Փոքր ՀԷԿ-երի առողջացման ծրագիրն արդեն գործում է (Լուսանկարներ)

Փոքր ՀԷԿ-երի առողջացման ծրագիրն արդեն գործում է (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

ԷկոԼուրի և ՀՀ բնապահպանության նախարարության ՓՀԷԿ-երի համատեղ ծրագրի արդյունքում Հայաստանի փոքր ՀԷԿ-երում իրականացվում է առողջացման ծրագիր: Այս մասին իր ելույթում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը հունիսի 21-ին ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառման ժամանակ:

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրը մշտադիտարկել է ՀՀ Սյունքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերի  48 գետերի և 3 ջրաղբյուրների վրա կառուցված 87 փոքր ՀԷԿ: Ծրագիրն իրականացվել է ԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

«ՓՀԷԿ-երի մշտադիտարկումների արդյունքները վկայում են այն մասին, որ մենք խնդիրներ ունենք փոքր ՀԷԿ-երի գործունեության հետ՝ սկսած նախագծային փուլից և ավարտված շահագործման փուլով: ՀՀ բնապահպանության նախարարի կողմից ընդունվեց որոշում, որ մշակվեն առողջացման ծրագրեր կոնկրետ յուրաքանչյուր փոքր ՀԷԿ-ի համար, որ տվյալ ՓՀԷԿ-ը գա իրավական դաշտ: Այդ առողջացման ծրագրերի մշակման գործընթացը հիմա ընթացքի մեջ է»- ասաց Սիմոն Պապյանը: Նա հայտնեց, որ ոլորտի բարեփոխումների համար մշակվել են իրավական փաստաթղթեր: «Ծրագրի արդյունքները վկայում են, որ մենք բավականին խնդիրներ ունենք գետերի ծանրաբեռնվածության տեսանկյունից: Մենք հիմա շրջանառության մեջ ենք դրել գետերի ծանրաբեռնվածության սահմանային չափը սահմանելու կառավարության որոշման նախագիծը: Հիմա փոփոխությունների փաթեթ է նախապատրաստվում Ջրային օրենսգրքում, մենք արդեն շրջանառության մեջ ենք դրել ջրօգտագործման թույլտվությունների նոր տարբերակը: Այդ բոլոր փաստաթղթերը դրված են մեր կայքում, և մենք ակնկալում ենք, որ ձեր կողմից կստանանք առաջարկություններ»,- ասաց Սիմոն Պապյանը:

«Ծրագիրն, իսկապես, բավականին կարճ ժամանակում շատ մեծ և արժեքավոր աշխատանք է կատարել, ի հայտ է բերել մի շարք իրավական խնդիրներ, օրենքի կիրառման հետ կապված հարցեր, բայց ամենակարևոր խնդիրներից մեկը էկոհամակարգային ծառայությունների գնահատման բացակայությունն է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում, առանց որի պարզապես անհնար է ունենալ օբյեկտիվ պատկեր»,- ասաց ՄԱԶԾ բնապահպանական ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ ծրագրի հիմնական դասն այն է, որ մինչև մեծ ներդրումային ծրագրերը սկսելն անհրաժեշտ է անցկացնել հստակ բնապահպանական և սոցիալ-տնտեսական գնահատական, որից հետո ճշգրտումներ մտցնել իրավական դաշտում, այնուհետև անցնել ֆինանսավորման փուլին: «Ես կցանկանայի նաև անդրադառնալ մեր դերակատարմանը և նշել, որ բոլոր զարգացման գործակալությունները, մի գուցե, իրենց վրա պետք է վերցնեն ավելի մեծ բեռ և պատասխանատվություն՝ նմանատիպ ուսումնասիրությունները հաշվարկեն և խրախուսեն՝ ավելի հստակ դաշտ ձևավորելու, գիտելիքները փոխանակելու, պետությանը և հասարակական սեկտորին աջակցելու համար, որպեսզի համագործակցությունն ավելի արդյունավետ լինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ծրագրի համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը տեղեկացրեց, որ ծրագրի արդյունքում ստեղծված տեղեկատվական բազայի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունը ՓՀԷԿ-երին տրամադրելու է էկո-անձնագրեր: «Էկո-անձնագիրը մի փաստաթուղթ է, որտեղ ներառված է ինչպես բնապահպանական, էներգետիկ, նաև այլ կարգի տեղեկատվություն: Դա բոլոր ՀԷԿ-երը կունենան: Մենք նաև մտածում ենք կանաչ անձնագրերի մասին, որոնք կունենան այն փոքր ՀԷԿ-երը, որոնք իրենց գործունեությունը կազմակերպում են շրջակա միջավայրին մինիմալ կամ ընդհանրապես առանց որևէ վնաս հացնելու: Այն փոքր ՀԷԿ-երը, որոնք կունենան այս անձնագրերը, կօգտվեն նաև որոշակի բոնուսային առավելություններից»,- ասաց Աշոտ Ավալյանը:

 

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ՓՀԷԿ-երի սարքավորումների վերաբերյալ 60 ստանդարտ է մշակել, որը ուղարկվել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողով հաստատման համար: «Այսուհետ արդեն նոր կառուցվող, վերակառուցվող փոքր ՀԷԿ-երի համար արդեն հստակ ստանդարտներ է լինելու, թե ինչ սարքավորումներ կարող են տեղադրել»,- ասաց Հայկ Հարությունյանը և հավելեց, որ այս տարի մշակվում նաև է հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգ:

ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը հայտնեց, որ մշակվում է բնապահպանական թողքի նոր մեթոդաբանություն, քանի որ ներկայիս կառավարության որոշմամբ սահմանված բնապահպանական թողքը չի ապահովում էկոլոգիական հավասարակշռություն: «Բնապահպանության նախարարությունը դիմեց USAID-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրին, որի շրջանակներում մշակվեց էկոլոգիական թողքի պահպանման մեթոդիկա: Հիմա արդեն իսկ մշակված մեթոդիկայի վրա կատարվում են նորից ուղղումներ, շտկումներ, որ կարողանանք ստանալ հստակ մի մեթոդիկա.  ըստ տարբեր սեզոնային թվերի, տարբեր ամիսների համապատասխան մենք կունենանք էկոլոգիական մեծություններ, այնինչ հիմա ամբողջ տարվա համար մի էկոլոգիական թողքի մեծություն է, և մենք դա իրոք համարում ենք բաց»,- ասաց Վահան Դավթյանը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը նշեց, որ Հայաստանում ՓՀԷԿ-երը կառուցվել են՝ չառաջնորդվելով Փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայով:  «Իրականության մեջ, ցավոք սրտի, այդ սխեման զուտ առաջարկի տեսքով էր, զուտ ինֆորմացիայի տեսքով, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, երբ լիցենզիա էր տալիս, չէր առաջնորդվում սխեմայով: Բայց առնվազն բնապահպանական թույլտվություն տալու ժամանակ, կարծում եմ, դա պետք է միանշանակ հաշվի առնվեր, ինչը չի արվել»,- ասաց Թամարա Բաբայանը:

 

ՓՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը մշտադիտարկված ՓՀԷԿ-երի վատ վիճակը պայմանավորեց ֆինանսների սղությամբ: «Պետք է արձանագրել, որ այն ՀԷԿ-երը, որոնք անցել են մոնիտորինգ, բավականին վատերն ավելի շատ են, քան թե լավերը, որը միմիայն ֆինանսական հոսքերի հետ է կապված, քանի որ մարդիկ փորձել են ավելի էժան, ավելի անորակ ինչ-որ կերպ ՀԷԿ-երը կառուցել, արագ փորձել աշխատանքի բերել, և դրա համար և ՕԳԳ-ն է ցածր, և  սարքավորումներն են վատ: … ՀԷԿ-երը, որը դուք բերել եք և նկարներ կան, իհարկե, ես չեմ ընդունում այդ նկարները, քանի որ ՀԷԿ-երը մեր Հայաստանում սեզոնային են, նկարներ կան, որ արվել են ոչ սեզոնի ժամանակ, այսինքն, երբ որ սակավաջրություն է եղել: Երկրորդը, բավականին խիստ պայմաններ պետք է լինեն, որ ՀԷԿ-ը փակվի, որովհետև ամեն մի ՀԷԿ փակվելուց մենք ունենում ենք ավելի քիչ արտադրանք,  որը վատ կազդի մեր էներգոհամակարգի վրա»,- ասաց Նաիրա Նահապետյանը:

Ծրագրի փորձագետ, աշխարհագրագետ  Լևոն Գալստյանը ՓՀԷԿ ոլորտի խնդիրներից առանձնացրեց 3 խնդիր՝ բնապահպանական թողքի խնդիրը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում 0-ից մինչև 1 ՄՎտ հզորությամբ ՓՀԷԿ-երը Գ կատեգորիայից Բ կատեգորիա տեղափոխելու խնդիրը, քանի որ ՓՀԷԿ-երը Գ կատեգորիայում փորձաքննություն չեն անցնում, և ՓՀԷԿ-երի հզորությունը մինչև 30 ՄՎտ դարձնելու ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբեր 8-ի «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» 1300–Ա որոշումը: «Ուզում եմ հատուկ անդրադառնալ «Ձորահէկ» ՀԷԿ-ին, որը փոքր ՀԷԿ չէ: Ամբողջ համաշխարհային պրակտիկայում չկա նման բան, որ փոքր ՀԷԿ-ը լինի 10 ՄՎտ-ից ավելի: Հայաստանում, չգիտես ինչի, 2011 թվականին որոշեցին, որ փոքր ՀԷԿ-երը մինչև 30 ՄՎտ են, քանի որ այդ տարի ինչ-որ մեկը սեփականաշնորհեց «Ձորահէկը»՝ 1926 թվականին կառուցված»:

Քննարկման մասնակիցները կարևորեցին ծրագրով կատարված աշխատանքը և հույս հայտնեցին, որ կմշտադիտարկվեն  գետերի վրա կառուցված մնացած մյուս ՓՀԷԿ-երը ևս, և  ոլորտի բարեփոխումներին ուղղված համագործակցությունը ավելի կխորանա:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, ծրագրի համակարգող Ինգա Զարաֆյանը շնորհակալություն հայտնեց դոնոր  կազմակերպությանը, ՀՀ բնապահպանության, ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին,  փոքր ՀԷԿ-երի սեփականատերերին, ծրագրի համակարգող կոմիտեին՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց ծրագրի աշխատանքային խմբին՝ ծրագրի համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանին,   ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության հաշվառման և վերլուծության բաժնի պետ Ռոզա Ջուլհակյանին,  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների գործակալության  Արարատյան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ Պետրոս Շահնազարյանին,  ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հերիքնազ Մկրտչյանին, ՀՀ  բնապահպանության  նախարարության ‹‹Տեղեկատվական վերլուծական կենտրոն›› ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հովհաննես Ուրֆալյանին, ձկնաբան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Սամվել Պիպոյանին,   աշխարհագրագետ, «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Լևոն Գալստյանին, «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գրիգոր Գաբայան, «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի տնօրեն Ինեսսա Գաբայանին, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանին, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն իրավաբան Նազելի Վարդանյանին ծանր պայմաններում իրականացրած պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքի համար:

                                       Ինգա Զարաֆյան                                     Վիկտորյա Բուռնազյան

 

                                                 Մոնիկա Երիցյան

Ռոզա Ջուլհակյան

 

Հերիքնազ Մկրտչյան

 

Հովհաննես Ուրֆալյան

 

Պետրոս Շահնազարյան

 

Լևոն Գալստյան

 

Սամվել Պիպոյան

 

                                  Գրիգոր Գաբայան                                           Ինեսսա Գաբայան

 

Արամ Գաբրիելյան

 

Նազելի Վարդանյան

 

Արուսյակ Հարությունյան

 

                                    Հայկ Հակոբյան                                          Ռաֆիկ Հակոբյան

 


Հունիս 24, 2016 at 20:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր