«Վարդենիկ» ՓՀԷԿ-ում ջրաչափ և օնլայն համակարգ տեղադրելն անհնար է. Պարույր Հակոբյան

«Վարդենիկ» ՓՀԷԿ-ում ջրաչափ և օնլայն համակարգ տեղադրելն անհնար է. Պարույր Հակոբյան

ԷկոԼուր

Սևանա լճի ավազանում կառուցված «Վարդենիկ» ՓՀԷԿ-ի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդի Պարույր Հակոբյանը վստահեցնում է` «Վարդենիկ» ՓՀԷԿ-ում ջրաչափ և օնլայն համակարգ տեղադրելն անհնար է:

Այս պահանջը դրել են Վարդենիկ գյուղի բնակիչները Պարույր Հակոբյանի հետ վերջերս ունեցած հանդիպման ժամանակ: Իսկ 2016 թ-ին նման առաջարկությամբ հանդես էր եկել ԷկոԼուրի փորձագիտական խումբը` ՓՀԷԿ-ում մոնիտորինգ իրականացնելուց հետո:

«Նոր ջրաչափ տեղադրելն անհնար է, օնլայն համակարգ` նույնպես: Դա կապված է ՀԷԿ-ի տեղադիրքի հետ, այն գտնվում է անհասանելի վայրում: Ջրաչափ տեղադրելու համար պետք են նախապայմաններ, որոնք չկան: Մենք ջրառից ներքև խողովակի վրա ունենք ջրաչափ: ՀԷԿ-ում այն տեղադրել չենք կարող: Իսկ օնլայն համակարգի համար պետք են նոր վիշկաներ, եթե բնակիչները կկարողանան մարդ կգտնել, ով այդ վայրում կապահովի ինտերնետ կապ, թող բերեն, տեղադրեն տեսախցիկ, մենք կֆինանսավորենք», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Պարույր Հակոբյանը:  

Սեփականատերը վստահեցնում է` ՓՀԷԿ-ն ամբողջովին համապատասխանում է օրենքով նախատեսված բոլոր բնապահպանական և տեխնիկական չափանիշներին, իսկ 2013 թ-ին  KfW գերմանական բանկի կողմից ճանաչվել է լավագույն ՓՀԷԿ:

Հակոբյանը նշեց, որ Էկոլուրի փորձագիտական խմբի առաջարկությունների հիման վրա ՓՀԷԿ-ում տեղադրվել է ձկնապաշտպան ցանց, իսկ բնապահպանական թողքն էլ ՀՀ կառավարության նոր որոշմամբ ավելացվելու է:

ՓՀԷԿ-ն աշխատում է 12 ամիս: Հարցին` բնապահպանական թողքի ավելացման դեպքում կկարողանա արդյոք ՓՀԷԿ-ը տարվա բոլոր սեզոններին աշխատել, Պարույր Հակոբյանը պատասխանեց. «Դեռ հաշվարկ չենք արել, կարծում եմ թողքի ավելացման դեպքում մի գուցե մեկ ամիս չկարողանանք ջուր վերցնել, մնացած սեզոններին խնդիր չի լինելու»: 

Բացի ջրաչափ և օնլայն համակարգ տեղադրելու պահանջից, ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն Վարդենիկ համայնքի համար տարեկան ներդրում անելու վերաբերյալ: Այդ նպատակով գյուղապետարանին կից պետք է ստեղծվի հիմնադրամ, որտեղ փոխանցվելու են գումարները: 

«Դա միայն մենք չպետք է անենք: Գյուղում ինչքան բիզնես կա, պետք է միավորվեն և ներդրում անեն: Ինչպես մեր ՀԷԿ-ն, այդպես էլ մնացածները», - ասաց Պարույր Հակոբյանը: 

Մայիս 15, 2018 at 13:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր