Կոչ՝ միանալու Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման հայտարարությանը

Կոչ՝ միանալու Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման հայտարարությանը

ԷկոԼուր

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և Հայաստանում մարդու իրավունքների, կառավարության հաշվետվողականության համար շահագրգռված բոլոր անձանց և կազմակերպություններին ստորագրել այն հայտարարություն կոչի տակ, որը պետք է ներկայացվի Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպմանը:

 «Այս տարվա հունիսի 29-ից հուլիսի 2-ը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում տեղի է ունենալու Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում քննվելու են Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիայի ձախողման և դրա համար պատասխանատվության հիմնահարցերը: Հանդիպմանը մասնակցելու են նաև Հայաստանի բնապահպանական հարցերով շահագրգիռ հանրության անդամները, ովքեր ներկայացնելու են կոնվենցիայի իրականացման հարցում առկա իրական պատկերը:

Հիշեցնենք, որ Դալմայի այգու և Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման առնչությամբ 2008, 2011, և 2013 թվականներին Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն արձանագրել է, որ Հայաստանի կառավարությունը ձախողել է կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների ապահովումը և ներկայացրել է համապատասխան առաջարկություններ: Մինչ օրս, սակայն, այդ առաջարկություններից ոչ մեկը չի իրականացվել: 

Մաաստրիխտի հանդիպմանը մասնակցող հանրության անդամների կողմից պատրաստվել և Կողմերի հանդիպմանն է ներկայացվելու մի հայտարարություն կոչ, որով հանրությունը Կողմերին առաջարկելու է Հայաստանի կառավարության նկատմամբ կիրառել պատասխանատվության այնպիսի միջոցներ, որոնք կառավարությանը կստիպեն անհրաժեշտ քայլեր ձեռնակել կոնվենցիայի լիարժեք իրականացման համար»,-մասնավորապես ասված է նախաձեռնության կոչում:

ԷկոԼուրը ևս միանում է Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման հայտարարությանը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Օրհուսի կոնվենցիայի Կողմ երկրների մեծարգո՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ գործընկերներ, ներքոստորագրյալներս ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ 2001 թվականին՝ Օրհուսի կոնվենցիայի վավերացումից ի վեր, Հայաստանի կառավարությունը և կոնվենցիայով ամրագրված իրավունքների իրականացման համար պատասխանատու անձինք ամբողջությամբ ձախողել են կոնվենցիան: 2004 թվականից ի վեր Հայաստանի շահագրգիռ հանրության կողմից կոնվենցիայի Համապատասխանության կոմիտե ներկայացված բոլոր երեք դիմումները բավարարվել են՝ արձանագրելով կոնվենցիայի դրույթների լիակատար ձախողում:

Մասնավորապես`

1. ACCC/C/2004/08 հաղորդակցության արդյունքում Կոմիտեն եկել է եզրահանգման, որ կառավարության կողմից կոնվենցիան չի ապահովվել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության հարցում (հոդված 4, կետ 1 և 2), որոշումների կայացմանը հանրության մասնակցության ապահովման հարցում (հոդված 6, կետ 1(a), 2-5 և 7-9, ինչպես նաև հոդված 7), դատական մատչելիության ապահովման հարցում (հոդված 9, կետ 2-4) :

2. ACCC/C/2009/43 հաղորդակցության արդյունքում Համապատասխանության կոմիտեն արձանագրել է կոնվենցիայի դրույթների կիրառման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման ձախողումը (հոդված 3, կետ 1), կրկին է արձանագրել որոշումների կայացմանը հանրության մասնակցությունն ապահովելու հարցում կոնվենցիայի խախտումը (հոդված 6, կետ 2, 4 և 9) :

3. ACCC/C/2011/62 հաղորդակցության արդյունքում Համապատասխանության կոմիտեն հերթական անգամ արձանագրել է դատական մատչելիության իրավունքի խախտում (հոդված 9 կետ 2):

Օրհուսի կոնվենցիայի վավերացումից սկսած՝ շուրջ 13 տարի շարունակ, կոնվենցիայի իրականացման համար պատասխանատու սուբյեկտները հետևողականորեն ձախողել են կոնվենցիայի գրեթե բոլոր դրույթները: Մինչ օրս Հայաստանի կառավարությունը չի  իրականացրել վերը նշված երեք հաղորդակցությունների արդյունքում ներկայացված առաջարկություններից որևէ մեկը: Մասնավորապես, ա/ տեղեկատվության պատշաճ տրամադրումն ապահովելու համար այդպես էլ չի ներդրվել վիճակագրական մոնիթորինգի մեխանիզմ, բ/ ընդունված չեն օրենսդրական, կարգավորող կամ վարչական անհրաժեշտ միջոցառումներ՝ ապահովելու համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և որոշումների կայացմանը հանրության մասնակցության ընթացակարգը, գ/ չեն իրականացվել անհրաժեշտ օրենսդրական և վարչական միջոցառումներ՝ ապահովելու համար շահագրգիռ հանրության (ազդակիր համայնքի բնակիչներ և բնապահպանական հասարակական կազմակերպություններ) կողմից շրջակա միջավայրին վերաբերող հարցերում դատական մատչելիությունը: Այսպիսով, չնայած Համապատասխանության կոմիտեի և Կողմերի հանդիպման բազմակի և հետևողական առաջարկություններին, կոնվենցիայի իրականացման համար պատասխանատու սուբյեկտները չեն իրականացրել անհրաժեշտ միջոցառումներ ազգային օրենսդրության մեջ, ինչպես նաև վարչական և դատական պրակտիկայում կոնվենցիայով ամրագրված իրավունքների պատշաճ իրականացումն ապահովելու համար:

Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ Օրհուսի կոնվենցիայի պրեամբուլայի համաձայն, այս կոնվենցիայի դրույթների ձախողումը մեծապես ազդում է շրջակա միջավայրին առնչվող այլ միջազգային պայմանագրերի պատշաճ իրականացման վրա: Այսինքն, ձախողելով Օրհուսի կոնվենցիան, Հայաստանի կառավարությունն էականորեն ձախողում է նաև այն միջազգային պայմանագրերը, որոնց շրջանակներում կառավարությունը միջազգային կառույցներից ստանում է հսկայական ֆինանսական միջոցներ: Այս պահի դրությամբ միջազգային կազմակերպությունների կողմից հաստատված են անտառի արդյունավետ կառավարմանը, անապատացման դեմ պայքարին,  կենսաբազմազանության պահպանմանը և այլ ձախողված հիմնահարցերին առնչվող 15 ծրագրեր՝ ավելի քան 15 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով: Մեր գնահատմամբ, այս ծրագրերի իրականացումը չի կարող արդյունավետ լինել, քանի դեռ Հայաստանի կառավարությունը չի ապահովել Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումը:

Ավելին, այժմ PensionDenmark դանիական մասնավոր կենսաթոշակային ֆոնդի միջոցների հաշվին և Դանիայի պետական Export Kredit Fonden գործակալության միջնորդությամբ ֆինանսավորվում է Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի մի մասը, որի անօրինականությունը հիմնավորված է Համապատասխանության կոմիտեի երկու որոշումներով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած փաստերով, ինչպես նաև առկա անհերքելի ապացույցներով:

Վերոգրյալի հիման վրա կոնվենցիայի Կողմերի հանդիպմանը ստիպված ենք առաջարկել «Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության մեխանիզմով»  սահմանված կարգով Հայաստանի կառավարության նկատմամբ կիրառել f) կետով սահմանված նախազգուշացում  և /կամ g) կետին համապատասխան`ժամանակավորապես առկախել Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանին տրված առավելությունները և հատուկ իրավունքները, որոնք ներկայացված են Կողմերի առաջին հանդիպման զեկույցում: Ակնհայտ է, որ Օրհուսի կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների հետևողական ձախողմամբ Հայաստանի կառավարությունը գործնականում ձախողում է նաև շրջակա միջավայրին վերաբերող այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Այս մոտեցումը պարզորոշ կերպով բխում է Օրհուսի կոնվենցիայի պրեամբուլայի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» Վիեննայի կոնվենցիայի բովանդակությունից: Մենք գտնում ենք, որ Հայաստանի կառավարության նկատմամբ կիրառվող այս միջոցը կարող է պարտադրել կառավարությանը կատարելու ստանձնված միջազգային պարտավորությունները և նպաստել շրջակա միջավայրին առնչվող միջազգային ծրագրերի թափանցիկությանն ու արդյունավետության բարձրացմանը:

Մենք համոզված ենք, որ վերը նշված միջոցների կիրառումը կավելացնի հանրային վերահսկողությունը կառավարության գործունեության նկատմամբ՝ վերջինիս ստիպելով լինել ավելի հաշվետու և բարեխղճորեն ապահովել Օրհուսի կոնվենցիայով ստանձնած մադու իրավունքների պաշտպանությունը»։ 

Հայտարարությանը միանալու համար մինչև սույն թվականի հունիսի 28-ը գրել [email protected] կամ [email protected] հասցեներով:

Հունիս 23, 2014 at 11:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր