Բնապահպանության նախարարությունը հավաստիացնում է՝ Շեկաղբյուրի լրամշակված հայտի փորձաքննության փուլում հաշվի կառնվի հանրության կարծիքը

Բնապահպանության նախարարությունը հավաստիացնում է՝ Շեկաղբյուրի լրամշակված հայտի փորձաքննության փուլում հաշվի կառնվի հանրության կարծիքը

ԷկոԼուր

«Միռամ» ՍՊԸ-ն Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում երկրաբանական ուսումնասիրության հայտի լրամշակված տարբերակը չի ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության: Այս մասին Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչների նամակին պատասխան նամակով տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանը: Հիշեցնենք, որ արդվեցիները «Միռամ» ՍՊԸ-ի հայտը մերժելու պահանջով կրկին նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարարություն:

Վարդան Սահակյանի պատասխան նամակում նշված է. «Կրկին անգամ տեղեկացնում եմ, որ փորձաքննական գործընթացում ի հայտ եկած առաջարկություններով, ինչպես նաև համացանցում հնչեցված հանրության մտահոգություններով, նախնական գնահատման հայտը 28.07.2017 թ-ին վերադարձվել է լրամշակման, և փորձաքննական գործընթացն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է մինչև լրամշակված հայտը ներկայացնելը:

Տեղեկացնում եմ նաև, որ դեռևս «Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017-2020 թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի» լրամշակված տարբերակը չի ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
«Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017-2020 թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի» փորձաքննական գործընթացն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Հավաստիացնում եմ, որ նախնական գնահատման հայտի լրամշակված տարբերակը ներկայացնելու դեպքում օրենքի շրջանակներում հնարավորինս հաշվի կառնվեն հանրության կողմից բարձրացված հարցադրումները և հանրության կարծիքը:

Ինչ վերաբերում է նախնական գնահատման հայտի վերաբերյալ առաջին լսումների գաղտագողի իրականացմանը, տեղեկացնում եմ, որ դրա պատասխանատուն տեղական ինքնակառավարման մարմինն է, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջին փուլի իրազեկմանը և քննարկումների կազմակերպմանը չի մասնակցում», - ասված է պատասխան նամակում:

13:52 Սեպտեմբեր 28, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news