Փոքր ՀԷԿ-երի բնապահպանական անձնագրի և ստուգաթերթի նախագծերը հավանության արժանացան փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի կողմից

Փոքր ՀԷԿ-երի բնապահպանական անձնագրի և ստուգաթերթի նախագծերը հավանության արժանացան փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի կողմից

ԷկոԼուր

Փոքր ՀԷԿ-երի բնապահպանական անձնագրի և ստուգաթերթի` ՀՀ կառավարության որոշումների նախագծերը հավանության արժանացան փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի կողմից:
ՓՀԷԿ-ի բնապահպանական անձնագիրը տեխնիկատնտեսական և բնապահպանական ցուցանիշները բնութագրող ամփոփ փաստաթուղթ է, որի նպատակն է բարձրացնել ՓՀԷԿ-երի հաշվետվողականությունը, ներդնել ինքնավերահսկման, գործունեության խթանման մեխանիզներ, բացահայտել և ուղղորդել ոլորտի բարելավմանն ուղղված խնդիրները:

ՓՀԷԿ-երի ստուգաթերթը պարունակում է տեղեկատվական և վերահսկողական բնույթի 34 հարց: Ստուգման հիմք հանդիսացող ստուգաթերթն ամբողջովին պետք է արտացոլի փոքր ՀԷԿ-երի շահագործման ռիսկերը: Ստուգաթերթի նպատակն է ապահովել ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման բոլոր փուլերում արդյունավետ բնապահպանական վերահսկողություն, վերահսկողության կարգի սահմանում, ստուգաթերթում բնապահպանական օրենսդրությունից և միջազգային պայմանագրերից բխող հարցերի առաջադրումը:

Երկու նախագծերը մանրամասն քննարկվեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի նիստի ժամանակ: Հանդիպմանը մասնակցեցին ՄԱԶԾ-ի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ՄԱԶԾ-ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի համակարգող Հովհաննես Ղազարյանը, ՀՀ Ազգային Ժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի խորհրդատու Արամ Գաբրիելյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասնյակի (WWF) տնօրեն Կարեն Մանվելյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջատար մասնագետ Մեսրոպ Ղարիբյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Փոքր ՀԷԿ-երի միության ներկայացուցիչները, «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագետներ քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Նազիկ Մկրտչյանը, ձկնաբան, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմը:

Քննարկման արդյունքում կատարվեցին ուղղումներ և լրացումներ, որից հետո որոշում ընդունվեց ուղարկել նախագծերը համապատասխան գերատեսչություններ:

Այս նախագծերի մշակումը նախատեսված է ՀՀ հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի միջոցառումների ծրագրով, որը պետք է հաստատվի ՀՀ կառավարության կողմից:

Նախագծերը մշակվել են ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Ապրիլ 18, 2018 at 15:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր