Բորիս Նավասարդյան` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը ի վերջո ձախողվելու է

Բորիս Նավասարդյան` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը ի վերջո ձախողվելու է

ԷկոԼուր

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը ի վերջո ձախողվելու է: Նման կարծիք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը դեկտեմբերի 3-ին` «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Չեմ պատկերացնում, որ Հայաստանի մասնակցությամբ այդ միությունում գործունեության որևէ ընդհանուր սկզբունքներ, որևէ ընդհանուր շահեր լինեն: Այդ շահերի հակասություններն արդեն իսկ իրենց զգացնել են տալիս: Շատ լավ տեսնում ենք, որ բավականին լարված են հարաբերությունները Ղազախստանի և Բելառուսի մի կողմից, Ռուսաստանի՝ մյուս կողմից, իսկ Հայաստանի մուտքը այդ ծանր հարաբերություններով լի միություն միայն կբարդացնի իր հաջողության հնարավորությունը», - ասաց Բորիս Նավասարդյանը:

Նրա կարծիքով` Հայաստանի դերը Եվրասիական միությունում չափազանցնում են, քանի որ քաղաքական մշակույթը այդ միջավայրում, որտեղ հայտնվում է Հայաստանը, չի ենթադրում, որ թույլ մասնակցին որևէ մեկը լսելու է և հաշվի է նստելու: Բնականաբար, Հայաստանը որպես կարևոր դերակատար չի կարող հանդես գալ և այն առաքելությունը, որ փորձում են դնել Հայաստանի ուսերին, դժվար թե մեր պետությունը կարողանա տանել:

Իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա Բորիս Նավասարդյանն ասաց. «Հիմա Եվրամիությունում նոր Եվրոպական հանձնաժողով է ձևավորվել, փաստորեն, նոր եվրոպական կառավարություն, և այն վերջնականապես չի կողմնորոշվել՝ ինչպիսի քաղաքականություն է իրականացվելու՝ կապված և Ռուսաստանի, և Եվրասիական միության, և այնպիսի երկրների հետ, ինչպիսին Հայաստանն է, որը մի կողմից հրաժարվել է ասոցացման համաձայնագրից, իսկ մյուս կողմից մեր պաշտոնյաներն անընդհատ հայտարարում են, որ շահագրգռված են պահպանել հարաբերությունները Եվրամիության հետ քաղաքական ոլորտում…Եվրոպական հանձնաժողովում գտնվում են և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, և ԵՄ ընդլայնման եւ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:  Իրենք այն մարդիկ չեն, որոնք հայտնի են հստակ հակառուսական դիրքորոշումով: Նույնիսկ Եվրոպական միության ընդարձակման և հարևանության հարցերով նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր նույնպես շեշտում է, որ պետք է և անհրաժեշտ է հարաբերությունները ձևավորել Եվրասիական միության հետ, և նույնիսկ այնպիսի կարծիքներ են հնչում, որ Հայաստանն է այն երկիրը, որը կարող է  կամուրջ հանդիսանալ Եվրասիական միության և Եվրոմիության միջև»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Ըստ նրա` Հայաստանը դեռ կողմնորոշված չէ, թե ինչ է ուզում:  «Մի կողմից Եվրամիությունը պատրաստ է համարյա ցանկացած ձևաչափի, որին պատրաստ կլինի Հայաստանը, իսկ Հայաստանը չգիտի՝ ինքն ինչին է պատրաստ: Դա ամենամեծ խնդիրն է, որ այսօրվա Ռուսաստանի հետ հարաբերություներում Հայաստանը չի կարողանում կողմնորոշվել և հասկանալ՝ որոնք են իր ազատության սահմանները, որքանով ինքը կարող է  ճկուն լինել և արտաքին քաղաքականություն, և արտաքին տնտեսական կապեր հաստատելու առումով: Նույնիսկ եթե պահպանվի ֆինանսական աջակցությունը Եվրամիության կողմից Հայաստանին, այդ ուղղակի բյուջետային աջակցությունը մոտակա 4 տարիների համար, որը Հայաստանի համար զգալի թիվ է կազմում՝ 140-170 միլիոն եվրո, այդ ֆինանսների օգտագործումը Հայաստանում առանց հստակ ձևաչափի և իրավաբանորեն կաշկանդող պայմանավորվածությունների չի կարող արդյունավետ օգտագործվել: Հիմնական խնդիրն այն է, թե ինչպես է իրականացվելու մոնիտորինգ, ինչպես է իրականացվելու ուսումնասիրություն այդ գումարների արդյունավետ ծախսման առումով»,- նշեց Նավասարդյանը:

Նրա կարծիքով՝ այստեղ կարող էր կարևոր դերակատարություն ունենալ փորձագիտական հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, սակայն առանց իրավաբանորեն կաշկանդող պայմանավորվածությունների քաղաքացիական հասարակության դերակատարությունը և գործառույթը Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում չի կարող ֆիքսվել: Իսկ եթե ֆիքսված չէ, պարզ է, որ իշխանությունները կխուսափեն ընդհանրապես քաղաքացիական հասարակության հետ հաշվի նստելուց:

Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի նորընտիր ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ Բաթումիում անցկացվող ԱլԳ ՔՀՖ-ի 6-րդ ամենամյա համաժողովում Հայաստանն ամենաքիչ քննարկվող երկրներից էր: Պատճառը, ըստ նրա, հենց հստակության բացակայությունն է՝ ուր գնալ և ինչ ձևաչափ ընտրել երկկողմ հարաբերություների համար:

«Մեր ազգային պատֆորմի նպատակներից պետք է լինի Հայաստանի հետ կապված հարցերը շարունակաբար բարձրացնել թե ֆորումի մակարդակով, թե երկկողմ հարաբերությունների համատեքստում, և առանձնացնել այն խնդիրները, որոնք որ այս պահին կարևոր են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների տեսանկյունից», - ասաց Միքայել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության մեջ ընդգրկված երկրների ընդհանրությունն այն է, որ այդ բոլոր երկրներն ավտորիտար են:

«Քանի որ տնտեսական առումով կաշկանդվածությունը շատ մեծ է Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման ինչ-որ ընդհանուր ճանապարհ գտնելու համար, ինձ թվում է, որ առաջնային է դառնում քաղաքական բաղադրիչը: Կցանկանայի հիշեցնել երկու փաստ. առաջինը՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում էր  «և-և»տրամաբանությամբ ասել, որ այո, մենք կողմ ենք ինտեգրվել և այս ֆորմատին և այն ֆորմատին, ինչը չստացվեց օբյեկտիվ պատճառներով: Երկրորդը՝ կապված  ուկրաինական դեպքերի հետ, որ սկզբնական շրջանում շատ ակտիվորեն քննարկվում էր ասոցացման  համաձայնագրի Ուկրաինայի հետ զարգացման միայն քաղաքական բաղադրիչը, և այս պարագայում, եթե մենք փորձենք կիրառել դա Հայաստանի վրա, զարգացնել ասոցացման համաձայնագրում տեղ գտած քաղաքական հատվածը և դա փորձել ձևակերպել որպես այն նոր ֆորմատի բովանդակություն՝ շեշտադրումներ ունենալով մարդու իրավունքների, ժողովրդավարության, դատական համակարգի ռեֆորմի և այլն վրա, և անել գործողություններ, որոնք կառողջացնեն կառավարման համակարգը Հայաստանում, կբարելավեն ընտրական համակարգը, ինձ թվում է կստեղծվի հասարակության համար հնարավորություն  ձևավորել իշխանություն, որը  կկարողանա վարել ռացիոնալ ներքին և արտաքին քաղաքականություն, որովհետև այս իշխանություններն օբյեկտիվորեն դրան ունակ չեն», - ասաց Միքայել Հովհաննիսյանը:



Դեկտեմբեր 03, 2014 at 18:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր