Չնայած ֆինանսների առկայությանը` Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ավարտը ձգձգվում է

Չնայած ֆինանսների առկայությանը` Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ավարտը ձգձգվում է

ԷկոԼուր

Ասիական զարգացման բանկը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման համար 3 տրանշով արդեն տրամադրել է 330 միլիոն դոլլար: Այս մասին ասաց Ասիական զարգացման բանկի ծրագրերի գլխավոր համակարգող Արեգ Բարսեղյանը հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցում էին «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի տնօրեն Արամ Գրիգորյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի անդամ Մոնիկա Երիցյանը:  

«Այս ճանապարհը բոլորիս համար կարևոր նշանակություն ունի և շատ ցավալի է, որ այն ներկայումս գտնվում է կիսատ-պռատ վիճակում: Ասիական զարգացման բանկն իր կողմից բոլոր պարտականությունները կատարել է, բոլոր գումարները փոխանցել է, սակայն մենք տեսնում ենք, որ ճանապարհի կառուցումը ոչ մի կերպ չի ավարտվում…Ես չգիտեմ՝ ուր են գնացել այդ գումարները: Բացի նրանից, որ դուք եք ֆինանսավորում, տարբեր ներդրումներ են արվում, և կրկին ճանապարհ չկա: Խայտառակ վիճակ է, չորս կողմից շրջափակված ենք, մի ճանապարհ էինք ուզում կառուցել, այն էլ նման ձախողման ենթարկվեց», - հանդիպման ժամանակ ասաց Սիլվա Ադամյանը:

Հարցին, թե արդյոք բանկն իր կողմից իրականացրել է մոնիտորինգ՝ ինչպես են բաշխվել այդ գումարները, Արեգ Բարսեղյանը պատասխանեց. «Մինչ այժմ տրամադրված տրանշերով վարկերն ամբողջությամբ չեն ծախսվել»:

«Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի տնօրեն Արամ Գրիգորյանը զարմացած հարցրեց. «Մի՞թե բանկին չի հետաքրքրում այդ գումարների ճակատագիրը:  Ոչ մի բանկ գումար հենց այնպես չի տալիս, որ ոնց տան, այդպես էլ մնա: Սա հետևանքներ ունի որոշակի տոկոսների տեսքով, որը նստում է մեր վզին: Բանկը տոկոսով փող է տվել կառավարությանը, այնտեղ ոչինչ չեն անում, իսկ մենք տոկոսի տակ ենք ընկնում»:

Այս կապակցությամբ Արեգ Բարսեղյանն ասաց. «ԱԶԲ-ի կողմից տրամադրվող վարկերը նպատակային են: Դրանց տրամադրման համար բանկում բացվում են հատուկ վարկային հաշիվներ, որտեղ այդ գումարները հաշվեգրվում են: Հատուկ վարկային հաշվից գումարները դուրս են գրվում (վճարվում են) պետության կողմից կատարողականի վրա հիմնված մասհանման հայտի ներկայացմամբ: Տոկոսները հաշվարկվում են այն պահից, երբ պետության հայտի հիման վրա գումարը դուրս է գրվել հաշվից: Երբ վարկային համաձայնագիրը ստորագրվում է, գումարը հաշվեգրվում է հատուկ հաշվի վրա: Եթե գումարը մնացել է հատուկ հաշվի վրա, ուրեմն տոկոս չի հաշվարկվում»:

ADB-ի ծրագրերի գլխավոր համակարգողը նշեց, որ տրամադրված վարկերից 60 միլիոնը արտոնյալ միջոց է, իսկ 170 և 100 միլիոնները՝ ոչ արտոնյալ. «Արտոնյալ միջոցները՝ հատկացումներն են զարգացած երկրներից, ոչ արտոնյալ միջոցները բանկը ներգրավվում է կապիտալ շուկայից: Հայաստանը հասանելի է արտոնյալ միջոցների և ոչ արտոնյալ միջոցների համար: Արտոնյալ միջոցների դեպքում որոշ բանկային ծախսեր չեն կիրառվում, օրինակ, ինչպես պարտավճարը: Ոչ արտոնյալ վարկերի դեպքում պարտավճարը կիրառվում է այն գումարի վրա, որը մնացել է հատուկ վարկային հաշվին և դեռ չի վճարվել»:

Արեգ Բարսեղյանի խոսքով՝ պետությունը ԱԶԲ-ի հետ միասին բավականին ժամանակատար նախապատրաստական փուլ է անցել, և արդյունքն այն է եղել, որ իրականացման շրջանում տրանշ 1 և տրանշ 2 չհասցրեցին այն կատարողական մակարդակին լինեն, որին պետք է լինեին: «2014 թ-ին պետք էր, որ տրանշ 1-60 միլիոնը՝ Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ հատվածները, ավարտված լինեին, բայց չստացվեց: Բանակցությունների շրջանակներում տրանշ 1-ը երկարացվեց մեկ տարի, իսկ տրանշ 2՝ երկու տարի ժամկետով: Այժմ տրանշ 1-ի ավարտը նախատեսվում է 2015 թ-ին, իսկ տրանշ 2-ինը՝ 2017թ-ին: Մինչ այժմ կատարված աշխատանքները վճարվել են տրանշ 1 և 2-ից. Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ տրանշ 1, իսկ Աշտարակ-Թալին տրանշ 2: Իսկ տրանշ 3-ը նոր է ուժի մեջ մտել: Այն նախատեսված է Թալին-Լանջիկ հատվածի համար», - ասաց Արեգ Բարսեղյանը՝ նշելով, որ Լանջիկ-Գյումրի հատվածը ֆինանսավորվում է Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) կողմից:

«Ձեզ չի՞ մտահոգում, որ ծրագրի իրականացման համար կառավարությունը գումարներ է  վերցնում նաև այլ զարգացման բանկերից», - հարց ուղղվեց Արեգ Բարսեղյանին:

«Ընդհակառակը, ուրախացնում է: Դա նշանակում է, որ իրենք լուրջ են մտադրված և ոչ միայն մեկ, այլ տարբեր ուղղություններով են մտածում և ուզում են` տարբեր համաֆինանսավորող կազմակերպություններ ներգրավվեն: Դա խնդիր չէ», - պատասխանեց Արեգ Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքն ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները՝ միանալով վրացական ճանապարհի ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք՝ Թբիլիսի: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը` 2009-2017թթ:  Վարկն ապահովում է Ասիական զարգացման բանկը: Վարկի ընդհանուր աժեքը 500 միլիոն դոլլար է: Կառավարության կողմից համաֆինանսավորումը պետք է կազմի 462 միլիոն դոլլար:

14:56 Հոկտեմբեր 07, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news