ԷկոԼուր
Փոքր ՀԷԿ-երի էկոլոգիական անձնագիրը կարող է դառնա փոքր ՀԷԿ-երի ինքնավերահսկաման, հաշվետվողականության և թափանցիկության նոր գործիք: ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ ԷկոԼուրի կողմից ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խումբը մշակել է «ՓՀԷԿ-երի էկոլոգիական անձնագրերի ձևին և տրամադրման ուղեցույցին հավանություն տալու մասին» որոշման նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարություն:
Փոքր հիդրոէլեկտրակայանի էկոլոգիական անձնագրում կներառվեն տվյալ փոքր հիդրոէլեկտրակայանի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները, գործունեության ընթացքում էկոլոգիական թողքի և շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների ցուցանիշների փոփոխությունները, ինչպես նաև բնապահպանական լիազոր մարմինների կողմից կատարված մոնիտորինգի և ստուգումների արդյունքները:
Էկոանձնագրավորման համար հավաքագրվել է տեղեկատվություն Հայաստանի գետերի վրա կառուցված 125 փոքր ՀԷԿ-ի համար:
Որոշման նախագծով նախատեսվում է խրախուսում այն ՓՀԷԿ-երի համար, որոնք 2 անընդմեջ վերահսկողական արդյունքներով բնապահպանական խախտումներ չարձանագրվելու դեպքում ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությունը կարող է ստանալ «Փոքր հիդրոէլեկտրակայանների կանաչ բնապահպանական անձնագիր» և 5 տարով ազատվել տեսչական ստուգումներից:
Նաև ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացվել նաև «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1680-Ն և 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2017թ-ի հոկտեմբերի 19-ի, 1343 - Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման բոլոր փուլերում արդյունավետ բնապահպանական վերահսկողության ապահովումը, վերահսկողության կարգի սահմանումը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ապրիլ 27, 2018 at 14:42