Բորիս Նավասարդյան` իշխանությունը բռնել է մեր արժեքային համակարգին հակասող կուրս

Բորիս Նավասարդյան` իշխանությունը բռնել է մեր արժեքային համակարգին հակասող կուրս

ԷկոԼուր

Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին 103 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ   վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:

Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով` Եվրասիական միության շրջանակներում ինքնիշխանություն պահելու համար պետք է, որքան հնարավոր է, տարբերվել մյուս անդամ երկրներից, և այն, ինչով Հայաստանը կարող է դրական առումով տարբերվել Ղազախստացից, Բելառուսից և Ռուսաստանից՝ ժողովրդավարությունն է, ազատություններն են և եվրոպական արժեքային համակարգի պահպանումը:

«Ինձ թվում է` մեր իշխանությունները դա հասկանում են և հնարավորինս դիմադրելու են այն ճնշումներին, որոնք գալիս են հյուսիսից՝ փոխելու համար մեր համակարգը, այլ կերպ վերաբերել խոսքի ազատությանը, հավաքների ազատությանը, հասարակական կազմակերպության անկախությանը, և եթե իրենք այդ դիմադրողականությունը կարողանան դրսևորել,  կան որոշակի շանսեր մեր ապագան վերադարձնելու ճշմարիտ ուղի», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Բորիս Նավասարդյանը:

Նրա կարծիքով` սակայն  Հայաստանի ներսում որպես մարդու իրավունքները հարգող երկիր զարգանալու խթան չկա: «Այդ ստիմուլը միշտ գալիս էր դրսից: Գալիս էին ամերիկյան փողերը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ, և դրա հետ գալիս էին նաև բարեփոխումների հեռանկարներ, գալիս էր բյուջետային աջակցություն Եվրամիությունից, և դրա հետ նաև գալիս էին բարեփոխումների որոշակի օրակարգեր, հիմա այդ դրսի ստիմուլը գոյություն չունի: Բայց Հայաստանի իշխանությունները, չունենալով այդ ստիմուլը, միևնույն ժամանակ փորձում են հնարավորինս խուսափել ինքնիշխանության կորուստից: Ինչքան երկիրը կորցնում է իր ինքնիշխանությունը, այդքան երկրի ղեկավարները կորցնում են իրենց ազդեցությունը և կարևորությունը երկրում», -ասաց Բորիս Նավասարդյանը:

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագրի կնքմանը դեմ հանդես եկող հասարակության ամենամեծ հարթակը Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմն է: Հնարավո՞ր է արդյոք այս ձևավորված մթնոլորտում ԱլԳ ՔՀՖ-ն համագործակցի հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի և առանձին գործիչների հետ ԷկոԼուրի հարցին ի պատասխան Բորիս Նավասարդյանն ասաց. «Իշխանությունը բռնել է մեր արժեքային համակարգին հակասող կուրս, մենք պետք է գտնենք քաղաքական գործընկերներ այլ տեղերում… Ուղիներից մեկն է՝ համագործակցել այն քաղաքական գործիչների և ուժերի հետ, որոնք ունեն հստակ եվրոպամետ դիրքորոշումներ, պայմանականորեն ասած եվրոպամետ, քանի որ ամեն դեպքում որքան էլ որ օրակարգ փորձեն ձևավորել քաղաքացիական հասարակությունը կամ փորձագետները, դա չի կարող անդրադառնալ քաղաքականության վրա, մինչև չբարձրանա քաղաքական մակարդակ, մինչև չդառնա քաղաքական դիսկուսի, քաղաքական օրակարգերի մաս»:



14:10 Դեկտեմբեր 05, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news