Սևանա լիճը՝ էներգետիկ շահերի զոհ

Սևանա լիճը՝ էներգետիկ շահերի զոհ

ԷկոԼուր

Սևանա լիճը դարձել է էներգետիկ շահերի զոհ, որոնք գերակայում են Սևանը պահպանող օրենքների նկատմամբ: Էներգետիկ ընկերությունների սեփականատերերի շահերն առաջին հերթին ներկայացնում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն: Ընկերությանն է պատկանում Սևան-Հրազդան հիդրոկասկադը, որն էլեկտրաէներգիա արտադրելու համար Սևան-Հրազդան ջրանցքով օգտագործում է Սևանա լճի ջուրը: Կասկադը բաղկացած է 7 կայանից՝ 561 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն գրանցվել է 2003 թ-ի մայիսի 8-ին՝ Հայաստանի Հանրապետությունում, և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության առաջին արտադրող ընկերությունն է: 2011 թ-ին «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերեց «Ռուս Հիդրո» ԲԲԸ-ն: «Ռուս Հիդրո»-ի պաշտոնական կայքում (http://www.rushydro.ru/) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի մասին հիշատակվում է երկու նախադասությամբ միջազգային գործունեություն բաժնում, որ ընկերությունը Հայաստանում շահագործում է Սևան-Հրազդան կասկադը Հրազդան գետի վրա: «Ռուս Հիդրո»-ի ակտիվներում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն ներկայացված չէ: 2016 թ-ին «Ռուս Հիդրո»-ն որոշեց վաճառել Սևան-Հրազդան հիդրոէներգակասկադը, և մտադրություն հայտնեց կազմել առաջարկությունների փաթեթ պոտենցիալ գնորդներից: Այս մասին ռուսական «Կոմմերսանտ» պարբերականին հայտնել է էներգահոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ Ջորջ Ռիժինաշվիլին (https://www.kommersant.ru/doc/3280628): Ակնկալվում էր, որ գործարքը տեղի կունենա 2017 թ-ին կամ 2018 թ-ի սկզբին: Սակայն մինչ օրս «Ռուս Հիդրո»-ի՝ վաճառքի հանված ակտիվների ցանկում Սևան-Հրազդան կասկադը ներառված չէ: Գաղտնիք չէ, որ հիդրոկասկադի էլեկտրաէներգիայի ցածր արտադրողականությունը պայմանավորված է, մասնավորապես, Սևանա լճից Սևան-Հրազդան ջրանցքով ջրի բացթողումների սահմանափակմամբ: Ջրբացթողումները թույլատրվում են միայն ոռոգման նպատակներով, առավելագույն ծավալը 170 միլիոն խմ է, և էներգակասկադը կարող է օգտվել Սևանի ջրից միայն ոռոգման շրջանում: Անցնելով հիդրոկասկադի էլեկտրակայանների միջով՝ ջուրն ուղղվում է Արարատյան դաշտ գյուղատնտեսական հողերի ոռոգման համար: «Ռուս Հիդրո»-ի կայքում ջրբացթողումների սահմանափակումների մասին ոչինչ ասված չէ: Ջրօգտագործման սահմանափակումներին զուգահեռ, ընկերությունն ունի 50 միլիոն դոլլարի չափով վարկային պարտավորություն Եվրոպական զարգացման բանկի և Ասիական զարգացման բանկի նկատմամբ: Այսինքն, Սևան-Հրազդան հիդրոհամալիրի գրավչությունը կարող է բարձրացվել միայն էլեկտրաէներգիայի արտադրության մեծացման հաշվին:

Լուսանկարը վերցված է www.mek.am կայքի

Պատահական չէ, որ Սևանի ավազանից հավելյալ ջրառի պատվերը պետական մարմինների կողմից դիմադրության չհանդիպեց, աջակցություն ստացավ նախ կառավարությունից, հետո նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասից 2008, 2012, 2014 և 2017 թթ-ին: Միայն 2017 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ ի դեմս նախկին նախարար Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ կուսակցությունից), դեմ հանդես եկավ Սևանա լճից հավելյալ ջրբացթողումներին, սակայն հանդիպելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կտրուկ դիմադրությանը, չշարունակեց բողոքը: ՀՀ Ազգային ժողովում Սևանա լճից հավելյալ ջրառը թույլ տվող օրենքում փոփոխություններ կատարելուն դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը, իսկ ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչը կառավարությունում Արծվիկ Մինասյանն է, քվեարկեց կողմ: Բնութագրական է, որ 2017 թ-ին Կարեն Կարապետյանը, կամ չիմանալով օրենքները, կամ բացահայտ անտեսելով դրանք, հայտարարեց, որ ջրբացթողումները կնպաստեն Սևան-Հրազդան հիդրոկասկադի էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը: Եվ միայն հետո հավելյալ ջրբացթողումների մասին հայտում հայտնվեց վաղուց հայտնի մոտիվը՝ Արարատյան դաշտի ոռոգման և ֆերմերների բերքը փրկելու համար:

2018 թ-ի օգոստոսի 23-ին կառավարությունը նորից որոշում կայացրեց հավելյալ ջրբացթողումների վերաբերյալ Սևանա լճից 40 միլիոն խմ ծավալով, չնայած նրան, որ լիճը 2018 թ-ի հունվարից ունի բացասական հաշվեկշիռ, ինչը հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին և արդեն հանգեցրել է լճում կործանարար երևույթների. լիճը սկսել է ծաղկել աղետալի մաշտաբներով:

Հաջորդ էներգետիկ շահերը, որոնց պատճառով կործանվում է Սևանի էկոհամակարգը, փոքր ՀԷԿ-երն են:
Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը շահագործվում են` խախտելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը և այլ բնապահպանական օրենքներ՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», բուսական և կենդանական աշխարհների մասին օրենքները, «Լանդշաֆտների պահպանության մասին» եվրոպական կոնվենցիան, «Կենսաբազմազանության պահպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան և այլն:

«Ձորագյուղ 1» և «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-երի կասկադ


Սևանի ջրհավաք ավազանում՝ Ձորագյուղ գետի անանուն վտակի վրա «Սեկտոր Քվանտ» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է «Ձորագյուղ 1» և «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-երի կասկադը: Կասկադն իրականացնում է խառը ջրառ. մի մասը գետի մայրական աղբյուրներից, մյուս մասը՝ նույն վտակի ոռոգման համակարգից: Այս գործունեությունն իրականացվում է վտակի ձևավորման տարածքում, որը սահմանված է 4000 մ շառավղով, ինչը հակասում է ՀՀ կառավարության 2005 թ-ի հունվարի 20-ի 64-N որոշմանը՝ «Ջրային էկոհամակարգերի սանիտարական պաշտպանության տարածքների, հոսքի ձեւավորում, ստորերկրյա ջրերի, էկոտոն և օտարված գոտիների սահմանման չափանիշների մասին»: Էկոլոգիական թողքը չի պահպանվում:

«Դարանակ» փոքր ՀԷԿ

«Դարանակ» փոքր ՀԷԿ-ը կառուցված է Դարանակ գետի վրա, որը Սևանա լիճ թափվող Մասրիկ գետի վտակն է: Շահագործում է «ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» ԲԲԸ-ն: ՓՀԷԿ-ի կառուցումը ֆինանսավորվել է Գերմանա-հայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգետիկա» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում գերմանական KfW բանկի միջոցներով: Ինչպես նշված է «ԷկոԼուր»-ի փորձագիտական խմբի կողմից, որն անցկացրել է ՓՀԷԿ-ի մոնիտորինգ, «Դարանակ» փոքր ՀԷԿ-ը փաստացի խախտում է գետի բնական ջրային ռեժիմը և վտանգում գետին բնորոշ կենսաբազմազանությունը:

«Վարդենիկ» ՓՀԷԿ

«Վարդենիկ» ՓՀԷԿ-ը կառուցված է Սևանա լիճ թափվող Վարդենիկ գետի վրա, շահագործում է «Ջրասահք» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցն իրենից ներկայացնում է մեծ կառույց, փակում է ամբողջ գետը, իր չափսերով և արտաքին տեսքով խախտում է տեղի լանդշաֆտի բնական տեսքը: 2.7 մետր երկարությամբ և 58.8 մետր լայնությամբ ձկնուղին ունի հարթ մակերես, փոխում է ձկների բնակության միջավայրը, ինչը կարող է հանգեցնել տարբեր բացասական երևույթների: Վարդենիկ գետի այս հատվածում կարող են հանդիպել ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սևանի կողակը, Սևանի իշխանը,Սևանի բեղաձուկը, էնդեմիկ կարմրախայտը:

«Մարտունի» փոքր ՀԷԿ

«Մարտունի» փոքր ՀԷԿ-ը կառուցված է Մարտունի գետի վրա, որը թափվում է Սևանա լիճ: ՓՀԷԿ-ը շահագործում է «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ն: Սահմանված էկոլոգիական թողքը 0.05 խմ/վրկ շատ քիչ է և չի կարող ապահովել գետի էկոհամակարգի և կենսաբազմազանության բնական գործունեությունը: Մարտունիի համայնքապետարանը և բնակիչները ՓՀԷԿ-ին դեմ են: Նրանց պնդմամբ՝ ՓՀԷԿ-ի տուրբինում են հայտնվում մանր կենդանիներն ու ձկները, և նրանք զրկվում են բնական հարստությունից, ինչի համար էլ բնակություն են հաստատել այդ տարածքում: Ձկնաշխարհը, որպես էկոհամակարգի մաս, պահպանվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով: «Մարտունի» ՓՀԷԿ-ի գործունեությունը խախտում է էկոհամակարգը և օրենքը, խաթարում է տեղի բնակիչների բարենպաստ կյանքը:

«Արգիչի» ՓՀԷԿ

«Արգիչի» ՓՀԷԿ-ը կառուցված է Սևանա լիճ թափվող Արգիչի գետի վրա, գերմանական զարգացման KfW բանկի միջոցներով: Շահագործում է «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ն: Արգիչի գետը Սևանա լճում հանդիպող արժեքավոր, այդ թվում՝ կարմիրգրքյան և էնդեմիկ ձկնատեսակների բնակության վայրն է և ապահովում է նրանց կենսական ցիկլը: Գետի այն հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցը, կարող են հանդիպել կարմրախայտը, Սևանի բեղաձուկը, Սևանի կողակը, գեղարքունին:
Չնայած նրան, որ «Արգիչի» ՓՀԷԿ-ի համար սահմանված էկոլոգիական թողքն ավելին է, քան նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ, ջրօգտագործման թույլտվության համաձայն ՓՀԷԿ-ը կարող է փետրվար, մարտ, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին ավելի շատ ջուր վերցնել գետից, քան այնտեղ մնում է բնապահպանական թողքից հետո: Այսինքն, ՓՀԷԿ-ին թույլ է տրված օգտագործել Արգիչի գետի բնապահպանական թողքի ջրերը: «Արգիչի» ՓՀԷԿ-ի կառուցումը և հետագա շահագործումն առաջացրեց Վերին Գետաշեն համայնքի բնակիչների բողոքը: Արդեն մի քանի տարի շարունակվում է բնակիչների պայքարն իրենց սեփականության նկատմամբ իրավունքների համար, որոնք, ըստ բնակիչների, խախտվել են տեղի համայնքապետարանի հետ համաձայնության եկած ընկերության կողմից:

Մոնիտորինգ իրականացրած փորձագետները նշեցին, որ եթե Սևանա լճի ավազանի գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը չեն կարող ապահովել ձկնաշխարհի վերարտադրողականությունը և օրենքով նախատեսված էկոլոգիական թողքը, ապա դրանք պետք է ապամոնտաժվեն: Բայց ապամոնտաժման հարցը դեռևս կառավարության, պատասխանատու գերատեսչությունների առջև դրված չէ:

Ովքե՞ր են Սևանում փոքր ՀԷԿ-երի սեփականատերերը
Տեղեկատվական գործակալությունների տվյալների համաձայն, «Հիդրոկորպորացիա» ընկերությունը «Արգիչի», «Արենի», «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր- 1» ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման նախագծերի իրականացումը կառավարող ընկերությունն է: «Մարտունի» ՓՀԷԿ-ի սեփականատերը՝ «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ընկերությունը, պատկանում է Վայոց ձորի մարզի արքիեպիսկոպոս Մկրտչյանի ընտանիքին, որը նաև շահագործում է փոքր ՀԷԿ-եր Եղեգիս գետի ավազանում՝ «Եղեգիս», «Սանռայզ», «Հերմոն»: «Վարդենիկ» ՓՀԷԿ-ի սեփականատերը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանն է:

Սևանա լիճը պետք է ջուր ստանա Արփա-Սևան թունելի միջոցով, ինչը կարող էր փոխհատուցել ոռոգման նպատակներով ջրբացթողումները: Արփա-Սևան թունելը կառուցվել է 1963-1981 թթ-ին՝ Սևանա լճի մակարդակի վերականգնման նպատակով:

48.3 կմ երկարությամբ թունելը Կեչուտի ջրամբարի միջոցով պետք է ջուր մատակարարի Սևանա լճին Արփա և Եղեգիս գետերի վտակներից, ընդհանուր առմամբ, 250 միլիոն խմ ջուր տարեկան: Հետաքրքիր է, որ հենց թունելով Սևանա լիճ ջուր է ուղղվում, ՓՀԷԿ-երի սեփականատերերը հայտնում են մտահոգություն և առաջ քաշում պահանջներ, որպեսզի գետի ջուրը նրանց հասնի: Արփա-Սևան թունելը կառավարող ընկերությունը «Արփա-Սևան» ԲԲԸ-ն է, որի տնօրենը պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդի Պարույր Հակոբյանն է: Փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգի անցկացման ժամանակ ԷկոԼուրը ֆիքսել է, որ Արփա-Սևան թունելի ջուրը հոսում է Եղեգիս գետ, որի վրա ՓՀԷԿ-երի կասկադ է շահագործվում: Հակոբյանների ընտանիքին է պատկանում նաև Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս 1» փոքր ՀԷԿ-ը:

16:38 Օգոստոս 28, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news