20 ընդերքօգտագործող զգուշացվել է պետական տուրքի և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին գումարի չվճարման համար

20 ընդերքօգտագործող զգուշացվել է պետական տուրքի և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին գումարի չվճարման համար

ԷկոԼուր

2018-2019թթ-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությունը գրավոր զգուշացում է տվել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող 20 ընդերքօգտագործողի պետական տուրքի և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին գումարի չվճարման համար: Այս մասին նախարարությունը ԷկոԼուրին հայտնել է՝ ի պատասխան մեր հարցադրումների:

ԷկոԼուրը հարցում էր ուղարկել նախարարություն՝ տեղեկանալու, թե 2015-2019թթ. ժամանակահատվածում ՀՀ օրենսդրության և պայմանագրային պահանջների խախտման համար քանի և կոնկրետ որ մետաղական հանքավայր շահագործվող կազմակերպություններն են զգուշացվել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հավանականության մասին, և զգուշացումից հետո ինչ ընթացք է ստացել գործընթացը։

Նախարարության պատասխան նամակում առկա 20 զգուշացված ընդերքօգտագործող ընկերություններից ներկայումս աշխատում է միայն մեկը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Ստորև ներկայացնում ենք նախարարության տրամադրած զգուշացված ընդերքօգտագործողների ցանկը:

«Ընդերքօգտագործողների կողմից գրավոր զգուշացմամբ նշված խախտումները սահմանված 90-օրյա ժամկետում վերացնելու վերաբերյալ համապատասխան փաստերը վկայող փաստաթղթերը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում, օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կձեռնարկվեն միջոցներ ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման գործընթացը սկսելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ 2018թ. դրությամբ ընդերքօգտագործողների կողմից համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ստանալուց և ամփոփելուց հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օրենսդրությամբ սահմանված կարգով կիրականացնի համապատասխան աշխատանքներ»,- մասնավորապես նշված է նախարարության պատասխանում:

Նամակում նաև նշված է, որ, 2012թ-ից մինչև 2017թ-ի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում ընդերքօգտագործողների կողմից համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքն ուսումնասիրելով և վերլուծելով, զգուշացում է տրվել 3 ընդերքօգտագործողի պետական տուրքի, 10-ին՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի, 8-ին՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պայմանագրային պարտավորությունների մասով: Սակայն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման գործընթաց չի իրականացվել, քանի որ ընդերքօգտագործողների կողմից զգուշացման հիմքերը վերացվել են:

10:34 Սեպտեմբեր 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news