ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «ԱՐԵՆԻ ՀԷԿ» ՓՀԷԿ: ՓՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Արփա գետի վրա (երկարությունը 126կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԱՐԵՆԻ ՀԷԿ» ՓԲԸ-ն:
Փորձագիտական խմբին չթույլատրվեց մտնել ՓՀԷԿ-ի կայան:
Մասնակի դիտարկումների արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 12մ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի, 12մ է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 11.9մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի, 10.0 1մ3/վ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ 10.5 մ3/վ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 930 կՎտ է: ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ 01.01.2016թ-ի ցուցանիշների, 1.25777 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 5.4 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 25.06.1999-25.06.2029թթ.. է, կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 23.03.2012-23.07.2012թթ..:
- ՋԹ-ում նշված են դեռևս խորհրդային ժամանակ կառուցված և ներկայումս քանդված պատվարի կոորդինատները, իսկ նոր պատվարը դրանից մոտ 130 մետր գետի հոսանքով վերև է։ Ջրահեռացման կոորդինատները համապատասխանում են ՋԹ-ում նշված տվյալին:
- Բետոնե պատվարի երկարությունը 30 մ է, բարձրությունը՝ 2,5 մ։
- Պատվարի ձախ մասում կառուցված է 1,5 մ լայնությամբ և 2 մ երկարությամբ աստիճանաձև ձկնանցարան՝ 4 աստիճանով։ Աստիճանների բարձրությունը հասնում է մինչև 20-30սմ: Տվյալ ձկնանցարանը, եթե նրանով ջուր հոսի, անհաղթահարելի կլինի մանր ձկնատեսակների՝ տառեխիկի, լերկաձկան, ամուրյան նրբաձկնիկի համար: Մնացած ձկնատեսակները կարող են անցնել, դրանով սահմանված քանակով ջուր հոսելու դեպքում: Այստեղ խնդիրը ջրի բավարար քանակի ապահովումն է:
- Արփա գետի այն հատվածում, որտեղ կառուցված է «Արենի» ՓՀԷԿ-ը, հայտնի են հետևյալ ձկնատեսակները՝ ճանար, մուրծի, ծածան, ամուրյան նրբաձկնիկ, արևելյան տառեխիկ, Կուրի լերկաձուկ, արծաթափայլ կարաս, Կուրի սպիտակաձուկ, Կուրի բեղաձուկ, Սևանի կողակ (գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում), Կուրի կողակ, Կուրի ենթաբերան, կովկասյան թեփուղ, կարմրախայտ: Հնարավոր է նաև՝ հանդիպեն մանրաթեփուկը, հաշամը (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում), ծիածանախայտը:
- Պատվարի աջ կողմում կառուցված է մոտ 3 մ լայնությամբ և 1000 մ երկարությամբ ջրանցք, որով ջուրը տեղափոխվում է ՓՀԷԿ-ի կայան: Ջրանցքի միայն 130 մ հատվածն է նոր կառուցված, մնացածը խորհրդային տարիներին է կառուցվել: Կայանի մոտ ջրանցքից ջուրը մոտ 30 մ երկարությամբ 4 խողովակների միջոցով իջնում է դեպի ՓՀԷԿ-ի կայան: Ըստ նախագծի` նախատեսված է 900մ+165մերկարությամբ երկաթբետոնե ջրանցք, ապա 4 ճյուղ ունեցող 30 մ երկարությամբ 1220մմ տրամագծով խողովակաշարեր:
- «ԱՐԵՆԻ ՀԷԿ» ՓՀԷԿ-ի կառուցման ՋԹ-ով նախատեսված է ջրառ տարվա 12 ամիսների ընթացքում՝ գետում ապահովելով 0.525 մ3/վ բնապահպանական թողք: Նույնչափ բնապահպանական թողք նախատեսված է նաեւ նախագծով:
- Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարումն ու հաշվառումն ապահովված չէ:
- ՓՀԷԿ-ի շենքը խորհրդային տարիներին կառուցված շինություն է: Փորձագիտական խումբը կայանում չի եղել: Նախագծով նախատեսված է 4 ագրեգատ:
- Տրանսֆորմատորային կայանը ցանկապատված է:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Արենի ՀԷԿ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 3462970 կՎտ էլեկտրաէներգիա (հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 5.4 մլն.կՎտ.ժամ է):
- Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված է:
- Մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքներն են՝ «Ջերմուկի անտառային» եւ «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերը:
- Արփա գետի վրա կառուցված «ԱՐԵՆԻ ՀԷԿ» (դերիվացիայի երկարությունն, ըստ նախագծի 1095մ), «Ջերմուկ ՀԷԿ-2» (խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 3513մ), «Արփա» (խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 3020մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (7628մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ 6.05%: Արփայի վրա «Կեչուտ ՓՀԷԿ-1» (խողովակաշարի երկարությունն, ըստ ՀԾԿՀ-ի, 4000մ), «ՋԵՐՄՈՒԿ-1» (խողովակաշարի երկարությունն, ըստ ՀԾԿՀ-ի, 2357մ) ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում բոլոր ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (13985մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կկազմի 11.09%:
Առաջարկություններ
- Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
- Ձկնանցարանի աստիճանները կարելի է ընդհանրապես վերացնել։ Նույնը կարելի է ասել նաև պատվարի մասով, որն ամբողջովին փակում է գետի հունը և առաջացնում արհեստական լճակ։ Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ապրիլ 18, 2016 at 18:12