Հանքարդյունահանման ծավալների, Արծվանիկի պոչամբարի տեխնիկական անվտանգության, անտառների հատման վերաբերյալ հարցում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենին

Հանքարդյունահանման ծավալների, Արծվանիկի պոչամբարի տեխնիկական անվտանգության, անտառների հատման վերաբերյալ հարցում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենին

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ի էլեկտրոնային հասցեին հարցում է ուղարկել՝ ուղղված ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին:

Հարցման մեջ նշված է.

«Հարգելի պարոն Պոլոսկով,

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի «Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավարի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխության (Ներառյալ արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» նախագծին  16.12.2016թ. ՀՀ բնապահպանության նախարարությունը տվել է դրական՝ ԲՓ 108  եզրակացությունը։ Համաձայն նախագծի՝ նախատեսվում է  բաց եղանակով Քաջարանի հանքավայրից տարեկան արդյունահանել 22,0 մլն. տոննա ապրանքային հանքաքար և  այն վերամշակել կոմբինատում։ 

Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը՝ խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել հետևյալ տեղեկատվությունը՝

  1. 2017-2019թթ. (ըստ տարիների) ի՞նչ քանակությամբ հանքաքար է արդյունահանվել Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրից  և ինչքա՞ն է վերամշակվել հարստացուցիչ ֆաբրիկայում։
  2. Ի՞նչ փուլում է ԲՓ 108 եզրակացության՝ «Մինչև պոչամբարի և լցակույտային տնտեսության գործածության ժամկետի ավարտն անհրաժեշտ է ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել պոչերի, լցակույտերի հարցի լուծման ընտրված տարբերակը, դրա ընտրման հիմնավորումը, գումարային ազդեցությունները, ինչպես նաև պոչամբարի կոնսերվացման և խախտված ամբողջ տարածքների վերականգնման համապատասխան նախագծային փաստաթղթերը և ՇՄԱԳ հաշվետվությունը» փորձաքննական պահանջի կատարման գործընթացը: 
  3. Վերջին անգամ «Արծվանիկի» պոչամբարը ե՞րբ է անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն և ի՞նչ եզրակացություն է տվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ը: Խնդրում ենք տրամադրել նաև «Արծվանիկի» պոչամբարի տեխնիկական վկայագրի և  նրա վերջին տեխնիկական անվտանգության փորձաքննության  եզրակացության էլեկտրոնային տարբերակները, կամ լուսապատճեները։
  4. Քանի՞ հեկտար անտառ է նախատեսվում հատել հանքի տարածքի, լցակույտերի տարածքի ընդլայնման, «Արծվանիկի» պոչամբարի ծավալի ավելացման պայմաններում ողջ ծրագրի իրականացման ընթացքում, քանի՞ հեկտարն է արդեն հատվել և ի՞նչ է արվել այդ փայտանյութը:
  5. ՀՀ կառավարության «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» 2007թ-ի օգոստոսի 30-ի հ. 1045-Ն որոշման 8-րդ կետի 8.1ենթակետով սահմանված է, որ անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման դեպքում դիմումատուն երեք ամսվա ընթացքում լիազորված պետական մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման վերաբերյալ ծրագիր, որը ներառում է օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման աշխատանքների իրականացման նախագիծը և անտառապատման ժամանակացույցը: Խնդրում ենք տեղեկացնել, թե ԶՊՄԿ-ն ներկայացրել է անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման վերաբերյալ ծրագիր պետական լիազոր մարմնին, հատված անտառների փոխարեն քանի հեկտար տարածքում է մինչ օրս իրականացրել անտառատնկման աշխատանքներ, և քանի հեկտարն է վերադարձվել անտառի շարք և որ տարածքներում»:

18:24 Օգոստոս 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news