ԷկոԼուր
Արմավիրի մարզի Ապագա գյուղը հայտնի էր իր հարուստ ջրային պաշարներով: Այսօր գյուղի ջրային ռեսուրսները նվազել են, և բնակիչների համար ջուրն ավելի թանկ է արժենում, քանի որ ջուր մղելու համար օգտագործում են պոմպեր, որոնք աշխատում են էլեկտրաէներգիայով: Ստորգետնյա ջրերի հորիզոնների իջեցման արդյունքում Ապագայում նախկինում գործող 17 ձկնաբուծարաններից մնացել են 2-3-ը:
«Մեր գյուղն ամենահարուստն էր ջրով: Ինքնահոսն այն ժամանակ այնքան ուժեղ էր, որ առանց պոմպի մինչև երկրորդ հարկ ջուր էր տանում: 2000-ական թթ. այս գյուղը ջրի մեջ կորած էր, սելավներ էին լինում, այնքան էր վարարում Սևջուր գետը, վտակները: Ամեն գարուն այս օրերին ջրհեղեղ էր: Բայց հիմա ցամաքել է, Ակնալճի մակարդակն էլ է շատ իջել: Արդեն մի 10 տարի է, ինչ Մասիսի շրջանում ձկնաբուծարանների համար սկսեցին անխնա արտեզյան հորեր ծակել, հետն էլ՝ ամեն մեկը մի 5 հատ ու 500-1000 լիտրանոց, մեր ինքնահոս ջրերը պրծավ: Այն ժամանակ պետք է թույլ չտային այդքան հորեր փորելը: Առաջ 200 լ/վրկ-ում շփում էր ջուրը, հիմա առանց պոմպի չի լինի: Տնամերձերում էլ 7-8 մ փորում ես, որ ջուր գա այն դեպքում, որ տարիներ առաջ 2 մ-ից էր ջուր հանում»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Ապագայի համայնքապետ Պետրոս Ավագյանը:
Նա նշեց, որ գյուղը ջրազրկվում է անձրևի ժամանակ, քանի որ մաշվածության պատճառով անձրևից էլեկտրահաղորդման համակարգը խոնավանում է և խափանվում` հոսանքազրկելով ամբողջ գյուղը: Հետևաբար, պոմպերն էլ չեն աշխատում: Լինում են նաև հոսանքի տատանումներ, որոնց արդյունքում վնասվում է տեխնիկան: «Մի տարի ամբողջ գյուղի 70-80 տոկոս բնակչության էլեկտրատեխնիկան վնասվեց` հեռուստացույց, համակարգիչ, ջրի պոմպերը նույնպես: Անձրև գա, վերջ,- ասաց Ապագա համայնքի ղեկավարը,- Պաշտոնական նամակ-դիմում ենք ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ին: ՀԷՑ-ից պատասխանել են, թե այս տարի այդ հարցը կլուծեն»:
Ակնալիճ
Մայիս 27, 2020 at 16:36