ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատասխանել է ԷկոԼուրի՝ ՀԱԷԿ-ի վերաբերյալ հարցմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատասխանել է ԷկոԼուրի՝ ՀԱԷԿ-ի վերաբերյալ հարցմանը

ԷկոԼուր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը 29.01.2020թ. N ՀՎ/22.3/1757-2020 նամակով պատասխանել է ԷկոԼուրի՝ ատոմային էներգետիկ ոլորտի անվտանգության ու նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցերին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանի մեջ նշված է.

«Հարց 1. Կատարվա՞ծ է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի փակման հետ կապված անվտանգության ռիսկերի գնահատում և ինչպիսի՞ն են արդյունքները։ 

Պատասխան - Շահագործումից հանելու ընթացքում ռիսկերի գնահատման գործընթացում ՀԱԷԿ-ը ղեկավարվում է գործող օրենսդրության պահանջներով։ 

Համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի` (ընդունված 1-ը փետրվարի 1999թ.), անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների գործունեությունը ենթակա է լիցենզավորման։ 

Համաձայն ՀՀ կառավարության 14 հունիսի 2005թ. «Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 707 որոշման՝ հաստատված է փաստաթղթերի ցանկը, որը պետք է ներկայացվի կարգավորող մարմնին՝ շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար, որոնց մեջ առավել կարևորագույն և հարցադրմանը անմիջապես վերաբերող փաստաթղթերն են Շահագործումից հանելու ծրագիրը, Անվտանգության վերլուծության հաշվետվությունը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությունը, ինչպես նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը՝ տրված լիազորված պետական մարմինների կողմից: 

Եվրախորհրդի օգնության շրջանակներում շահագործումից հանելու հետ կապված այլ փաստաթղթերի հետ համատեղ մշակվել են նաև վերոնշյալ փաստաթղթերը` հաշվի առնելով, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ավարտվում էր 2016թ. սեպտեմբերին։ Այդ փաստաթղթերի ձևը և բովանդակությունը համապատասխանում է գործող օրենսդրության պահանջներին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում հիմք են ընդունվել ԱԷՄԳ-ի պահանջները/առաջարկությունները։ 

Անցկացված հետազոտությունները վկայում են այն մասին, որ ՀԱԷԿ-ի շահագործումից հանելու ընթացքում անձնակազմին, բնակչությանը և շրջակա միջավայրին վերաբերող գործող նորմատիվ պահանջները չեն գերազանցվի։ 

Հարկ է նաև նշել, որ 2-րդ էներգաբլոկի շահագործումը 10 տարով երկարացնելու հետ կապված բոլոր փաստաթղթերը ենթակա են վերանայման/թարմացման՝ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում կարգավորող մարմնին ներկայացնելու համար: 

Հարց 2. Կատարվե՞լ է Ռուսաստանի Ֆեդերատիվ Հանրապետության կողմից ՀԱԷԿ-ի վերազինման, արդիականացման և անվտանգության ապահովման նպատակով տրամադրված 270 մլն դոլար վարկի և 30մլն դոլար դրամաշնորհի նպատակային օգտագործման պետական աուդիտ և ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ Կբավարարի՞ արդյոք այդ գումարի մնացորդը մինչև 2027 թվականը ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար, թե՞ նոր վարկի անհրաժեշտություն կառաջանա: 

Պատասխան - ՀՀ հաշվեքննիչ պալատը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի վարկային և դրամաշնորհային ծրագրերի մասով ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ պարբերաբար իրականացնում է հաշվեքննություն: Վերջին նման հաշվեքննությունը գտնվում է իրականացման ընթացքում, որի ավարտը նախատեսվում է 2020թ. փետրվարի վերջին։ 

Ծրագրով նախատեսված աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021թ., համաձայն որի` Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվում է տասը տարով մինչև 2027թ.: 

Ներկայումս շահագործման ժամկետի երկարաձգման (ՇԺԵ) շրջանակներում իրականացվել է Ծրագրի հիմնական մասը, որի արժեքը կազմել է 192,9 մլն ԱՄՆ դոլար (վարկային գծով – 173,6 մլն, դրամաշնորհի գծով - 19,3 մլն)։ ՝ 

Մինչև 2021 թվականի վերջը կավարտվեն մնացած աշխատանքները և մատակարարումները 107,1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով (վարկային գծով - 96,4 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհի գծով - 10,7 մլն ԱՄՆ դոլար), որոնց ֆինանսավորումը նախատեսված է տրամադրված վարկի և դրամաշնորհի հաշվին (270,0 + 30,0 մլն ԱՄՆ դոլար): 

Այդ միջոցառումների ավարտով հիմնավորվում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի հետագա անվտանգ շահագործումը մինչև 2020 թվականի սեպտեմբերը, ինչպես դա նախատեսված է ՇԺԵ-ի ծրագրով (կհաստատվի նոր լիցենզիայով)։ 

Վարկի և դրամաշնորհի մնացորդային գումարը (107,1 մլն ԱՄՆ դոլար) միանգամայն բավարար է ՇԺԵ-ի ծրագրի եզրափակիչ փուլի միջոցառումների կատարման համար, հետևաբար, լրացուցիչ փոխառությունների կարիք չկա: 

Ավելին, ՇԺԵ-ի ծրագրի շրջանակներում գործնականում թարմացվել են ՀԱԷԿ-ի հիմնական համակարգերը, ինչը տեխնիկապես ապահովում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման հնարավորությունը նաև 2016 թվականից հետո:

Հարց 3. Համաձայն «ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 10-ի նիստի` «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիներին հավանություն տալու մասին 54 արձանագրային որոշման որպես տնտեսապես և տեխնիկապես հիմնավորված տարբերակ՝ նախատեսվում է 600 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի կառուցում, իսկ այդ աշխատանքների համար մեկնարկ է արձանագրված 2018 թվականը։ «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.)» շրջանակներում նշված չէ, թե երբ է մեկնարկելու ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը։ Այս առումով խնդրում ենք տալ տեղեկատվություն հետևյալի մասին՝ 

• Նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը ո՞ր թվականից է մեկնարկելու, ֆինանսավորման համար ի՞նչ ծավալի ներդրումների համաձայնություն է ձեռք բերվել և ու՞մ հետ՝ մասնավոր, պետական, միջազգային բանկեր։

Պատասխան - Ներկայումս մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040թ.)», որի հաստատումից հետո կհստակեցվեն նոր ԱԷԿ-ի կառուցման հետ կապված հարցերը: 

• Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի նախատեսվող կառուցման սցենարում կայանի անվտանգ շահագործման համար ջրային ռեսուրսներով ապահովման ինչպիսի՞ լուծումներ են առաջարկվում այն դեպքում, երբ գործող ատոմային 2-րդ էներգոբլոկի հովացման համար արդեն իսկ առկա է ջրի դեֆիցիտ՝ Արարատյան հարթավայրի մակերևութային (Սևջուր գետ և Ակնա լիճ) և ստորերկրյա ջրերի հորիզոնների իջեցման արդյունքում:

Պատասխան - Դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի ջրային ռեսուրսների հետ կապված իրավիճակը նոր ԱԷԿ-ի համար։ Ներկայումս ՀԱԷԿ-ի համար խնդիրը լուծվում է կայանի տարածքում արտեզյան հորերի շահագործման միջոցով։ 

Նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը պետք է նախորդեն բազմաթիվ ուսումնասիրություններ, այդ թվում նաև ջրային ռեսուրսների վերաբերյալ: 

Ատոմային էներգետիկայի հետ կապված անվտանգության խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր

Հարց 4. Ընտրվա՞ծ են աշխատած միջուկային վառելանյութի և ռադիոակտիվ թափոնների երկարաժամկետ պահման գերեզմանոցների վայրերը, գնահատվա՞ծ են այդ վայրերի սեյսմիկության և ստորերկրյա ջրերի վրա ազդեցության ռիսկերը, պահպանվա՞ծ են թաղման վայրերի և մոտակա բնակավայրերի միջև հեռավորության սահմանված միջազգային նորմերը։ 

Պատասխան - Միջուկային վառելիքի երկարաժամկետ չոր պահեստարանների տեղակայման վայրը նախագծվել և կառուցվել է բոլոր միջազգային նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան միջազգային լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանը կառուցվել է ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերության նախագծի հիման վրա: Նախագիծը համաձայնեցված է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ: Վերոհիշյալ պահեստարանների համար կատարվել է անվտանգության հիմնավորում, որտեղ նշված է նաև արտաքին ազդակների ռիսկերի գնահատում, ինչպիսիք են՝ սեյսմիկ անվտանգություն, ավիավթարներ, մրրկահողմ և այլն: Ինչպես նաև գնահատվել են տվյալ գործոնների հետևանքով ստորգետնյա ջրերի աղտոտման ռիսկերը։ Պարբերաբար կատարվում է աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի շահագործման անվտանգության գնահատական, որի մասին տեղեկացվում է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին՝ համապատասխան հաշվետվություններով։ 

Միջուկային վառելիքի երկարաժամկետ չոր պահեստարանները գտնվում են ՀԱԷԿ-ի սանիտարական պաշտպանության գոտում, որը մոտակա բնակավայրերից գտնվում են թույլատրելի հեռավորության վրա: 

Հարց 5. Կառավարությունը մշակե՞լ է ՀԱԷԿ-ի երկարաժամկետ ազդեցության գոտու բնակիչների անվտանգության նոր երաշխիքներ։ 

Պատասխան - ԱԷԿ-ի վթարային պլանավորման գոտիների բնակչության պաշտպանությունը կարգավորվում է «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանի» համաձայն՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 18-ի թիվ 1219-Ն որոշումով սահմանված պաշտպանական գործողությունների համար ընդհանուր չափանիշները:

Հարց 6. Ատոմային էներգետիկայի զարգացման տեսլականում դիտարկվե՞լ է արդյոք ատոմային էներգետիկայի օբյեկտների հարևանությամբ առկա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումների բաղադրիչը։

Պատասխան - Հայկական ԱԷԿ-ը պլանավորում է կառուցել ՀԱԷԿ-ի նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտում (5կմ՝ 6 համայնքով) և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտում (10կմ՝ 19 համայնքներ) գտնվող համայնքների ազդարարման համակարգերը։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2021թ. օգոստոս ամսին։ Համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման այլ բաղադրիչներ նախատեսվում են մարզերի և համայնքների զարգացման ծրագրերով: 

Հարց 7. Կառավարությունում քննարկվե՞լ է ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու բնակիչների ռադիացիոն անվտանգության նպատակով ծախսերի՝ համայնքային բյուջեների միջոցներից նախատեսվող մասնաբաժինը կամ ՀԱԷԿ-ի կամ պետական բյուջեի միջոցներից կատարելու հարցը /ՀՀ կառավարության 25 հոկտեմբերի 2000 թվականի «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 679 որոշման կարգ, կետ 3/։ 

Պատասխան - «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, ինչպես նաև կապալառու կազմակերպությունների անձնակազմը ապահովված է հակագազերով, շնչադիմակներով և կալիումի յոդիդի անհրաժեշտ պաշարներով։ 

Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունն ապահովվում է շնչադիմակներով՝ համաձայն «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան)»։

Հարց 8. Կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու բնակավայրերին «ազդակիր» բնակավայրի /համայնքի/ կարգավիճակ տալու և դրան հետևող ֆինանսական աջակցության ստացման հնարավորություն ընձեռելու ուղղությամբ։ Պատասխան - Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի 2006թ. մարտի 27-ի թիվ 6-Ն հրամանով սահմանված են ՀԱԷԿի վթարային պլանավորման գոտիները`

1. Նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտի 5 կմ, 

Ներքին սահմանը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի տեղադրման հարթակի շրջագիծ,

Արտաքին սահմանը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման 5 կմ շառավղով շրջագիծ, 

2. Շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտի,

 Ներքին սահմանը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 5 կÙ շառավղով շրջագիծ, 

Արտաքին սահմանը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 10 կմ շառավղով շրջագիծ:

3. Երկարաժամկետ պաշտպանական գործողությունների պլանավորման գոտի, 

Ներքին սահմանը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 10 կմ շառավղով շրջագիծ, 

Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 100 կմ շառավղով շրջագիծ։ 

ՀԱԷԿ-ի ընդհանուր վթարի դեպքում նախատեսվում է անհապաղ իրականացնել 5կմ գոտու բնակավայրերի բնակչության պաշտպանությունը` «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանի») համաձայն, որտեղ սահմանված են բնակչության պաշտպանության բնագավառում գերատեսչությունների և կազմակերպությունների գործառույթները: 

Հարց 9. Դիտարկվե՞լ են ատոմային էներգետիկայի օբյեկտների ազդեցության գոտու համայնքներում էկոլոգիական և ռադիացիոն մակարդակի մշտադիտարկումների իրականացման, դրանց արդյունքների թափանցիկության և այդ մասին բնակչության իրազեկման ապահովման խնդիրները և կարգավորումները։ 

Պատասխան - ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքներում իրականացվում են էկոլոգիական և ռադիացիոն մակարդակի մշտադիտարկումներ՝ «Peгламент экологического контроля Армянской АЭС» РК.ЭТД.25.0PБ-003 և «Peгламент системы радиационного контроля» РК.ЭТД.05.0PБ-001 փաստաթղթերի համաձայն, որոնց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե: 

Հաշվետվությունների թափանցիկությունը և բնակչության իրազեկման խնդիրները կարգավորվում են նշված գերատեսչությունների աշխատանքային կանոնակարգերով։ 

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մեր իրավասություններից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ այլ գերատեսչություններից ստացված տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ»: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Էկոլուրին է տրամադրել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանը՝ այս նախարարության իրավասությունների շրջանակում գտնվող հարցերի վերաբերյալ: 

Արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանի մեջ նշված է.

«1. ՀԱԷԿ-ի նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման (ՆՊՄԻ) և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման (ՇՊՄՊ) գոտիներում բնակչությանը անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու հաշվարկը ներկայացված է համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Ն որոշման:

2. ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է ՀԱԷԿ-ի տարածքի սեյսմիկ մոնիթորինգ: 2013 թվականին ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական համագործակցության ազգային ծրագրի շրջանակներում ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությանն անհատույց տրամադրված 6 ժամանակակից GURALP 6TD մակնիշի անգլիական լայնատիրույթ սեյսմիկ կայանները տեղադրվել են ՀԱԷԿ-ի շուրջը: Արդյունքում արդիականացվել է ՀԱԷԿ-ի շուրջ մինչ այդ գործող, ֆիզիկապես և բարոյապես մաշված սեյսմիկ հեռաչափական ցանցը, ինչն էականորեն բարձրացրել է կատարվող դիտարկումների հուսալիությունը: Տվյալներն իրական ժամանակում ուղարկվում են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ»:

 

 

Փետրվար 03, 2020 at 16:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր