«Վահան» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

«Վահան» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Վահան» փոքր ՀԷԿ: «Վահան» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Այգուտ համայնքի վարչական տարածքում:  ՓՀԷԿ-ը կառուցված է Գետիկ գետի Կարատոպրակ վտակի վրա: «Վահան» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԷրիկՓՀԷԿ» ՍՊԸ-ն:

Փորձագիտական խումբը չկարողացավ բարձրանալ ՓՀԷԿ-ի գլխամաս ճանապարհի անանցանելիության պատճառով: Դիտարկումները կատարվել են կայանում:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 520մ է, հաշվարկային ճնշումը՝ 450մ, հաշվարկային ելքը՝ 350լ/վ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի,  1300 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 1.352715 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 4.56մլն. կՎտ.ժամ է:  ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 30.05.2012-30.05.2027թթ. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 24.11.2011-24.03.2012թթ.:
  • Ջրառ հանգույցում կառուցվել է տիրոլյան տիպի ջրընդունիչ: Սակայն աշխատանքային նախագծով ջրընդունիչ կառուցվածքը ներկայացվել է  բետոնային ջրթափային  պատվարով և աsտիճանաձև ձկնանցարանով:
  • Կարատոպրակ գետում կարող է բնակվել միայն կարմրախայտը:
  • Ըստ նախագծի՝ նախատեսված է 500 մմ տրամագծով եւ 3500մ երկարությամբ պողպատե ճնշումային խողովակաշար: Խողովակաշարի անցկացման տարածքում իրականացվել է ծառահատում: Ըստ ՓՀԷԿ-ի տնօրենի` հատվել է 4-5 ծառ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թույլտվությամբ: Ծառահատումների  մասին տեղեկատվությունը բացակայել է աշխատանքային նախագծում և փորձաքննական եզրակացությունում:
  • ՋԹ-ի համաձայն՝ «Վահան» ՓՀԷԿ-ը կարող է ջրառ իրականացնել ամբողջ տարվա ընթացքում՝ ապահովելով 0.05խմ/վ բնապահպանական թողք:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է 2 չինական արտադրության հիդրոագրեգատ:
  • ՓՀԷԿ-ի գործունեությունը մասնակի ավտոմատացված է, ինչը չի ապահովում լիարժեք օպտիմալ շահագործում։
  • Տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և ցանկապատված է: Իրականացվել են կանաչապատման աշխատանքներ:  
  • Կեղտաջրերի հեռացման համար  կառուցվել է անջրթափանց հոր: Կենցաղային թափոնների հեռացման համար տեղադրված են աղբարկղեր:  
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Վահան» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 1066903 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ը մոտ է Ճամբարակի անտառտնտեսությանը եւ «Դիլիջան» ազգային պարկին:
  • 2014թ-ին ՓՀԷԿ-ում անցկացվել են տեսչական ստուգումներ, նշանակվել է 200 հազար դրամի վարչական տուգանք` ջրաչափ չունենալու համար:

Եզրակացություն

  • Կառուցվել է Տիրոլյան տիպի ջրառ հանգույց, որը չի խոչընդոտում ձկների միգրացիային։
  • Նմանատիպ փոքր հզորության կայանները սակավաջուր սeզոններին ընդհանրապես պետք է կանգնեն, իսկ ջրառատ սեզոնին մաքսիմալ օգտագործեն ջրային պաշարը։

Առաջարկություն

  • Պարզել, թե արդյոք ՓՀԷԿ-ը ջրառն իրականացնում է  ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների վերբարյալ ՀՀ կառավարության 20 հունվարի 2005 թվականի N 64-Ն որոշման համաձայն։
  • Տրանսֆորմատորների տակ տեղադրել յուղորսիչ:
 

Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Մայիս 03, 2016 at 18:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր