IFC-ից պահանջում են դադարեցնել աջակցությունը Ամուլսարի ծրագրին

IFC-ից պահանջում են դադարեցնել աջակցությունը Ամուլսարի ծրագրին

ԷկոԼուր

Հայկական բնապահպանական ճակատը դիմում է Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդին, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) գործադիր տնօրենին և փոխնախագահին, որպեսզի IFC -ն հրաժարվի Ամուլսարի ծրագրից և դադարի այն որևէ կերպ աջակցելուց: ԷկոԼուրը միացել է այս դիմումին:

Դիմումում մասնավորապես ասված է.

«IFC-ի ներդրումը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեջ, Հայաստան

2014թ. ապրիլ և հուլիս ամիսներին Գնդեվազ և Ջերմուկ համայնքների բնակիչները մի քանի բնապահպանական ՀԿ-ների հետ միասին «Lydian International Limited» ընկերությունում IFC-ի կատարած ներդրումի առնչությամբ երկու բողոք ներկայացրեցին IFC-ի Օմբուդսմենի գրասենյակ: IFC-ն ֆինանսավորում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի հետախուզությունը և շահագործման պլանավորումը: Դիմումատուներն ընդգծեցին ծրագրի հետ կապված իրենց մտահոգությունները՝ տեղի ջրավազանների վրա ազդեցություն, հանքի շահագործման վայրին մոտ գտնվող ուրանի երևակումներից ռիսկեր, Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայություն և տեղի տուրիստական կենտրոն: Բարձաձայնված այլ հարցերը ներառում էին նաև ՇՄԱԳ-ի քննադատություններ և IFC-ի կատարողականության չափանիշների և ազգային օրենսդրության ենթադրյալ խախտումներ:

IFC-ն ներգրավվել է Ամուլսարի ոսկու շահագործման նախագծում 2007 թվականից, այն ընկերության 7.9% բաժնետոմսերի բաժնետերն է և ներդրել է ավելի քան 13 միլիոն ԱՄՆ դոլար մի քանի փուլերով: «Lydian International Limited» ընկերությունն օֆշորային ընկերություն է, որը 2006թ. գրանցվել է Ջերսիում՝ Չաննել կղզիում: Ընկերությունը նախկինում հանքարդյունաբերությամբ զբաղվելու փորձ չի ունեցել և պլանավորում է իրագործել իր առաջին նախագիծը Հայաստանում՝ Ամուլսարի նախագիծը, որը տեղակայված է աշխարհագրական առումով բարդ տարածքում և, հետևաբար, ենթակա է էական բնապահպանական և սոցիալական ռիսկերի: 2008 թվականից ի վեր «Lydian International» ընկերությունը գրանցված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, այնուամենայնիվ, դա քիչ է նպաստում ընկերության մասին տեղեկատվության թափանցիկությանը՝ մասնավորապես բաժնետերերի մասին տեղեկատվության առումով, քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը միջնորդ ընկերություններ են, որոնք զբաղվում են ֆոնդերի կառավարմամբ, և իրական բաժնետերերի մասին տեղեկատվությունը հասանելի չէ: Այնուամենայնիվ, վերջերս կատարված հետաքննությունը բացահայտեց շատ կապեր Ամուլսարի ծրագրի մի քանի շահառուների միջև՝ կոռուպցիոն և փողերի լվացման ռիսկերի ներառմամբ: Ամուլսարի ոսկու շահագործման ծրագրի պլանավորված տևողությունը 10 տարի է, և ծրագիրը սկսվելուն պես բախվելու է լուրջ դիմադրության: Ներկայումս ավելի քան 3500 անձ ստորագրել են խնդրագիր՝ պահանջելով դադարեցնել ծրագրի ֆինանսավորումը:

Բնապահպանական և սոցիալական ազդեցության նոր գնահատումը հանձնարարվել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը (Գեոթիմ) և հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2016թ. ապրիլին: Ներկայումս ՀՀ վարչական դատարանում Գնդեվազ գյուղական համայնքի ներկայացուցիչները և 2 բնապահպանական ՀԿ վիճարկում են ՇՄԱԳ-ի հաստատումը ՀՀ համապատասխան նախարարությունների կողմից. նրանք պնդում են, որ կառավարությունը հաստատել է հանքարդյունաբերական ծրագիրն` առանց հետևելու համապատասխան իրավական ընթացակարգերին և առանց «Lydian Armenia» ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխան փորձագիտական վերլուծության: Վերջին դատական նիստին (մարտի 16, 2017), հայցվոր կողմը պահանջեց անցկացնել բնապահպանական և սոցիալական ազդեցության նոր գնահատում անկախ փորձագետների կողմից: ՀՀ կառավարության և «Lydian Armenia» ընկերության դիրքորոշումն այս հարցի շուրջ կներկայացվի 2017թ. ապրիլի 28-ին կայանելիք դատական նիստին: Միևնույն ժամանակ տեղեկատվություն է հրապարակվել, թե ինչպես է ՀՀ կառավարությունը հարմարեցրել ազգային օրենսդրությունը՝ հատուկ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով Ամուլսարի ոսկու շահագործման ծրագրի համար, խախտելով բնապահպանական չափանիշները և անտեսելով տարածաշրջանի զարգացման առավել այլ արդյունավետ տնտեսական տարբերակներ:
…Ցանկանում են IFC-ին ներկայացնել ամենամտահոգիչ չկառավարվող ռիսկերը, որոնք կապված են Ամուլսարի ծրագրի իրականացման հետ և այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել ծրագրի ձախողմանը: Պնդում ենք, որ IFC-ն ձեռնպահ մնա այս ծրագրում մասնակցություն ունենալուց:

1. Ջրի ռեսուրսների վրա ազդեցություն և թթվային դրենաժի ռիսկ
Ամուլսարը սուլֆիդային կազմավորման հանքավայր է (որը նաև նշված է «Գեոթիմ»-ի սկզբնական շրջանի երկրահետախուզական փաստաթղթերում), հետևաբար սուլֆիդային հանքաքարով հոսող ջուրը վերածվում է ռեակտիվ թթվային ջրի՝ ստեղծելով թթվային դրենաժ: Բաց հանքի տարածքը կենթարկվի ձյան, անձրևի և արհեստական ջրի ազդեցության, բաց հանքի տարածքում սկիզբ առնող ջրի հոսքերը կհոսեն հանքի տարածքով ներքև՝ ներծծվելով հողի մեջ: Ամուլսարը կազմված է հրաբխային խիստ ճաքճքված ապարներից, և այդ ջրերը հավաքելու ոչ մի հնարավարություն և տեխնոլոգիա գոյություն չունի, քանի որ դրանք ճեղքերով անմիջապես ներծծվելու են և հոսելու ներքև։ Դրանք ոչ միայն կքայքայեն հանքի հարևանությամբ անցնող Որոտան-Արփա ջրատար թունելի երկաթբետոնյա կառուցվածքները, այլ նաև կխառնվեն դեպի Սևանա լիճ տեղափոխվող ջրերին՝ փոխելով նրանց քիմիական կազմը։ Սևանա լիճը քաղցրահամ ջրի եզակի պաշար է և ռազմավարական ջրային ռեսուրս ամբողջ Հարավային Կովկասում: Այս վտանգը հաստատվում է նաև այն փաստով, որ հանքի մոտակայքում՝ Ամուլսարի լանջին, կա բնական լճակ, որի ջուրը նոսրացված թթու է։

2. Նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման եղանակի կիրառում
Նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման եղանակը (տարեկան 1000 տոննա) պարունակում է առաջնային և երկրորդական ռիսկեր, որոնք հաճախ անկառավարելի են և անվերահսկելի: Առաջնային ռիսկերն են՝ նատրիումի ցիանիդի պահեստի հրդեհը, տեխնիկական կառուցվածքների վթարները, չափազանց վտանգավոր նյութերի արտահոսքը, բնական աղետները, ահաբեկչական և ռազմական գործողությունները և այլ նմանատիպ աղետները, որոնք կարող են մեծ ազդեցություն թողնել մարդկանց, ինչպես նաև բնության համար:
Մեկ այլ ռիսկ, որն առնչվում է այս թեմային, նատրիումի ցիանիդի տեղափոխումն է բեռնատարերով (քանի որ չկա երկաթուղի), որը նշանակում է, որ Ամուլսարի ճանապարհին գտնվող տասնյակ քաղաքներ և գյուղեր կհայտնվեն ռիսկի առջև, եթե տեղափոխման ընթացքում տեղի ունենա ցիանիդի արտահոսքի պատահարներ: Անհրաժեշտ է նշել, որ ցիանիդի երթուղին, տեղափոխումը և ցիանիդի հետ աշխատելու կանոնները ՇՄԱԳ-ի մաս չեն կազմել և պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել և հաստատվել:

3. Արփա գետից ներքև գտնվող համայնքներ
Այս ծրագիրը պարունակում է ռիսկեր այն համայնքների համար, որոնք ապրում են Արփա գետից ներքև: «Լիդիան Արմենիա»-ի ՇՄԱԳ-ի համաձայն, այս համայնքները չեն համարվում ծրագրի ազդակիր համայնքներ: Սակայն, ինչպես նշված է ծրագրում, ընկերությունը 5 տարի հավաքելու է բոլոր արդյունաբերական ջրերը, այնուհետև կանցկացնի ցիանիդով մշակում և ջուրը բաց կթողնի Արփա գետ: Արփա գետի աղտոտման ռիսկերը և արդյունքում հսկայական մասշտաբի գյուղատնտեսական հողերի աղտոտումն անտեսված են ՇՄԱԳ-ում:

4. Ռիսկ Համաշխարհային բանկերի կողմից ֆինանսավորված ծրագրերի համար
Ամուլսարի ոսկու շահագործման ծրագիրը հակասում է Համաշխարհային բանկի այլ ներդրումներին և ծրագրերին, որոնք իրականացվում են Հայաստանի միևնույն տարածքում: Օրինակ, այս ծրագրում ներառված է Գորայք համայնքը, որը հայտնի է Հայաստանում իր արոտավայրերով, բայց այս համայնքը նաև Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ազդակիր համայնքներից մեկն է: Երկրորդ հակասությունը Հարավային միջանցքի զբոսաշրջության զարգացման ռազմավարությունն է, որը ներառում է Ջերմուկը՝ որպես զբոսաշրջության զարգացման ռազմավարական զարգացման վայրերից մեկը, բայց Ջերմուկը նաև Ամուլսարի ազդակիր համայնքներից մեկն է:

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր մտահոգությունները, մենք պնդում ենք, որ ՄԿՖ-ն հրաժարվի Ամուլսարի ծրագրից և դադարի այն որևէ կերպ աջակցելուց»:

Ապրիլ 25, 2017 at 12:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր