Լիճքի պղնձի հանքավայրը եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրն անհամատեղելի են

Լիճքի պղնձի հանքավայրը եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրն անհամատեղելի են

ԷկոԼուր

Սյունիքի մարզի «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն (Workers  rights protection Union) խիստ մտահոգություն է հայտնում «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման ծրագրի կապակցությամբ:  Ծրագրի հանրային քննարկումները տեղի ունեցան սույն թվականի օգոստոսի 14-ին Սյունիքի մարզի Լիճք գյուղում:

ՀԿ-ն նամակներ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն, կրկնօրինակը` KfW գերմանական բանկի` Արեւելյան Եվրոպայում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում  էներգետիկայի եւ բնական ռեսուրսների գծով ծրագրերի ղեկավար Անդրիաս Վիթցելին: ՀԿ-ն ուշադրություն է հրավիրում Լիճքի հանքավայրի շահագործման ծրագրի եւ «Զանզեզուր» կենսոլորտային համալիրի զարգացման միջեւ շահերի բախման վրա: Նաեւ կասկած է հայտնում Լիճքի հանքավայրի շահագործման նախագծում նշված սահմանների կապակցությամբ: Նախագծով հանքավայրի սահմանները հեռացված են «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ մտնող «Արեւիկ» ազգային պարկից մոտ 1 կմ: Միեւնույն ժամանակ «Արեւիկ» ազգային պարկի քարտեզը ներկայացված չէ: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ, իսկ գերմանական KfW զարգացման բանկը մտադիր է 8.25 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի զարգացման համար:  

ՀԿ-ի նամակում ասված է. ««Արևիկ» ազգային պարկ ստեղծելու, «Արևիկ» ազգային պարկի և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 15 հոկտեմբերի 2009 թվականի N 1209-Ն որոշման համաձայն, պարկի պահպանությունն իրականացնում է «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Նույն կանոնադրության համաձայն, կազմակերպության գործունեության առարկան և նպատակը պարկի տարածքում գտնվող էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

Այդ նպատակով կազմակերպությունն ապահովում է ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և ազգային պարկի համար նախատեսված ռեժիմի պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը,իրականացնում է բնական էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումն ու նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը. կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող գործընթացները. իրականացնում է էկոլոգիական մոնիթորինգ և այլն:

Դուք տեղյակ եք նաև, որ Ազգային պարկի անմիջական հարևանությամբ նախատեսվում է բաց եղանակով՝ հորատապայթեցման աշխատանքների միջոցով իրականացվել պղնձի հանքավայրի շահագործում: Այնուհանդերձ, հանրությունը տեղեկացված չէ, թե ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք կամ  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և «Արևիկ» ազգային պարկի խորհուրդը և տնօրենը այդպիսի տնտեսական գործունեության հետևանքով ազգային պարկի պահպանման ռեժիմի հնարավոր խախտման վերաբերյալ: Պարզ չէ նաև, թե արդյոք նշված հանքավայրը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի և նրա պահպանման (բուֆերային) գոտու սահմաններից դուրս:

Հիշեցնենք, որ հանքավայրը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի անմիջական հարևանությամբ (համաձայն հայտի՝ ազգային պարկի տարածքից 780 մետր հեռավորության վրա) և նախատեսում է հանքավայրի շահագործումն իրականացնել հորատապայթեցման աշխատանքներով՝ բաց եղանակով: Այնուհանդերձ, հանրային քննարկմանը «Արևիկ» ազգային պարկի ներկայացուցիչներից որևէ մեկը չէր մասնակցում: Վերջիններիս անտարբերությունը հատկապես տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ հետագայում նախատեսվում է նշված հանքավայրի ընդլայնում, ինչի մասին նշեց «Թաթսթոունի» մասնագետներից՝ Խաչիկ Սապոնջյանը («Մայնինգ տեխնոլոջի ընդ ինժիներինգ» ՍՊԸ տնօրեն):

Այնուհանդերձ, KFW բանկի ֆինանսավորմամբ նախատեսվում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի (որի մեջ մտնում է նաև «Արևիկ» ազգային պարկը) հարակից համայնքներում իրականացնել կանաչ տնտեսության զարգացմանն ուղղված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր: Նշենք նաև, որ կենսոլորտային համալիրի և զուգահեռ համայնքային զարգացման ծրագրերի համար KFW-ն տրամադրել է 8մլն. 250հազ. եվրո: Այս ամենով հանդերձ, KFW-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը շահած GITEC Consult GmbH և մյուս կազմակերպությունների ներկայացուցիչները ևս ներկա չեն գտնվել Լիճքում անցկացված հանրային քննարկումներին:

Հետևապես, խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

  1. տրամադրել «Արևիկ» ազգային պարկի քարտեզը՝ տեսանելի կոորդինատային համակարգով (ինտերնետային կայքերում դրված քարտեզների վրա կոորդինատները տեսանելի չեն վատ որակի պատճառով)

  2. Հանրագումարային առումով որքա՞ն գումար է ծախսվել «Զանգեզուր» կենսոլորտային արգելավայրի և «Արևիկ» ազգային պարկի ստեղծման համար (նշել ֆինանսավորող սուբյեկտների տվյալները և հատկացված գումարի չափը)

  3. արդյո՞ք «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և «Արևիկ» ազգային պարկի աշխատակազմերն ուսումնասիրել են, թե Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ ազգային պարկի պահպանման ռեժիմի, ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության վրա

  4. արդյո՞ք ազգային պարկի ղեկավար մարմինները օրինական և թույլատրելի են համարում նշված հանքավայրի շահագործումը «Արևիկ» ազգային պարկի պահպանման իրավական ռեժիմի պահպանման տեսանկյունից»:

14:34 Օգոստոս 21, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news