Շիկահողը՝ վառելափայտից հրաժարվելու ճանապարհին

Շիկահողը՝ վառելափայտից հրաժարվելու ճանապարհին

ԷկոԼուր

Այս տարի 20-25 տոկոսով նվազել են էլեկտրաէներգիայի և վառելափայտի համար նախատեսված ծախսերը Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Շիկահող բնակավայրում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը կողմից իրականացված «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» ծրագրի դրամաշնորհային նախագծի շրջանակում «Կանաչ էկո-շրջան» ՀԿ-ն իրականացրել է «Շիկահող» պետական արգելոցի հարակից Շիկահող գյուղի մշտական բնակություն ունեցող բոլոր 56 տնային տնտեսություններում արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը։

Շիկահող բնակավայրի վարչական ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Նարե Ղազարյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներն ավարտվել են 2019 թ․ նոյեմբերին։ Ըստ Նարե Ղազարյանի՝ 16 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրն ամբողջությամբ նվիրատվություն է բնակիչների համար։ «Ձմռանը արևային օրերը տևում են միջինում 40-50 օր։ Ամենացուրտ օրերին ջրի առավելագույն ջերմաստիճանը կազմում է 30 աստիճան, իսկ երբ արև կա՝ մինչև եռման աստիճան»,- նշեց նա։

Ծրագրի արդյունքում գյուղում վառելափայտի գնման համար նախատեսված գումարը միջինում նվազել է 80 հազար դրամով․ «Եթե նախկինում օգտագործում էինք 20-25 խմ փայտ, այս տարի 5 խմ-ով կրճատվել է։ Փայտի 1 խմ-ի համար վճարում ենք 16-17 հազար դրամ։ Շրջակա միջավայրի նախարարությունը բնակիչներին 8 խմ-ի չափով թափուկի հատկացում էր անում։ Բայց դա ոչ բոլորին էր բավարարում։ Ներկայում փայտի խնողություն է լինում»,֊ ասաց Նարե Ղազարյանը։

Բացի 150 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչներից 56 տնային տնտեսությունները ստացել են յուրաքանչյուրը 5-ական լեդ լամպեր։ Ջրատաքացուցիչների օգտագործման համար տրամադրվել է 5 տարվա տեխնիկական և 1 տարվա սպասարկման երաշխիք։

Գյուղում փայտի խնայողությանն է նպաստել նաև տների լրացուցիչ ջերմամեկուսացումը. Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված մեկ այլ ծրագրով բոլոր տնտեսություններին 9 քառակուսի մետր մակերեսով եվրոպատուհաններ են տրամադրել։

Նարե Ղազարյանը նպատակ ունի առաջիկայում իր՝ «Էկո համայնք» ՀԿ-ի միջոցով նոր դրամաշնորհի համար դիմել՝ գյուղի բոլոր տնային տնտեսությունները նաև արևային վահանակներով ապահովելու համար։ «Արևային վահանակներ ունենալու դեպքում վերջնականապես կազատվենք փայտի օգտագործման խնդրից, հոսանքի ծախսն էլ կնվազի։ Եթե ծրագիրն իրականացվի, համայնքը գազաֆիկացման կարիք էլ չի ունենա։ Գազաֆիկացումը մեծ ծախսեր է պահանջում։ Կապանից Շիկահող 23 կմ է, մեծ գործընթաց է, միլիարդներ են պետք»,֊ ասաց նա։

 

19:28 Ապրիլ 15, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news