Թումանյան համայնքը մերժում է «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը

Թումանյան համայնքը մերժում է «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը

ԷկոԼուր

Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանին հուլիսի 12-ի նիստին որոշում է կայացրել գրությամբ դիմել ՀՀ կառավարությանը` դադարեցնելու «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը: Համայնքապետ Լևոն Զավարյանն արդեն հաստատել է ավագանու որոշումը:

«ՇՆող» ՀԷԿ-ի գլխամասը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա, իսկ կայանը ունենալու է 22 կմ երկարությամբ ջրատար թունել միջանցիկ ամբարտակով`օգտագործելու է Դեբեդ և Մարց գետերի հիդրոէներգետիկ պաշարները։

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Զավարյանը պնդեց, որ ՀԷԿ-ի կառուցումից ամենաշատ վնաս կրելու է հենց Թումանյան համայնքը: «ՀԷԿ-ի թունելն անցնելու է մեր համայնքի տարածքով, այդ թունելի համար 30 տուն պետք է քանդվի, կփակվի ճանապարհն այդ հատվածում: Բացի այդ, մեր տարածքի ամբողջ էկոհամակարգն այդ գետն է ապահովում: Կոչնչանա մեր ձորի բնությունը, անտառը, ի՞նչ պետք է այս ժողովուրդը, քարերի մեջ ապրի՞: Ասում են 30 տոկոս ջուր են թողնելու գետում: Մենք Մարց գետի օրինակով տեսել ենք` ինչպես են ՀԷԿ-երը չորացնում գետը: Ես էլ եմ դեմ, ավագանին էլ, մեր բոլոր բնակիչներն էլ», - ասաց Թումանյանի համայնքապետը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին էլ Ալավերդու ավագանին էր որոշում կայացրել միաձայն կողմ քվեարկել «Շնող» ՀԷԿ-ի ծրագիրը դադարեցման մասին ՀՀ վարչապետին ուղղված ուղերձին:

Հուլիսի 10-ից 12-ը ի պաշտպանություն Դեբեդ գետի տեղացիները քայլերթ են անցկացրել Թումանյանից մինչև Ախթալա: Ալավերդու ավագանու անդամ Հարութ Ձավարյանը «ԷկոԼուր»-ին ասաց, որ քայլերթի նպատակն էր իրազեկել Դեբեդի շրջակայքի բնակիչներին «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի ռիսկերի մասին: «Մենք խորհրդակցել ենք մասնագետների հետ և եկել եզրակացության, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում կորցնում ենք 3000 հեկտար անտառ: Ալավերդիում տուրիզմի զարգացման հեռանկարները հօդս կցնդեն», - ասաց Հարութ Ձավարյանը: Նա հայտնեց, որ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ, ով ևս բացասական դիրքորոշում է հայտնել «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի վերաբերյալ:

Ըստ ՀՀ հիդրոէներգետիկայւի զարգացման հայեցակարգի` «Շնող» ՀԷԿ-ը պետք է շահագործման մեջ մտնի 2023 թ-ից` ապահովելով 75 ՄՎտ հզորություն: «Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է մոտ 150-190 միլիոն ԱՄՆ դոլար։

ՀԷԿ-ի կառուցման համար 2017թ-ի օգոստոսի 10-ի թիվ 973-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց ՀՀ կառավարության, «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի (որպես կառուցող) և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (որպես հովանավոր) միջև կնքվելիք համաձայնագրին:

14:05 Հուլիս 13, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news