Սահմանադրական փոփոխությունների մասին «սևագրության» հետևանքները էկոլոգիական իրավունքների վրա

Սահմանադրական փոփոխությունների մասին «սևագրության» հետևանքները էկոլոգիական իրավունքների վրա

Արթուր Գրիգորյան, իրավաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ

Չցանկանալով մտնել «սահմանադրական փոփոխություններ» վերտառությամբ իրավական անհեթեթության շուրջ բովանդակային քննարկման մեջ՝ ընդամենը մեկ դրույթի վերլուծությամբ ներկայացնեմ դրա իրավական և քաղաքական որակը:

Այսպես, գործող Սահմանադրությամբ ամրագրված է յուրաքանչյուրիս իրավունքը՝ ապրելու մեր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում (հոդված 33.2.): Նշեմ նաև, որ այդ դրույթը Սահմանադրության տեքստում ավելացվել է 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, քանի որ դրանից մի քանի տարի առաջ՝ 2001 թվականին Հայաստանը վավերացրել էր շրջակա միջավայրին առնչվող մի կարևոր միջազգային պայմանագիր՝ Օրհուսի կոնվենցիան: Նշված միջազգային պայմանագրին միանալով՝ պետությունը ստանձնել էր պարտավորություն շրջակա միջավայրի հարցերով տեղեկատվությունն ազատորեն տրամադրելու, նույն հարցերի վերաբերյալ որոշումների ընդունմանը հանրության մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև դատական կարգով վարչական մարմինների կայացրած ակտերը վիճարկելու հարցերում: Վերևում նշված սահմանադրական դրույթը հենց այն նորմն էր, որով սահմանադրորեն երաշխավորվել է Օրհուսի կոնվենցիայով սահմանված իրավունքների երաշխավորումը:

Ներկայացված՝ սահմանադրական փոփոխությունների սևագրում այդ նորմը պարզապես հանվել է՝ անտեսելով ստանձնած միջազգային պարտավորությունների հանգամանքը: Այսինքն, կատարվել է անընդունելի հետքայլ մարդու իրավունքների բարձր մակարդակից դեպի դրա բացակայություն: Սրա քաղաքական բաղադրիչն այն է, որ սահմանադրական փոփոխությունների ջատագովները՝ այդ թվում Սերժ Սարգսյանը այդ փոփոխությունները ներկայացնում են որպես մարդու իրավունքների հարցերում առաջընթաց, ինչը ցածրաճաշակ սուտ է:

Իրականում, Սահմանադրության տեքստից հանվում է ԻՐԱՎՈՒՆՔԸ, որը պետական մարմինների համար առաջացնում էր պոզիտիվ պարտավորություն ապահովելու այդ ԻՐԱՎՈՒՆՔԻ իրականացումը: Այս փոփոխությամբ պետությունը փաստացիորեն հրաժարվում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները էկոլոգիական հարցերում: Հետևապես կան բոլոր հիմքերը միջազգային դոնորներից ակնկալելու, որ վերջիններս կառավարությանն այլևս չեն տրամադրի ֆինանսական միջոցներ՝ էկոլոգիային առնչվող «բարի գործեր» անելու, իսկ իրականում՝ այդ փողերով համակարգային կոռուպցիան խթանելու նպատակով:

Այն փաստարկը, թե իբր էկոլոգիական իրավունքները կամրագրվեն օրենքի մակարդակով, զուրկ է քաղաքական և իրավական տրամաբանությունից, քանի որ ներկայացվող փոփոխությոններով անգամ այսօր գործող օրենքների դրույթներն են ներառվել սահմանադրության տեքստի մեջ՝ անհարկի ուռճացնելով սահմանադրությունը, և այս ֆոնին մեկ դրույթի վերացումը որևէ կերպ չի տեղավորվում գործընթացի քաղաքական տրամաբանության մեջ:

Այսպիսով, փորձ է արվում առանց որևէ հիմնավորման վերացնել առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու՝ մարդու սահմանադրական իրավունքը՝ փոխարենը տեքստում ներառելով ոչինչ չասող, հռչակագրային երկտող՝ երկրի  կայուն զարգացումը խթանելու վերաբերյալ, որը իրավունք չէ և պետական մարմինների համար չի առաջացնում որևէ չափելի պարտավորություն: Սրանով Հայաստանը գործնականում հետ է կանգնում էկոլոգիական հարցերով իր ստանձնած ամենահիմնական միջազգային պարտավորություններից՝ շրջակա միջավայրի հարցերում որոշումներ ընդունելիս հանրության մասնակցությունն ապահովելու պարտավորություններից: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ այդքան «անկարևոր» բնապահպանական հարցերի շրջանակներում մինչ այժմ Հայաստանի կառավարության գրպանն են հոսել հսկայական ֆինանսական միջոցներ, որոնց հոսքը ևս պետք է դադարեցվի:

17:44 Հոկտեմբեր 05, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news