Ինչպես բարելավել փոքր ՀԷԿ-երի ոլորտը. ծրագրի արդյունքները քննարկվում են ՄԱԿ-ում

Ինչպես բարելավել փոքր ՀԷԿ-երի ոլորտը. ծրագրի արդյունքները քննարկվում են ՄԱԿ-ում

ԷկոԼուր

Ջրի դեֆիցիտը, կայուն ջրօգտագործման խնդիրը և ջրային էկոհամակարգերի պահպանումը Հայաստանի համար ամենաարդի հարցերից են: Հայաստանի գետային էկոհամակարգերը ծանրաբեռնված են փոքր ՀԷԿ-երով: Հայաստանում շահագործվում է 184 փոքր ՀԷԿ` 353Մվտ գումարային հզորությամբ, կառուցվում է ևս 36 փոքր ՀԷԿ` 69Մվտ գումարային հզորությամբ: Ստացվում է, որ ՀՀ հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգում պլանավորած ՓՀԷԿ-երի 400Մվտ գումարային հզորությունը գերակատարվել է:



Փոքր հիդրոէներգետիկայի խնդիրները և դրանց առաջարկվող լուծումները քննարկվեցին հունիսի 26-ին` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացված «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շնորհանդեսի ժամանակ:



ՄԱԶԾ Կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում ասաց. «Ամենակարևոր արդյունք եմ համարում այն, որ ստեղծվեց համագործակցության հարթակ: Այստեղ ընդգրկված են բոլոր շահագրգիռ նախարարությունները, անկախ փորձագետները, ՀԿ-երը, որոնք քննարկում են ոլորտի խնդիրները թափանցիկ և բաց ձևով»: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ծրագրի արդյունքում ստեղծվել է փոքր ՀԷԿ-երի տվյալների մեծ բազա և ընդգծեց, որ ծրագիրը հանդես է եկել առաջարկությամբ, որպեսզի փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի աշխատանքները շարունակական լինեն, և այն գործի ՀՀ փոխվարչապետին առընթեր:

ՄԱԶԾ Կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյան

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը նշեց. «Իմ աշխատանքային բոլոր օրերին իմ սեղանին դրվել են ՓՀԷԿ-երի հետ կապված խնդիրներ: Մեր բոլոր ՀԷԿ-երի տերերը մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր շատ լավ շրջանցել են օրենքները, և այսօր ունենք այն պատկերը, ինչ որ ունենք: Ունենք ՀԷԿ-եր հատուկ պահպանվող տարածքներում, Սևանի ավազանում: Վստահեցնում եմ, այսուհետ, սկսած ինձանից, շատ խիստ պատժելու ենք բոլոր ՀԷԿ-երին, ովքեր խախտումներ կկատարեն: Մենք հիմա ունենք 20-ից ավելի ՀԷԿ-երի տվյալներ, որոնք թույլատրվածից ավելի ջուր են վերցրել: Տվյալները ուղարկվել են տեսչությանը, և մոտ ժամանակներս մենք կտեսնենք արդյունքները»:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյան

Գնել Սանոսյանը հավելեց, որ կա խնդիր նաև Հիդրոմետ ծառայության տվյալների հետ: Այդ տվյալներով Հայաստանի գետերի ռեսուրսները ուռճացված են: «Օրինակ, գրված է 200 լ/վ ջուր, բայց բնության մեջ այդ ջուրը չկա», - ասաց Սանոսյանը և անդրադարձավ Եղեգիս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի խնդրին: «Եղեգիս գետի ՀԷԿ-երի սեփականատերերը բողոքում են, թե ինչու եք Արփա-Սևան թունելով ջուրը Եղեգիսից ուղարկում Սևան, չեք թողնում մեր ՀԷԿ-երն աշխատեն: Մենք ստիպված ենք բացատրել, որ Արփա-Սևան թունելը Սևանա լճի ջրհավաք ավազանի մեջ մտնող տարածք է, և «Սևանա լճի մասին» օրենքով ջուրը պետք է գնա Սևանա լիճ, այլ ոչ թե փոքր ՀԷԿ-եր», - նշեց փոխնախարարը:
Գնել Սանոսյանը համագործակցության կոչ արեց քաղհասարակության ներկայացուցիչներին. «Ոչ մեկդ ոչ գալիս եք, ոչ զանգում եք…ժողովուրդ, իրավիճակը փոխվել է, ձեզ լսում են, ձեր խոսքի, ձեր գիտելիքի և փորձի կարիքը կա, պատրաստ ենք ձեզ լսելու»:

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի համակարգող Աշոտ Ավալյանը նշեց, որ առաջին անգամ իրականացվեց համատեղ ծրագիր ՀՀ բնապահպանության նախարարության և հասարակական կազմակերպության հետ: «Առաջին ծրագրի արդյունքները գոհացուցիչ էին, և մենք դիմեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, որպեսզի ծրագիրը շարունակվի, և այս ծրագիրը կայացավ: Առաջին ծրագրից հետո փոխնախարար Սիմոն Պապյանի նախաձեռնությամբ սկսեցինք հանդիպումներ փոքր ՀԷԿ-երի սեփականատերերի հետ, առաջարկություններ արվեցին և ձեռք բերվեցին որոշ պայմանավորվածություններ: Այս գործընթացը մենք սկսել ենք և հետևողական կլինենք նաև ապագայում», - ասաց Աշոտ Ավալյանը և բարձր գնահատական տվեց ծրագրում ընդգրկված փորձագետների աշխատանքին:

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի համակարգող Աշոտ Ավալյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը նշեց, որ ծրագրի առաջարկությունները անկասկած կնպաստեն փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում պետության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, մասնավորապես, ջրային պաշարների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև ջրային էկոհամակարգերի պահպանմանը և կայուն օգտագործմանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյան

«ՀՀ կառավարության համար ինքնանպատակ չէ զարգացնել հիդրոէներգետիկան ամեն գնով: Ներկայումս ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը դեռ խնդրահարույց է, մասնավորապես, փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրված սարքավորումների մասով: Փոքր հիդրոէլեկտրակայանների համար սարքավորումները հիմնականում ներկրվում են Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Եվրոպական Միության երկրներից, որոնց կիրառման համար Հայաստանում չկան տեխնիկական պահանջներ: ՓՀԷԿ-երի զգալի մասը տեղադրում է հայրենական արտադրության չարտոնագրված, համեմատաբար էժան սարքավորումներ: Սա հանգեցնում է հանրապետության հիդրոէներգետիկ ռեսուրսների ոչ արդյունավետ կամ չկարգավորված օգտագործման: Պատճառի վերաբերյալ եզրակացությունն այն է, որ ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումները տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրս են:

ՀՀ կառավարության անունից համապատասխան առաջարկություններն արդեն ներկայացվել են Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ տեխնիկական կանոնակարգումը ներկայումս գտնվում է այդ միության շրջանակներում ձևավորմած միասնական շուկայի դաշտում:

Ներկայումս ՀՀ կառավարության համար այլևս առաջնային խնդիր չէ ապահովել ՓՀԷԿ-երի նոր հզորությունների մուտքը էլեկտրաէներգետիկ համակարգ, քանի որ 400 ՄՎտ թիրախը ապահովվում է և նույնիսկ գերազանցվում է արդեն էլեկտրական էներգիա արտադրող մոտ 185 և մոտ 34 կառուցման փուլում գտնվող ՓՀԷԿ-երի գումարային հզորություններով», - ասաց Դանիել Ստեփանյանը:

Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր տնօրեն Հայկ Հարությունյանն էլ նշեց. «Մենք պետք է հասկանանք, որ փոքր ՀԷԿ-երի ոլորտի խնդիրներն անլուծելի չեն և պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն: Պետք են հստակ տեխնիկական նորմատիվներ, պետք է ստեղծվեն ճիշտ պայմաններ ներդրումների համար, որպեսզի ՀԷԿ-երը վերազինվեն, ապահովեն բոլոր բնապահպանական նորմերը»:


Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր տնօրեն Հայկ Հարությունյան

Նա հիշեցրեց, որ 2008 թ-ին մշակվել էր ՓՀԷԿ-երի զարգացման սխեմա, որում ընդգրկված չէին հատուկ պահպանվող տարածքները, Սևանի ավազանի գետերը, և եթե հետևեին այս սխեմային, ապա շատ խնդիրներ այսօր չէին լինի: Հայկ Հարությունյանը կարևորեց ՓՀԷԿ-երի դերը, որովհետև դա իրական այլընտրանք է Հայաստանի էներգետիկայի ոլորտում:

Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի անդամ Թամարա Բաբայանն ընդգծեց. «Որքան էլ ջանք թափեցինք, չկարողացանք ՓՀԷԿ-երի զարգացման սխեման դարձնել պարտադիր: Այդ սխեմայով Վայոց ձորում և Սևանի ավազանում գոնե 1 ՀԷԿ չկա»:

Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի անդամ Թամարա Բաբայան

Նա խոսեց նաև ՓՀԷԿ-երի սեփականատերերի խնդիրների մասին, որոնք թույլտվություն ստանալուց ունեցել են իրականությանն անհամապատասխանող տվյալներ:

Ծրագրի փորձագետ Ինեսսա Գաբայանը նշեց, որ 2011 թ-ին փոքր ՀԷԿ-երի ոլորտում Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրականացվեց ծրագիր, որտեղ ոսումնասիրվեց ոլորտը, միջազգային փորձը, ներկայացվեցին թույլ և ուժեղ կողմերը և հաշվետվություն, որի առաջարկություններն այսօր էլ արդիական են:
Ծրագրի փորձագետ Ինեսսա Գաբայան

Ծրագրի մեկ այլ փորձագետ Արմեն Գևորգյանն անդառնալի վնաս համարեց էկոհամակարգերին հասցված վնասը, որը վերականգնել հնարավոր չէ: «ԲՀՊՏ-երի ոչ միայն բուն տարածքում, այլ նաև ջրային գոտում չի կարելի փոքր ՀԷԿ կառուցել: Չեն գնահատում տվյալ տարածքի էկոզբոսաշրջային պոտենցիալը, իսկ մեր երկրի համար գերակայություն է նաև զբոսաշրջության զարգացումը», - ասաց Արմեն Գևորգյանը:

Ծրագրի փորձագետ Արմեն Գևորգյան

Ծրագրի փորձագետ, ձկնաբան Սամվել Պիպոյանը բարձրացրեց բնապահպանական թողքի խնդիրը: Ըստ նրա, բնապահպանական թողքը պետք է սեզոնային լինի: «Ձկները բազմացման համար բարձրանում են գետի վերին հոսանքներ, ինչի համար պահանջվում է ջրի որոշակի հզորություն, որը գետում թողած թողքը հիմնականում չի ապահովում:

Ծրագրի փորձագետ Սամվել Պիպոյան

Ջրի ջերմաստիճանի փոփոխությունը ձկան համար բազմացման ազդակ է, բայց երբ գետում ՓՀԷԿ-երի կառուցման համար ձևավորվում են փոքր լճակներ, ջուրն այդ հատվածում տաքանում է, և ձուկը կորցնում է այդ ազդակը: Մենք այստեղ ունենք բնապահպանական խնդիր ոչ միայն ջրի քանակի, այլ նաև ջրի որակի: Մենք ունենք խնդիրներ ձկնանցարանների հետ: Մեր այցելած ՓՀԷԿ-երից ոչ մեկում չկար ձկնապաշտպան կառույց, որպեսզի ձուկը չհայտնվի դերիվացիոն խողովակում»,- ասաց Սամվել Պիպոյանը:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը նշեց, որ ոլորտում անհրաժեշտ են ռադիկալ բարեփոխումներ. «Որպեսզի ճիշտ գնահատենք իրավիճակը, մեզ պետք են բազային տվյալներ, թե Հայաստանի գետերում ինչքան ջուր կա, բայց գետերի 70 տոկոսի դեպքում մենք այդ տվյալները չունենք: Իսկ մեր փոքր ՀԷԿ-երը կառուցված են այնպիսի գետերի վրա, որոնք էներգետիկ ռեսուրս չունեն, և դրանց շահագործումը բերում է այդ գետերի ոչնչացման»: Նա նշեց, որ միջազգային հանրության շրջանակում լուրջ դիմադրություն կա փոքր ՀԷԿ-երի կառուցման հարցում:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյան

Ծրագրի փորձագետ Հերիքնազ Մկրտչյանն ասաց, որ անհրաժեշտ է ՓՀԷԿ-երի ոլորտը լրացվի նաև այլ իրավական կարգավորումներով, վերանայվի փոքր հիդրոէլեկտրակայանների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և փորձաքննությանը ներկայացվող պահանջները, ելնելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթներից, ՓՀԷԿ-երի գնահատման համար մշակվեն մեթոդոլոգիաներ: 


Ծրագրի փորձագետ Հերիքնազ Մկրտչյան

Ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը խոսեց ՓՀԷԿ-երի շտապ էկոանձնագրավորման անհրաժեշտության մասին:

«էկոանձնագրի ձևանմուշը երկու մասից է բաղկացած. առաջին մասը` տեխնիկատնտեսականն է, երկրորդ մասը` բնապահպանականը: Այդ բնապահպանական մասը ներառում է և մոնիտորինգը, և ինքնամոնիտորինգը, և լիազոր տեսչական մարմնի ստուգումների արդյունքները: «ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծում նշված է` ով է պատասխանատու, ով պետք է տվյալները գրանցի և այլն: Այս մասով այս նախագիծն այդ լուծումը տալիս է», - ասաց Ռոզա Ջուլհակյանը: Նա կոչ արեց շահագրգիռ նախարարություններին շրջանառության մեջ դնել այս նախագիծը, որովհետև շատ հարցերի լուծումներ նախագծում ներառված են:

WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտնեց, որ իրենց կողմից ստեղծվել է Հայաստանի կենսաբազմազանության առումով քաղցրահամ ջրերի քարտեզներ: «Օրինակ, KfW գերմանական բանկը մեզ ուղարկում է նոր կառուցվող ՓՀԷԿ-ի կոորդինատները, մենք դնում ենք այդ քարտեզի վրա և, եթե ՓՀԷԿ-ը ԲՀՊՏ-ում է, մենք առաջարկում ենք չֆինանսավորել այդ նախագիծը, և նրանք մերժում են: Եթե մոտ է ԲՀՊՏ-ին, այդտեղ էլ ենք հիմնականում առաջարկում մերժել, իսկ եթե հեռու է այդ կարևոր տարածքներից, արդեն առաջարկություններ ենք անում», - ասաց Կարեն Մանվելյանը:


«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի համակարգող Ինգա Զարաֆյանը հաջողված աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ծրագրի բազմաշահառու խորհրդի փորձագետներին ու անդամներին և ներկայացրեց ծրագրի հիմնական արդյունքները:

Շարունակելի

15:48 Հունիս 27, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news