ԷկոԼուր
«Ապահով տանիք» ՍՊԸ-ն, որը շահագործում է Լոռու մարզի Տանձուտ գետի վրա կառուցված «Վահագնի» փոքր ՀԷԿ-ը արձագանքել է ԷկոԼուրի կայքում հրապարակված ««Վահագնի» փոքր ՀԷԿ, մոնիտորինգի արդյունքներ» նյութին:
ԷկոԼուրին ուղարկված «Ապահով տանիք» ՍՊԸ-ի տնօրեն Մ. Արամյանի նամակում ասված է.
«Ծանոթացա 2016թ. հունվարի 18-ին Ձեր կազմակերպության կայքում զետեղված «Վահագնի» ՓՀԷԿ-ի մոնիտորինգի արդյունքներին: Իրականացած աշխատանքների և ներկայացված առաջարկների համար իմ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը: «Ապահով Տանիք» ՍՊԸ-ն քննարկել է Ձեր կողմից արված առաջարկները, որի վերաբերյալ հայտնում եմ հետևյալը`
- Ջրընդունիչի հանգույցը ավտոմատ կառավարման համակարգով և չափիչ սարքավորումներով ապահովելու Ձեր առաջարկը հնարավոր չէ իրականացնել տեխնիկական և մասնագիտական լուծումների բացակայության պատճառով: Սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը պահպանվում է, իսկ ինչ վերաբերվում է ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակին, ապա հայտնում եմ, որ ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի տրամագծի փոքր(0.7մ.) լինելու պաճառով ՓՀԷԿ-ը տարեկան օգտագործում է թույլատրելի ջրի 75-80 տոկոսը:
- 2016թ. գարնանը ՓՀԷԿ-ի ջրընդունիչի հանգույցում նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ` իսկ ձկնուղին ամբողջությամբ կվերակառուցվի այնպես, որպեսզի ապահովվի ձկների պահպանությունը և հուսալի տեղաշարժը, բնապահպանական ելքի անարգել հոսքը:
- Ձկնապաշտպան ցանցեր տեղադրված են ըստ նախագծի և ծառայում են իրենց նպատակին:
- Ջրընդունիչ հանգույցում ջրաբերուկներից կուտակված աղբը հեռացվել է, միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վանաձոր քաղաքի աղբահանությունն իրակնացնող ընկերության հետ` կազմակերպելու տարածքի հետագա աղբահանությունը:
- Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով կայանի վերազինումը ժամանակակից սարքավորումներով հնարավոր չէ, քանի դեռ կազմակերպությունը վարկային պարտավորությունները բանկի նկատմամբ չի ավարտել: Այն նախատեսվում է իրականացնել 2018թ-ին:
- Հայտնում եմ Ձեզ նաև, որ ՓՀԷԿ-ի պատվարը համապատասխանում է Տանձուտ գետի հունի լայնական ուղղահայաց կտրվածին, իսկ բարձրությունը չափվում է ջրաթափ հատվածում գետի հունի հատակից, որը համապատասխանում է նախագծային չափին:
- «Վահագնի» ՓՀԷԿ-ի ճնշման խողովակաշարի երկարության մասին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքում նշված տվյալները ճշգրիտ են: Առկա 16200-ից 3800 մ կառուցվել է «Ապահով տանիք» ՍՊԸ-ի կողմից իսկ 12400մ առկա է եղել:
- «Վահագնի» ՓՀԷԿ-ն օգտվում է կայանի հարևանությամբ գտնվող երկաթգծի ուժային հանգույցի տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհից, այլ ոչ թե համայնքի բնակչին պատկանող տարածքից, իսկ կայանի առաջացրած աղմուկի կապակցությամբ հայտնում եմ, որ նույն բնակչի բողոքի հիման վրա Լոռու մարզի Սանէպիտ կայանի կողմից չափումներ են իրականացվել ՓՀԷԿ-ի տարածքում, որի համաձայն չափումները համապատասխանում են գործող նորմերին:
Շնորհակալություն համագործակցության համար:
Տնօրեն՝ Մ. Արամյան»:
Ստորեւ ներկայացնում ենք «Ապահով տանիք» ՍՊԸ-ի տրամադրած «Վահագնի» ՓՀԷԿ-ի լուսանկարները:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 26, 2016 at 13:27