ԷկոԼուր
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտ է ներկայացրել Եվրասիական զարգացման բանկին «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության համար վարկ ստանալու համար: Մինչ այդ, բոլորը համոզված էին, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության համար վարկային միջոցները տրամադրվում էին Ասիական զարգացման բանկի կողմից:
««Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը պետք է մեկնարկեր 2009 թ-ին, սակայն մեկնարկեց 2012 թ-ին, երբ մենք՝ NGO FORUM ON ADB-ի անդամները, դիմեցինք Ասիական զարգացման բանկին և պահաջեցինք, որ խնդիրը լուծվի, քանի որ գումարները փոխանցվում են, իսկ շինարարությունը չի արվում»,- ասաց Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:
Նա նշեց, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված պայմանագրի համաձայն` վարկային միջոցները պետք է տրամադրվեին Ասիական զարգացման բանկի կողմից: «Բանկը մինչ օրս տրամադրել է 954 միլիոն դրամ, մնացածը պետք է տար պետությունը, բայց չի տվել: 954 միլիոնն էլ ծախսված է, բայց աշխատանքն արված չէ, արված է ընդամենը 25 կմ-ը: Դա ի՞նչ է այդքան գումարի դիմաց: Մենք բազմիցս այդ հարցը բարձրացրել ենք: Բանկն ասում է՝ մենք մեզանից հասնող ամեն ինչ արել ենք»,- ասաց Սիլվա Ադամյանը՝ հավելելով, որ բանկը չի հետևում, թե այդ գումարները ուր են գնում, և կա մտավախություն, որ նույնը կլինի նաև Սևան-Հրազդան կասկադի վերանորոգման համար տրամադրված վարկի հետ:
«Երբ ես Աստանայում Ասիական զարգացման բանկի 47-րդ տարեկան հանդիպման ժամանակ ներկայացրեցի Հյուսիս-հարավի իրավիճակը, ինձ անմիջապես մոտեցավ Եվրասիական բանկի աշխատակիցը և ասաց, որ ձեր կառավարությունը մեզանից էլ է գումար ուզում: Խնդրում եմ` լինեք մեզ հետ կապի մեջ, որպեսզի հասկանանք, ինչի՞ վրա ենք այդ գումարը ծախսում,- ասաց Սիլվա Ադամյանը,- բանկի հայաստանյան մասնաճյուղը չի ուզում համագործակցել մեզ հետ, իրենք դա միտումնավոր են անում, իսկ մենք էլ տեսնում ենք, որ հիմա մեր պետությունը Եվրասիական բանկից է վարկ վերցնում...դա զավեշտալի մի բան է...չէ՞ որ այդ վարկերը տոկոսներով հանդերձ վերադարձնել է պետք: Մենք կարող ենք ասել, որ ավտոմայրուղու շինարարությունը չի ընթանում, մենք կարող ենք ֆիքսել, որ ձախողել ենք Հյուսիս-հարավը, իսկ այդ ճանապարհը մեր երկրի անվտանգության համար շատ անհրաժեշտ և կարևորագույն ճանապարհ է»:
Սիլվա Ադամյանը նշեց, որ իր նման քաղաքականությամբ պետությունը ժողովրդին կանգնեցնում է հսկայական պարտքերի առջև: Իսկ ինչպե՞ս են մարվելու այդ պարտքերը: «Մենք գիտենք ինչպես... մենք կսկսենք վաճառել մեր պետական և ռազմավարական նշանակության օբյեկտները, ինչպես եղավ Որոտանի կասկադի, Սևան-Հրազդան կասկադի հետ, ինչը տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ... այս շարանը շարունակական է: Մենք պետք է շատ լուրջ զբաղվենք այս հարցով...սա պետության անկման նշաններն են...Պետությունը չի կարող պահել այն համակարգը, որը իրեն պետք է երկիրը զարգացնելու համար: Ես նաև ունեմ տեղեկատվություն, որ շատ ավելի լուրջ օբյեկտներ են վաճառքի հանվելու, որոնք էական նշանակություն ունեն երկրի անվտանգության համար...այդ հարցը ներքին կարգով դրված է օրակարգում»,- նշեց Սիլվա Ադամյանը:
Հունիս 03, 2014 at 15:26