Հանքարդյունաբերության ազդակիր համայնքների բնակիչների առողջության գնահատման ռազմավարության մշակման կոչ ՀՀ վարչապետին

Հանքարդյունաբերության ազդակիր  համայնքների բնակիչների առողջության գնահատման ռազմավարության մշակման կոչ ՀՀ վարչապետին

ԷկոԼուր

Դեկտեմբերի 28-ին «Աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը Լոռու մարզի բնակիչների առողջության վրա» համաժողովի մասնակիցները և Լոռու մարզի բնակիչները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով ստեղծել ՀՀ Կառավարության առընթեր միջգերատեսչական աշխատանքային խումբ հանքարդյունաբերության հետևանքով աղտոտված համայնքների բնակիչների առողջության գնահատման ռազմավարության մշակման և բնակչության առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության գնահատման իրականացման համար։

Նամակում, մասնավորապես, նշված է․ «Հայաստանի Հանրապետության մի շարք համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և հասարակական կազմակերպությունների կողմից վերջին տասնամյակներում իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և բացահայտվել է խիստ մտահոգիչ իրավիճակ մետաղային հանքարդյունաբերության բացասական ազդեցության գոտիներում, հատկապես Լոռու և Սյունիքի մարզերում: Հետազոտվել և հաստատվել է հող-ջուր-բույս-սնունդ ամբողջ շղթայի, ինչպես նաև ազդակիր բնակիչների արյան և մազերի կանցերոգեն, տեռատոգեն և այլ ծանր մետաղներով աղտոտվածությունը: Ուստի, եզրակացություն է արվել բնակչության առողջության համար բարձր ռիսկերի վերաբերյալ, ինչը և հաստատվել է առողջապահական ցուցանիշների ուսումնասիրությամբ: Ստեղծված խիստ անբարենպաստ իրավիճակը հիմնովին վերահաստատվել է 2018-2019 թթ-ին «ARNIKA» չեխական ընկերության, «ԷկոԼուր» , «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ների կողմից, Լոռու մարզի խոշորացված Ալավերդի և Ախթալա համայնքների բնակավայրերում, հողի, ոռոգման ջրի, գյուղատնտեսական մթերքների, ազատ տեղաշարժի հավկիթների և մարդու մազերից վերցրված փորձանմուշների հետազոտության արդյունքներով, որոնք իրականացվել են Չեխիայի ազգային քիմիա-տեխնիկական ինստիտուտում։ Արդյունքները ճնշող մեծամասնությամբ տագնապալի են և հրապարակվել են վերոնշյալ համաժողովի ընթացքում:

Մենք՝ համաժողովի մասնակիցներս, համայնքների բնակիչներս, առաջարկում ենք ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ԱԺ պատգամավորների, անկախ փորձագետների և մասնագիտացված ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ հետևյալ նպատակների համար.
• ուսումնասիրել ստեղծված իրավիճակը տնտեսական, էկոլոգիական սոցիալական և առողջապահական տեսանկյունից, ինչպես նաև դրանց առաջացման հիմնական պատճառները
• մշակել, ապա իրականացնել համալիր ծրագիր՝ ստեղծված իրավիճակը հիմնովին բարելավելու համար
• մշակել հանքարդյունաբերության հետևանքով աղտոտված համայնքների բնակիչների առողջության գնահատման ռազմավարություն, իրականացնել բնակչության առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության գնահատում
• մշակել հանրության առողջությանը և գյուղատնտեսությանը հանքարդյունաբերության հետևանքով պատճառված վնասի հաշվարկման և փոխհատուցման քաղաքականություն:

Համաժողովի մասնակիցների անունից դիմողներ՝
«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Օլեգ Դուլգարյան
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան

Սույն նամակը քննարկվել է ՀՀ Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերով հանձնաժողովի և Մտավորականների խորհրդի նիստերին, որտեղ որոշվել է միանալ սույն դիմումին:
ՀՀ Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Կարինե Դանիելյան
Մտավորականների խորհրդի անդամ, գրող, հրապարակախոս Լուսյա Մեհրաբյան

14:04 Դեկտեմբեր 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news