Մեծ խնդիրներ` կապված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի հետ

Մեծ խնդիրներ` կապված  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  նոր օրենքի հետ

ԷկոԼուր

Սեպտեմբերի 17-ին Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Ասիական զարգացման բանկի «Բնապահպանական անվտանգության ազգային կարողությունների գնահատում» ծրագրի նախնական տարբերակի քննարկումը շահագրգիռ կողմերի հետ:

ՀՀ ԲՆ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Ազգանուշ   Դռնոյանը կարեւորեց բնապահպանական փորձաքննության դերը բնապահպանության համակարգում: «2014 թ-ի օգոստոսի 11-ից ուժի մեջ մտավ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  նոր օրենքը: Առանց դրական փորձաքննական եզրակացության արգելվում է որևէ հիմնադրույթային փաստաթղթի իրականացում կամ նախատեսվող գործունեության իրականացում», - նշեց Ա. Դռնոյանը:

Քննարկման ընթացքում հանրությանը հիմնականում մտահոգում էր նախագծերի իրականացման գործընթացում հանրության իրազեկման և մասնակցության հարցը:

«Մեր փորձը բազմաթիվ ծրագրերում ՝ կապված և Ասիական բանկի ծրագրերի և այլ ծրագրերի հետ, ցույց է տալիս, որ հանրային իրազեկումը պատշաճ չի կատարվում: Մի քանի անգամ, ուղղակի լսելով ինչ-որ տեղից, փորձեցինք մասնակցել Ասիական զարգացման բանկի հանրային լսումներին և տեսանք, որ լսմանը հասարակական սեկտորից գրեթե մարդ չկա: Հարկավոր է կարգավորել հանրային իրազեկման հարցը և հանրային լսումները կազմակերպել պատշաճ կերպով», - ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

Ի պատասխան Ազգանուշ Դռնոյանը ասաց. «Մինչ օրս մենք աշխատել ենք առանց հանրային քննարկումների և ծանուցման կարգի:  2014 թ-ի օրենքից բխում է հասարակական իրազեկման և քննարկման կարգը, որը պատրաստ է, և հանրության կողմից ներկայացված գրեթե բոլոր դիտողությունները հաշվի են առնվել»:

Ազգանուշ Դռնոյանի կարծիքով՝ հանրությունը բավականին պասիվ է և անհրաժեշտ է աշխատանքներ տանել՝ հանրությանը իր իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացնելու ուղղությամբ: 

Այս կարծիքի հետ համաձայն է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ազգային փորձագետ Արման Վերմիշյանը. «Այն շրջաններում, որտեղ ՀԿ-ները ակտիվ են, իրազեկում տարվում է ՀԿ-ների կողմից, և ժողովուրդը ակտիվանում է: Բայց այն շրջաններում, որտեղ չկա այդ աջակցությունը, խնդիրը շատ լուրջ է»:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանի կարծիքով` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  նոր օրենքով հանրության մասնակցությունը կրում է զուտ ձևական բնույթ:  

«Այս օրենքով այնպես է ստացվում, որ հանրության մասնակցությունն այս կամ այն չափով նախատեսված է, բայց դա կրելու է ձևական բնույթ: Այսինքն, հիմա այլ ճանապարհով են գնում: Թե մինչ այդ մեզ ընդհանրապես հաշվի չէին առնում, հիմա հաշվի են առնելու, կանչելու են, մեզ մասնակից դարձնեն սխալ որոշումներին, բայց մեր խոսքը հաշվի չեն առնելու: …Եթե այն ժամանակ մենք չգիտեինք, չէինք մասնակցում, գոնե մաքուր էինք մնում այդ կեղտից, այսօր մեզ լսում են և հաշվի չեն առնում, հետո էլ ցուցակում գրում են, որ այս ինչ մարդը մասնակցել է: Եվ ես ոչ մի մեխանիզ չունեմ դրա վրա ազդելու…այդ մեխանիզմն է պետք սահմանել», - ասաց Նազելի Վարդանյանը:

Որպես օրինակ նա մեջբերեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը. «Ամուլսարի գործով շրջակայքի բոլոր գյուղերը դեմ են, իսկ նախաձեռնողը գնում է և միայն գյուղապետի հետ է խոսում, բայց ամբողջ գյուղը դեմ է, սակայն չկա մեխանիզմ` հաշվի առնելու այդ գյուղի կարծիքը»:

Ազգանուշ Դռնոյանը նշեց, որ երբ ներկայացվել են այդ դիտողությունները և առաջարկությունները, օրենքը արդեն գտնվում էր Ազգային ժողովում և իրենք հնարավորություն չունենին այն լրամշակելու, իսկ հանրային ծանուցման կարգի նախագծում ցանկացած դիտողություն և առաջարկություն հաշվի է առնվել:

12:54 Սեպտեմբեր 18, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news