«ԷկոԼուր»-ի մեկնաբանությունները ՀՀ կառավարության նոր ծրագրի բնապահպանական առաջնահերթությունների վերաբերյալ

«ԷկոԼուր»-ի մեկնաբանությունները ՀՀ  կառավարության նոր ծրագրի բնապահպանական առաջնահերթությունների վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը ներկայացրեց նոր ծրագիր, որը պարունակում է բնապահպանական մաս՝ շեշտադրելով այդ ոլորտի առաջնահերթությունները: Այն պարունակում է ստույգ գործողություններ՝ նախատեսված իրագործելու ստույգ ժամկետներում: Ծրագրի որոշ դրույթների վերաբերյալ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացնում է իր մեկնաբանություններն ու առաջարկությունները:
Կարող է արդյոք կառավարությունը լուծել հիմնական խնդիրները՝ կապված բնական ռեսուրսների ողջամիտ և անվտանգ օգտագործման, սոցիալ-էկոլոգիական կոնֆլիկտների, հակասությունների հետ: Հարկ է հաշվի առնել նաև այն փաստը, որ տարիների ընթացքում կուտակված խնդիրներն ավելի ու ավելի դժվար է լուծել:

Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության պահպանում: «Սևանա լճի մասին» օրենքի համաձայն՝ Սեւանա լիճը հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է և Հայաստանի ազգային բնապահպանական առաջնահերթությունը: Հասարակությունը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը կարող է փոխվել քաղաքականության փոփոխման արդյունքում և կդադարի օրենսդրական երաշխիք լինել Սևանա լճի համար: Մեկ անգամ չէ, որ նման փորձ ձեռնարկվել է: Մենք հույս ունենք, որ նոր կառավարությունը կլինի Սևանա լճի պահպանության երաշխավորը:

Սևանա լճի գլխավոր խնդիրները շարունակում են մնալ ծովի մակարդակից լճի մակարդակի բարձրացումը մինչև 1903.5մ նիշը և Սևանա լճից օրենքով սահմանված չափաքանակից ավելի ջրբացթողումների թույլ չտալը: Մյուս խնդիրը լճի աղտոտումն է կոյուղաջրերով և արդյունաբերական հոսքերով: Ծրագրում նշված է կեղտաջրերի մաքրման մասին, սակայն Սևանա լճի առնչությամբ այդ հարցը պետք է շատ ավելի մանրակրկիտ դիտարկվի: Ինչպես հայտնի է, Սևանա լճի ավազանի երեք քաղաքների մաքրման կայանները կեղտաջրերը չեն մաքրում և չեն խոչընդոտում ծանր մետաղներով հարուստ ջրերի մուտքը լիճ: Հարկավոր է բնապահպանական գնահատական տալ հանքարդյունաբերության արդյունքում Սևանա լճի աղտոտմանը և նրա մեջ ներառել ոչ միայն ջրերը, այլև Սևանա լիճ թափվող գետերի հուների նստվածքները, որտեղ կուտակվում են ծանր մետաղներ և ագրեսիվ միացություններ, Սևանի վերաբերյալ ամենամյա ծրագրում նախատեսել պետական ֆինանսավորում այդ հետազոտությունների համար:

Արագ կերպով պետք է լուծել լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի խնդիրը, որտեղ ոչնչանում են Սևանի ավազանին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակներ:

Հարկավոր է անցկացնել «Սևանի ձկնապաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի արդյունքում ցանցավանդակային եղանակով աճեցվող ձկների արհեստական կերի, որը պարունակում է ֆոսֆոր և ազոտ, և թափոնների հաշվին լճի աղտոտման մոնիտորինգ, ապահովել մոնիտորինգի արդյունքների հրապարակայնությունը:

Նոր տեխնոլոգիաների օգնությամբ բնապահպանական վերահսկողության մեծացման հարցը մտավ կառավարության նոր ծարգրի նախագծի մեջ, և կատարման ժամկետը 2017թ-ն է: Նշենք, որ նախորդ կառավարությունն արգելք էր դրել տնտեսվարող սուբյեկտներում պլանային տեսչական ստուգումների վրա, ինչը նվազեցրեց բնապահպանական պարտավորությունների կատարման արդյունավետությունը և հանգեցրեց խախտումների կուտակմանը: Հարց է մնում, արդյոք նոր կառավարությունը կերկարացնի, թե՝ ոչ, այդ արգելքը, որը գործելու է մինչև 2016թ-ի վերջը:

Հարկավոր է ուժեղացնել գործող այլընտրանքային էներգետիկայի օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը, մասնավորապես ապահովել առցանց վերահսկողություն ՓՀԷԿ-երի էկոլոգիական թողքի նկատմամբ: Անհրաժեշտ է մշակել ՓՀԷԿ-երի վերաբերյալ ազգային ռազմավարություն՝ կառավարության ծրագրում առկա միկրոկայանների մասսսայական զարգացման առաջարկությունը:
Բաց է նաև նոր տեխնոլոգիաներով բնապահպանական վերահսկողության համակարգի ֆինանսավորման հարցը: Մենք ենթադրում ենք, որ կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել դա պետբյուջեի միջոցներով:

Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման մասին` ներառյալ «Ջերմուկ» ազգային պարկի ստղծումը:

Խնդիրն այն է, որ նոր ԲՀՊՏ-ները, ինչպես նաև վերջերս ստեղծվածները, օրինակ, «Արևիկ» ազգային պարկը, պետք է համապատասխանեն միջազգային և ազգային բնապահպանական օրենսդրության պահանջներին:

Մասնավորապես պահանջվում է էնդեմիկ տեսակների կամ վտանգի տակ հայտնված տեսակների բնակավայրերերի համար անվտանգության ապահովում: Մետաղների բաց արդյունահանումը ենթադրում է պայթեցման աշխատանքներ, բնակավայրերի ամբողջությամբ ոչնչացում, միգրացիոն միջանցքների ոչնչացում, որոնք ուղղակիորեն չեն մտնում ԲՀՊՏ-ների մեջ, սակայն բնակավայրերի մի մաս են կազմում: «Ջերմուկ» կամ «Արևիկ» ազգային պարկերի դեպքում այդ պահանջները խախտվում են:

Հարկավոր է անցկացնել «Ջերմուկ» և «Արևիկ» ազգային պարկերի վրա հանքարդյունաբերության ազդեցության գնահատական և ներառել այն ԲՀՊՏ-ների զարգացման և ընդլայնման ռազմավարության մեջ, ինչպես նաև կանաչ տնտեսության հայեցակարգում:

Կառավարության ծրագրի կատարման գործում անհրաժեշտ է ապահովել բաց կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները, ինչպես նաև ընդգրկել ակտիվ քաղաքացիական հասարակությանը որոշումների ընդունման գործընթացում:

Հոկտեմբեր 21, 2016 at 18:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր