«Ագարակի ՊՄԿ»-ն մինչև 2016թ-ի դեկտեմբերի 31-ը Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին168 413 870 դրամի փոխարեն վճարել է 3 833 300 դրամ

«Ագարակի ՊՄԿ»-ն մինչև 2016թ-ի դեկտեմբերի 31-ը Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին168 413 870 դրամի փոխարեն վճարել է 3 833 300 դրամ

ԷկոԼուր

«Գեոպրոմայնինգ» ընկերությանը պատկանող «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Ագարակի պղինձ-մոլիբդենային հանքավայրը (Սյունիքի մարզ), 2016 և 2017 հաշվետու տարիների ընթացքում, համաձայն ԱՃԹՆ զեկույցի համար ընդերքօգտագործողի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվությունների, Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման համար գումար չի վճարել, մինչդեռ դրամագլխին հատկացման հաշվարկված գումարի մեծությունը հաշվետու տարիների համար կազմել է 26 027 607-ական դրամ:

Համաձայն ՀՀ Բնապահպանության նախարարության (ներկայումս Շրջակա միջավայրի նախարարություն) կողմից ԱՃԹՆ զեկույցի համար ներկայացված հրապարակային հաշվետվությունների` մինչև 2016թ-ի դեկտեմբերի 31-ը ընկերությունը դրամագլխին վճարել է ընդամենը 3 833 300 դրամ, մինչդեռ պետք է վճարած լիներ 168 413 870 դրամ:

Նշենք, որ 2005 թ-ից գործում է Շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը, որին հանքարդյունաբերական ընկերությունները պարտավոր են հատկացնել երաշխիքային գումարներ: Այդ գումարները պետությունը պետք է ծախսի այն դեպքում, եթե ընկերությունները չեն իրականացրել հանքի փակման ծրագիր, չեն ռեկուլտիվացրել հանքը և պոչամբարները: Ընկերությունների կողմից հանքի փակման ծրագրի իրականացման դեպքում դրամագլխին հատկացված գումարը վերադարձվում է ընկերությանը:

ՀՀ Բնապահպանության նախարարության (ներկայում Շրջակա միջավայրի նախարարություն) կողմից ԱՃԹՆ զեկույցի համար ներկայացված հրապարակային հաշվետվության համաձայն՝ «Ագարակի ՊՄԿ»-ի շրջակա միջավայրի պահպանման դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարի բազային չափը 428 690 000 դրամ է:

Հիշեցնենք, որ «Ագարակի ՊՄԿ » ՓԲԸ-ն բաց եղանակով շահագործում է Սյունիքի մարզում գտնվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը, իր արդյունաբերական թափոնները կուտակում է կոմբինատի 3 պոչամբարներում: Ինչպես տեղեկացանք Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանից, համայնքում բնապահպանական խնդիր է ռեկուլտիվացման ենթակա պոչամբարների առկայությունը:

Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» աշխատության համաձայն՝ Ագարակի կոմբինատի 3 պոչամբարներում 1963-2009թ-ի ընթացքում կուտակվել է 2 միլիարդ 256 միլիոն դոլլարի հարստություն՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, ռենիում, սելեն, տելլուր, բիսմուտ, գերմանիում, ծծումբ, երկաթ՝ ըստ 2007թ. մարտ-ապրիլ ամիսներին և 2008թ. մայիսին Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նախօրյակին միջազգային շուկայում օգտակար տարրերի ունեցած գների: «Ագարակի պոչամբարները կարելի է դիտարկել որպես ձեռակերտ հանքավայր, որի ընդերքում առկա են այլ տարրերի հետ համատեղ բավականին մեծաքանակ (201,6տ) խիստ թունավոր (նույնիսկ միացությունների տեսքով) տարրեր՝ սելեն և տելլուր: Վերջիններս, ինչպես նաև հանքաքարերում չնկարագրված մկնդեղը, թունավոր ու խիստ վտանգավոր են, եթե դրանք մնան պոչամբարներում, բայց դրանք կարող են դառնալ օգտակար, եթե կորզվեն», - նշված է աշխատության մեջ:

Հունիսի 28-ին Մեղրիի քաղաքապետարանում ԷկոԼուրի կազմակերպած «Եղեք իրազեկ և պահանջատեր, պաշտպանեք ձեր շահերն ու իրավունքները ԱՃԹՆ հայաստանյան գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ Ագարակի կոմբինատի ազդակիր Մեղրի համայնքի բնակիչները կարևորեցին համայնքում բնապահպանական միջոցառումներ անցկացնելու, հանքարդյունաբերական թափոնները վերամշակելու, կոմբինատի կողմից հատկացվող բնապահպանական վճարների չափը մեծացնելու հարցերը:

Համայնքապետ Մխիթար Զաքարյանը ԷկոԼուրին հայտնեց, որ բնապահպանական վճարներից հատկացվող սուբվենցիան տարեկան կազմում է մոտ 1 միլիոն 300 հազար դրամ, որ այդ գումարով իրատեսական չէ խոշոր բնապահպանական խնդիր լուծել: Այդ իսկ պատճառով նշված գումարները հատկացվում են ազդակիր համայնքների մանկապարտեզներում լրացուցիչ սննդի հատկացման համար: Բնապահպանական ծրագրերի իրականացման համար առաջարկեց բնօգտագործման վճարից համայնքի համար մասհանում կատարել:

Նա նաև ընդգծեց, որ տարածաշրջանի տնտեսության, ՀՆԱ-ի 85 տոկոսն առաջանում է Ագարակի կոմբինատի գործունեության արդյունքում: Կոմբինատից 0 կախվածություն ունենալու համար տարածաշրջանում պետք է գյուղատնտեսություն զարգանա, ջրամբար լինի. «Մեզ պետք է երաշխավորված ջուր: Մեղրի գետի հոսքի 90 տոկոսը գարնան և ամռան սկզբի ամիսներին հոսում է Արաքս, կորցնում ենք: Հունիս-օգոստոսին ջրի դեֆիցիտ է: Մեղրին իր բնակլիմայական պայմաններով ունիկալ է: Հայաստանում եզակի տարածք է: Մերձարևադարձային կուլտուրաներ կան, որ Հայաստանի մյուս տեղերում կամ չեն աճում, կամ արդյունաբերական նշանակություն չունեն: Մինչ այդ ծրագրերի իրականացումը մենք պետք է իրականությանը բաց աչքերով նայենք. չենք կարող անտեսել հանքարդյունաբերության առկայությունը և կարևորությունը», - ասաց նա:

Քննարկման մասնակիցներից «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանն էլ նշեց, կոմբինատը մոնոպոլ դիրք է գրավում տարածաշրջանում, բազմաթիվ աշխատատեղեր կան, ինչի հետևանքով մարդիկ այլևս ստիմուլ չունեն մտածելու, թե այլ ինչ ռեսուրսներ ունեն, ինչ ճյուղեր կարող են զարգացնել: «Իրենք իրենց սեփական ձեռքերով մեծ կախվածության մեջ են մտնում մի մոնոպոլ կազմակերպությունից: Եթե չլինի Ագարակի կոմբինատը, իսկ ամեն ինչ հավերժ չէ, ի վերջո սպառվելու են այդ պաշարները, կլինի այն, ինչ կատարվեց, օրինակ, Դաստակերտի հետ, երբ 8000 բնակչությամբ բնակավայրը դարձավ 300-400 բնակիչ ունեցող: Կարծում եմ, չպետք է ասել, որ աշխատատեղի համար դրական ազդեցություն ունի կոմբինատը»,- ասաց նա:

Փորձագետ Հարություն Մովսիսյանը ներկայացրեց Ագարակի կոմբինատի արտադրության, արտադրանքի իրացման և ֆինանսական տվյալները 2016-2017թթ. համար:

Ըստ ԱՃԹՆ զեկույցի համար ներկայացված հաշվետվությունների նա ներկայացրեց, որ 2016 թ. կոմբինատն արտադրել է 30 536 տոննա 12 040 428 252 դրամ ինքնարժեքով պղնձի և 425 տոննա 1 097 300 293 դրամ ինքնարժեքով մոլիբդենի խտանյութ: Իսկ 2017 թ. 28 979 տոննա 12 700 657 451 դրամի պղնձի և 449 տոննա 1 063 143 936 դրամի մոլիբդենի խտանյութ: Կոմբինատի կողմից 2017թ-ին փաստացի պետբյուջե կատարված հարկերի և վճարումների գումարը կազմում է 622 913 006 դրամ, 2016թ-ին՝ 1 629 297 463 դրամ: Ագարակ համայնքին որպես սոցիալական հատկացում ընկերությունը տրամադրել է 2016թ-ին 25 միլիոն դրամ, իսկ 2017թ-ին 63500000 դրամ, որոնցից 6 500 000 – ական դրամը որպես պայմանագրով ստանձնած պարտավորություններ: Ֆինանսական տվյալների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեղրի համայնքի բնակիչները ներկայացրեցին մի շարք առաջարկներ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության առնչությամբ.

1. Ավելացնել բնապահպանական վճարների չափաքանակը
2. Բնօգտագործման վճարներից համայնքին մասհանում կատարել բնապահպանական ծրագրերի իրականացման համար
3. Իրականացնել կանաչապատման աշխատանքներ
4. Ռեկուլտիվացնել լցված պոչամբարները
5. Բնակիչներին տրամադրել բաժնետոմսեր՝ դարձնելով նրանց հանքի բաժնետեր և ազդեցությունների համար պատասխանատու
6. Հանքը պետականացնել և կազմակերպել համայնքի համար նոր վերահսկելի անվնաս աշխատանք
7. Ստիպել կոմբինատին բնակչության առջև հաշվետու լինել համայնքում առաջացրած բացասական սոցիալական ազդեցությունների համար
8. Կոմբինատին պարտադրել բնակչությանը նախապես տեղեկացնել յուրաքանչյուր գալիք եռամսյակի աշխատանքների ու սպասվելիք արդյունքների և սոցիալական հետևանքների մասին
9. Տեղական լրատվամիջոցների և ՀԿ-ների միջոցով հանրությանը իրազեկել հանքի գործունեության ընթացքի մասին
10. Ուսումնասիրել համայնքին պատկանող հողերի աղտոտվածությունը և հրապարակել արդյունքները
11. Նոր պոչամբար կառուցել
12. Կոմբինատում աշխատողների և բնակչության առողջության վրա հանքի շահագործման բացասական ազդեցությունը չեզոքացնել առողջապահական ապահովագրությամբ և բժշկական հաստատությունները մասնագետներով հագեցնելով
13. Հանքի կողմից մուծվող հարկերի չափը կրկնակի ավելացնել, իսկ ազդակիր համայնքին ավելի մեծ չափի և ուղիղ մասհանում կատարել, քանզի պատճառած սոցիալական վնասներն անհամեմատելի են մուծվող հարկերի չափերի հետ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

16:12 Հուլիս 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news