Հայաստանում փոքր ՀԷԿ-երի իրական խնդիրները և զարգացման հեռանկարները

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի իրական խնդիրները և զարգացման հեռանկարները

ԷկոԼուր

Ունի՞ արդյոք Հայաստանը նախադրյալներ կայուն էներգետիկ համակարգի զարգացման համար: Ստորև ներկայացնում ենք «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի տեսակետը, որը հնչեցվել է «Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք» քննարկման ժամանակ: Քննարկումն Երևանում կազմակերպել էր Հենրիխ Բելի անվան գերմանական հիմնադրամը:

«Հայաստանում փոքր ՀԷԿ-երի իրական խնդիրները և զարգացման հեռանկարները» զեկույցի հիմքում փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգի տվյալներն են («Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիր` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ) և սեփական ուսումնասիրությունները:

Ներկայումս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) տրամադրել է 173 լիցենզիա փոքր ՀԷԿ-երի համար՝ ընդհանուր 305.570 կՎտ հզորությամբ և էլեկտրաէներգիայի տարեկան 857.2 միլիոն կՎտ/ժ արտադրողականությամբ: Ներկայացված տվյալներին համապատասխան, ՓՀԷԿ-երը պետք է արտադրեն երկրում ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի 9 տոկոսը: Իրականում «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով, 2014 թվականին ՓՀԷԿ-երը արտադրել են 685 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը կազմել է սահմանված արտադրողականության 79 տոկոսը: Եթե վերահաշվարկվի արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակը, ապա ՓՀԷԿ-երի ներդրումն իջնում է մինչև 7.9 տոկոս:

Առանձնացնենք այն ՓՀԷԿ-երը, որոնք կառուցված են 47 բնական ջրահոսքերի վրա, որոնց ցուցակը կազմվել է ՀԾԿՀ-ի տվյալների հիման վրա: Այդպիսի ՓՀԷԿ-երը 120-ն են, որոնք կառուցված են բնական ջրահոսքերի վրա: Բնական ջրհոսքերը ոչ միայն գետերն են, այլ նաև փոքր վտակները և խմելու քաղցրահամ ջրի աղբյուրները, որոնց հաշվին ձևավորվում են գետային ավազանները:

Ծանրաբեռնվածությունը գետի վրա: Եղեգիս գետի մոդել:

ՀԾԿՀ-ն առաջնորդվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից առաջարկած ՓՀԷԿ-երի զարգացման սխեմայով, որը հաստատվել է 2009թ-ին:

Հատուկ սահմանափակումներ ՓՀԷԿ-երի կառուցման համար չկան, այդ իսկ պատճառով հաճախ ՓՀԷԿ-երը կառուցվում են կասկադի տեսքով, ինչն իրականում ավելացնում է ծանրաբեռնվածությունը գետերի վրա:

Եղեգիս գետը վառ օրինակ է, որով կարելի է տեսնել ՓՀԷԿ-երի հետ կապված խնդիրները:

Եղեգիս գետը հոսում է Վայոց ձորի մարզում և ունի մի քանի փոքր վտակներ: Եղեգիսի և նրա Կարակայա, Այսաս և Արտաբույնք վտակների վրա կառուցված է 17 ՓՀԷԿ: Եվս 3-ը կառուցման փուլում են: Եղեգիսի երկարությունը 47 կմ է, միայն այս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի քանակը 12-ն է, որոնց դերիվացիայի ընդհանուր երկարությունը 24.188 մ է: Կարակայա վտակի երկարությունը 15 կմ է, կառուցված ՓՀԷԿ-երի քանակը՝ 3, դերիվացիայի ընդհանուր երկարությունը 10.165 մ է: Այսաս վտակի երկարությունը 12 կմ է, կառուցված ՓՀԷԿ-երի քանակը՝ 2, դերիվացիայի ընդհանուր երկարությունը 5996 մ է: Արտաբույնք վտակի երկարությունը 18 կմ է, կառուցված ՓՀԷԿ-երի քանակը՝ 2, դերիվացիայի ընդհանուր երկարությունը 3628 մ է:

Եղեգիս գետի ավազանի ՓՀԷԿ-երի բացարձակ մեծամասնությունն իրենցից ներկայացնում են կասկադներ, որտեղ ջուրը, դուրս գալով կայանի խողովակից, միանգամից հոսում է հաջորդ ՓՀԷԿ-ի ջրատարը: Արդյունքում ծանրաբեռնվածությունը (դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ) Եղեգիս գետի վրա կազմում է 51.6 տոկոս, Կարակայայի վրա՝ 68 տոկոս, Այսասի վրա՝ 50 տոկոս, և միայն Արտաբույնքի դեպքում ծանրաբեռնվածությունը 20 տոկոս է:

Այսպիսով, գետային ավազանի էկոհամակարգը ծանրաբեռնված է, իսկ գետերի և վտակների հուները՝ սկսած ակունքներից մինչև Եղեգիսի՝ Արփա թափվելը, զբաղեցված է ՓՀԷԿ-երի համար բնորոշ ենթակառուցվածքներով՝ պատվարներ, խողովակաշարեր, հիդրոէլեկտրակայաններ և տրանսֆորմատորային ենթակայաններ:

Ծանրաբեռնվածությունն ավելանում է նաև ոռոգման համակարգերի հաշվին, որոնք անվերադարձ ջուր են վերցնում Եղեգիս գետից: Ջրառի որոշակի կետերում ՓՀԷԿ-երը ջուր են վերցնում նաև այդ համակարգերից: Էներգետիկ կամ գյուղատնտեսական նպատակներով նման չկարգավորված ջրառը բնորոշ է շատ ուսումնասիրված ավազանների: 

Ջրաչափերի և գետերի հոսքերի պարբերական դիտարկումների բացակայությունը ջրառի կետերում պատճառ է դառնում ավելի շատ ջրառի, քան կարող է տալ գետը, ինչի արդյունքում վերոնշյալ ընդհանուր դերիվացիայի հատվածում բնապահպանական թողքը հասնում է կրիտիկական ցածր ցուցանիշի:

Անհրաժեշտ քանակությունից ավել ջրառը բացատրվում է մի քանի պատճառներով.

- հաշվարկված ջրահոսքի անհամապատասխանությունն իրականության

- ցածր ՕԳԳ-ով անորակ սարքավորումները

- ջրառի և բնապահպանական թողքի վերահսկողության բացակայությունը:

Գետի ավազանը պոտենցիալ հարուստ է տարբեր ձկնատեսակներով, այդ թվում էնդեմիկ և կարմիրգրքյան: Փոքր ՀԷԿ-երի մեծ մասի ձկնանցարանները կառուցված են սխալ, իսկ ձկնապաշտպան ցանցերն իրենցից ներկայացնում են աղբորսիչներ: Ճեղքերի չափսերը շատ մեծ են, որպեսզի կարողանան արգելել ձկների մուտքը դեպի խողովակաշար: Արդյունքում ձկները չեն կարողանում բարձրանալ ձվադրման, և, անցնելով ցանցի միջով, հայտնվում են ՓՀԷԿ-ի տուրբինում: Եղեգիս գետը, երբեմնի հարուստ ձկներով, կորցնում է իր ձկնային պաշարները: Եղեգիս գետը  ջրարբիացման վայր է Եղեգիսի կիրճում բնակվող կարմիրգրքյան կենդանիների համար, մասնավորապես Բեզոարյան այծի: Սակայն ՓՀԷԿ-երի համար արգելված գոտիների բացակայությունը կարող է պատճառ դառնալ դրանց պոպուլացիայի նվազման:

Ներկայումս ՓՀԷԿ-երի ուսումնասիրությունների տեղեկատվական բազան և փորձագետների առաջարկությունները փոխանցվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը, որը մտադիր է իրականացնել փոքր ՀԷԿ-երի ոլորտում առողջացման ծրագիր:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

15:26 Մարտ 11, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news