ԷկոԼուր
Այսօր` առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, «Ազատություն Ազատ գետին», «Փրկենք մեր գետը, մեր բնությունը, մեր պատիվը» պաստառները ձեռքներին գառնեցիները փակել էին Գառնի-Երեւան ավտոճանապարհը` պահանջելով չիրականացնել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը: Գառնեցիները պնդում են, որ այս ծրագիրը կվնասի Գառնիի կիրճի բնությանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Մոտ 2 ժամ անց բնակիչները ճանապարհը բացեցին: Ինչպես ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց Գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանը, Ջրային տնտեսության ԾԻԳ-ը կրկին ցանկացել է հանրային քննարկում անցկացնել Գառնիում Քաղցրաշենի ծրագրի վերաբերյալ, սակայն բնակիչները չեն ցանկացել այլեւս ծրագրի շուրջ քննարկում ունենալ: «Արդեն քանի անգամ է, հանրային քննարկումներ են անցկացվում մեր համայնքում, մենք դեմ ենք հանդես գալիս ծրագրին, սակայն մեր խոսքը հաշվի չեն առնում: Գյուղական իշխանությունը տվել է իր համաձայնությունը ծրագրի իրականացման համար` դառնալով իշխանությունների հլու կամակատարը: Մինչդեռ գյուղապետը եւ ավագանի պարտավոր են լինել համայնքի ձայնը: Մենք այլեւս ոչ մի քննարկում չենք ուզում, բավական է: Եթե մեր պահանջը չկատարվի, մենք պատրաստ ենք ավելի կտրուկ քայլերի դիմել»,- ԷկոԼուրին հայտնեց Գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանը:
Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ծրագրով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ լրացուցիչ 387 հա տարածքի ոռոգման համար` Ազատ գետում թողնելով 0.85մ3/վրկ ջուր` որպես բնապահպանական ելք: Մինչդեռ Գառնին ունի չոռոգվող 600 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի ոռոգումը չի ապահովել դրանց բարձրադիր գոտում գտնվելու եւ անապատացման գործընթացների պատճառով: Գառնիի մյուս գյուղատնտեսական նշանակության հողերը գտնվում են կիսաանապատային գոտում:
Ազատ գետը Ազատի կիրճի էկոհամակարգի ձեւավորման գլխավոր գործոնն է: Նախագծի ազդեցության գոտում են գտնվում Խոսրովի արգելոցը, Գառնիի ձորը, Ազատի ջրամբարը եւ այն համայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերից: Գառնեցիների պնդմամբ Քաղցրաշենի ծրագրի իրականացման դեպքում կիսանապատային գոտում գտնվող Գառնիի ձորը կանապատանա:
«Եթե իրենք չեն հասկանում բնության արժեքը, ապա մենք հասկանում ենք եւ թույլ չենք տա, որ այս ծրագիրն իրականացվի, դա անձնական շահ չէ, համայնքի շահ չէ, մեր բնաշխարհի փրկության հարցն է դրված: Կան այլ ողջամիտ ուղիներ այս հարցն առանց բնությանը վնասելու լուծելու համար: Համաշխարհային բանկի կողմից ներկայացուցիչ էր եկել, եւ ասաց, որ կզեկուցի բանկի ղեկավարությանը, որ մենք դեմ ենք այս ծրագրին եւ թույլ չենք տալու այն իրականացնել»,- ասաց Արուսյակ Այվազյանը:
Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը կառուցումը նախատեսված է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն իրականացնող մարմինը` ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն է:
Դեկտեմբեր 21, 2015 at 15:04