«Գետեր առանց սահմանների» միջազգային կոալիցիան բարձրացնում է հիդոէներգետիկայից չխախտված գետային էկոհամակարգերի լիարժեք իրավաբանական պաշտպանության հարցը

«Գետեր առանց սահմանների» միջազգային կոալիցիան բարձրացնում է հիդոէներգետիկայից չխախտված գետային էկոհամակարգերի լիարժեք իրավաբանական պաշտպանության հարցը

ԷկոԼուր

Հիդրոէներգետիկան արժեքավոր գետային էկոհամակարգերի զանգվածային խախտման գլխավոր պատճառն է: Այս տեսանկյունից նախկին ԽՍՀՄ երկրներից առավել տագնապալի իրավիճակ է Վրաստանում և Հայաստանում: Հայաստանում գետային էկոհամակարգերը ոչնչացվում են բազմաթիվ փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցության հետևանքով, իսկ Վրաստանում՝ միջին և մեծ ՀԷԿ-երի: Նման կարծիք ԷկոԼուրին հայտնեց «Գետեր առանց սահմանների» (Rivers without Boundaries Coalition-RwB) միջազգային կոալիցիայի համակարգող Եվգենի Սիմոնովը: Կոալիցիան իրենից ներկայացնում է կազմակերպությունների և փորձագետների միջազգային ցանց, որը զբաղվում է անդրսահմանային գետային ավազանների խնդիրներով և պաշտպանությամբ, գետերի կառավարման լավագույն գործելաոճի առաջմղմամբ: Եվգենի Սիմոնովը «Rivergathering» միջազգային կոնֆերանսի կազմակերպիչներից է: Կոնֆերանսն անցկացվեց վերջերս՝ Թբիլիսիում, և հավաքեց մեկ վայրում աշխարհի 34 երկրների 84 մասնակիցների:

Եվգենի Սիմոնովը դրական գնահատեց այն, որ Հայաստանի կառավարությունը վերջին ժամանակներս ուշադրություն է դարձրել փոքր ՀԷԿ-երի պատճառած վնասների մեղմման խնդիրներին և էներգիայի այլ այլընտրանքային աղբյուրներին:

Նրա խոսքով՝ Բալկաններում տեղի է ունենում հիդրոէներգետիկայի ընդլայնման նման մի գործընթաց՝ բնության, բնակչության և զբոսաշրջային ոլորտի վրա բացասական ազդեցությամբ: Ուկրաինան մտադիր է զարգացնել մեծ հիդրոէներգետիկան խոշոր հարթավայրային գետերի վրա, ինչը հետևանքներ կունենա նաև Մոլդովայի համար, որն Ուկրաինայի հետ ունի ընդհանուր բազմաթիվ կարևոր գետային էկոհամակարգեր:

«Իմ կարծիքով՝ բացի յուրահատուկ բնական արժեքների կորստից, սա նաև մեծ սոցիալ-քաղաքական խնդիր է: Բացի այդ, սա վատ նախադեպ է, քանի որ Ուկրաինայում հույս ունեն ստանալ գումարներ մեծ բանկերից Եվրոպայում մեծ ՀԷԿ-երի շինարարության համար: Հարկավոր է օգնել ուկրաինացի գործընկերներին հաղթահարել սա», - նշեց Եվգենի Սիմոնովը:

Նրա գնահատմամբ՝ հիդրոէներգետիկայում արդեն երկար տարիներ չկան էական նորարարություններ, այս ոլորտը չունի զարգացման հեռանկարներ, այդ թվում՝ իր բնական ռեսուրսի դեֆիցիտի պատճառով՝ դեռ ազատ հոսող գետեր, որոնք կարելի է ոչնչացնել` պատվարներ կառուցելով:

«Սա նշանակում է, որ հիդրոէներգետիկան չի էժանանում, չի դառնում ավելի կատարյալ և արդյունավետ, տեխնիկայի և արտադրության զարգացման հեռանկարային ուղղութուն չէ: Ի՞նչ իմաստ ունի ներդրում անել մի ոլորտում, որը գտնվում է լճացման մեջ: Էներգիա ստանալու համար ընտրության հնարավորությունները գնալով ավելի են ընդլայնվում, իսկ այլընտրանքային տարբերակները՝ ավելի էժանանում», - ասաց Եվգենի Սիմոնովը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է գլոբալ մակարդակներով դնել հիդրոէներգետիկայից զերծ մնացած գետերի պաշտպանության հարցը: «Քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանությունը և քաղցրահամ ջրերի տեսակների քանակը կրճատվում է կրկնակի անգամ արագ, քան ցանկացած այլ` ցամաքային կամ օվկիանոսային տեսակների: Սպառման վտանգի տակ է գտնվում միգրացվող ձկների պոպուլացիայի 70 տոկոսը հիմնականում պատվարների կառուցման պատճառով (https://www.wwf.de/fileadmin/fm-wwf/Publikationen-PDF/WWF-LivingPlanetReport-2016.pdf): Հիդրոէներգետիկան չվերականգնվող ռեսուրս է: Նա անդառնալիորեն ոչնչացնում է կենդանի գետերը: Հարկավոր է հասնել հիդոէներգետիկայից դեռ չխախտված գետային էկոհամակարգերի լիարժեք իրավաբանական պաշտպանության: Հակառակ դեպքում մենք ամբողջությամբ կկորցնենք բոլոր բնական գետային էկոհամակարգերը՝ իրենց հարուստ կենսաբազմազանությամբ և էկոհամակարգային կարևորագույն գործառույթներով ու ծառայություններով», - ասաց Եվգենի Սիմոնովը:

 

16:48 Ապրիլ 12, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news