Գառնեցիների վրդովմունքի մասին Համաշխարհային բանկը տեղյակ չէ

Գառնեցիների վրդովմունքի մասին Համաշխարհային բանկը տեղյակ չէ

ԷկոԼուր

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վինսթոն Յուն տեղյակ չէ Գառնի համայնքի բնակիչների բողոքի մասին՝ կապված բանկի կողմից ֆինանսավորվող Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի հետ:

Ծրագրի սոցիալական և բնապահպանական ռիսկերի վերաբերյալ ԷկոԼուրը հունիսի 12-ին զրուցեց Վինսթոն Յուի հետ:

ԷկոԼուր.

- Բանկը ուսումնասիրե՞լ է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծի սոցիալական և բնապահպանական ազդեցությունը Գառնիի և հարակից համայնքների վրա:

Վինսթոն Յու.

-   Իհարկե, մենք ուսումնասիրել ենք Քաղցրաշենի ծրագրի սոցիալական և բնապահպանական ազդեցությունը: Ակնհայտ է, որ կարող են լինել տարաձայնություններ: Դա է պատճառը, որ Համաշխարհային բանկը ծրագրերի իրականացման գրասենյակի հետ միասին գնում ենք տվյալ համայնքներ, որպեսզի լսենք մարդկանց ձայնը: Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի համայնքները լինեն այս սխեմաների իսկական սեփականատերերը: Հակառակ պարագայում, ըստ իս, ընդհանրապես իմաստ չի լինի նման ծրագրեր իրականացնել, եթե համայնքները բավարարված չեն այս ծրագրերով:

ԷկոԼուր.

- Այս պարագայում համայնքները բավարարված չեն այս ծրագրով, և համայնքներում հետագայում սակավաջրության արդյունքում կարող է սոցիալական վիճակի կտրուկ անկում տեղի ունենալ: Դա համապատասխանո՞ւմ է բանկի ստանդարտներին:

Վինսթոն Յու.

-  Տվյալ դեպքում ես իմ անհամաձայնությունը կարտահայտեմ, որովհետև անհրաժեշտ է նայել վերլուծական տվյալներին, փաստերին: Մենք ծրագրերի իրականացման գրասենյակի հետ միասին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել համայնքի բնակչության հետ, և ես գիտեմ, որ Գառնի համայնքը բավարարված է այս ծրագրով: Եթե Դուք ունեք այլ տվյալներ և փաստեր, խնդրում եմ ներկայացրեք:

ԷկոԼուր.

- Գառնիի բնակիչների բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջով արգելել այդ ծրագրի իրականացումը:

Վինսթոն Յու.

-  Ես ԷկոԼուր կայքում տեսել եմ հաղորդագրություն, որ Գառնիի բնակիչները նամակ են ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին, բայց բուն նամակը չեմ տեսել: Մենք վերջին ամսում փորձել ենք համայնքային մոնիտորինգի սխեմա մշակել, որը ներառելու է իր մեջ համայնքի բնակիչներին: Եթե ծրագրի իրականացման ընթացքում ինչ-ինչ մտահոգություններ առաջանան, համայնքի բնակիչները կկարողանան անմիջապես ներգրավվել և բարձրացնել իրենց մտահոգությունները: Հիմնական մտահոգությունները կապված են շրջակա միջավայրի հետ, և արդյո՞ք բավարար բնապահպանական ջրային հոսք կլինի տվյալ համայնքում: Ես ուսումնասիրել եմ բազմիցս, վերանայել եմ այս տվյալները, և տվյալները հուշում են, որ բավարար հոսք կլինի տվյալ համայնքում: Որպես կանխարգելման միջոցառում մենք առաջարկել ենք, որպեսզի համայնքը կառավարության հետ միասին մասնակցի այդ մոնիտորինգի աշխատանքներին:

ԷկոԼուր.

-  Որտե՞ղ կարող ենք Ձեր ուսումնասիրության արդյունքները կարդալ:

Վինսթոն Յու.

-  Ուսումնասիրությունը դեռ վերջնական տեսքի բերված չէ:

13:29 Հունիս 17, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news