«Արջաձոր» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

«Արջաձոր» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Արջաձոր» փոքր ՀԷԿ: «Արջաձոր» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի  վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Արջաձոր գետի վրա (գետի երկարությունը՝ 7.5կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Արջաձոր» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը նախագծում նշված չէ: Ըստ նախագծի՝ հաշվարկային ճնշումը` 114.4մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը0.8մ3/վ է, դրվածքային հզորությունը  738 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկանքի, 1.13976 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը՝ 2.37 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 25.04.2012- 25.04.2027թթ., ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 27.04.2011-27.08.2011թթ.:
  • Կառուցված գլխամասային հանգույցը չի համապատասխանում նախագծային լուծումներին: Նախագծով նախատեսված է 15մ երկարությամբ, 2.5մ բարձրությամբ բետոնային պատվար, սակայն իրականում կառուցված պատվարն ունի 9մ երկարություն, 2մ բարձրություն:
  • Բնապահպանական թողքը Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված է 0.025 խմ/վ:
  • Դիտարկամն պահին բնապահպանական ելքը գետ էր բաց թողնվում ՓՀԷԿ-ի համար իրականացվող ջրառի հատվածից` անկազմակերպ ջրթափի տեսքով: Նախագծով բնապահպանական ելքը պետք է բաց թողնվեր 18մ երկարությամբ աստիճանաձև ձկնուղու միջոցով:
  • Ձկնանցարանի գագաթի նիշն ավելի բարձր է, քան ջրառի նիշը, ինչի պատճառով ձկնուղին ամբողջովին չոր էր։ Ձկնանցարանը բոլորովին չի համապատասխանում նախագծին։ Այդ կառույցը նախագծային 18 մետրի փոխարեն ունի  7մ երկարություն, 1մ լայնություն:
  • ՓՀԷԿ-ը ձկնապաշտպան կառույց չունի:
  • Արջաձոր գետի այն հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, կարող են հանդիպել կարմրախայտը,  Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկ:
  • 1385 մետր երկարությամբ ճնշումային խողովակաշարի անցկացման տեխնիկական լուծումները համապատասխանում են նախագծին: Այն ամբողջովին տեղադրված է խրամուղում: Խողովակաշարի անցկացման տարածքներն ամբողջովին ռեկուլտիվացված են՝ վերականգնված բուսաշերտով:
  • Արջաձոր գետի վրա կառուցված «Արջաձոր»  ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 18.46%:
  • ՓՀԷԿ-ի շենքում  նախագծին համապատասխան տեղադրված են տեղական «Խորդա» ՍՊԸ-ի կողմից արտադրված երկու ագրեգատներ: Աշխատում էր մի ագրեգատը, ինչն աշխատակցի կողմից հիմնավորվեց գետում ջրի ոչ բավարար քանակով:
  • Համաձայն նախագծի ջրատնտեսական հաշվարկների` ՓՀԷԿ-ը պետք է աշխատի ամբողջ տարվա ընթացքում: Սակայն ՓՀԷԿ-ի 2 ագրեգատները միասին աշխատում են տարվա մեջ ընդամենը 1-2 ամիս, իսկ 4-5 ամիս ՓՀԷԿ-ի աշխատանքն ընդհանրապես կանգնում է:
  • Կայանային հանգույցի տարածքը  բարեկարգ չէր:
  • 2 տարի առաջ կայանի տարածքում իրականացվել է ծառատունկ:
  • Ցանկապատված է միայն ՓՀԷԿ-ի  տրանսֆորմատորային ենթակայանը: Այնտեղ տեղադրված են երկու տրանսֆորմատորներ, որոնք կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար, նախագծային լուծումների  համաձայն, կառուցվել է զուգարան /անջրթափանց հորով/:
  • Լանդշաֆտի խախտում, սողանքային երեւույթներ չկան:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափիչ սարք ջրառում չկա:
  • Կայանային հանգույցում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:

Եզրակացություն

«Արջաձոր» ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի ցածր արտադրողականությունը և շեղումը նախագծային ցուցանիշներից պայմանավորված է հետևյալ գործոններով՝

  • ոչ ճիշտ  հիդրոլոգիական ուսումնասիրություններ
  •  ոչ հիմնավոր ջրատնտեսական հաշվարկներ
  • ագրեգատների ցածր տեխնիկական արդյունավետություն:

Նախագծային լուծումներից շեղումը կարող է առաջացնել լրացուցիչ բնապահպանական ծանրաբեռնվածություն գետային էկոհամակարգի և շրջակա տարածքների վրա:

Առաջարկություններ` 

  • Իրականացնել ջրընդունիչ հանգույցի վերակառուցման աշխատանքներ:
  • Իրականացնել բնապահպանական ելքի չափաքանակի հսկողություն:
  • Ագրեգատները փոխարինել բարձր տեխնիկական արդյունավետությամբ ագրեգատներով:
  • Ջրառում տեղադրել համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ եւ ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ:
  • Տեղադրել տրանսֆորմատորների տակ  յուղորսիչներ։
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:31 Սեպտեմբեր 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news