսաստանից Ալեքսանդր Կոլոտովը նշեց, որ անցած տարի նախաձեռնություն է եղել Սիբիրում հիդրէլեկտրակայաններ և ատոմակայան կառուցել և էլեկտրաէներգիան վաճառել Չինասատանին։ Սակայն հասարակության պայքարի շնորհիվ ծրագիրը չի իրականացվել։

Կոնֆերանսի 1-ին օրը զեկուցումներով հանդես եկան բանախոսներ Հնդկաստանից, Կոլումբիայից, Չինաստանից, Իսրայելից, Մակեդոնիայից, Ռուսաստանից, Թայլանդից, Հարավային Աֆրիկայից, ԱՄՆ-ից, Չիլիից, Նորվեգիայից, Մյանմարից, Նիդեռլանդներից, Չեխիայից, Նիգերիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Զիմբաբվեից, Բրազիլիայից։ Ներկայացված բոլոր  երկրների խնդիրները գրեթե նույնն են` ջրի պակաս, մարդկանց իրավունքների ոտնահարում, բերքատվության անկում, բնակչության տարհանում։

 

16:37 Մարտ 29, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news