ՀՀ Էներգետիկայի նախարարության պատասխանը ՀԿ-ների` ռադիոակտիվ թափոնների կառավարման վերաբերյալ նամակին

ՀՀ Էներգետիկայի նախարարության պատասխանը ՀԿ-ների` ռադիոակտիվ թափոնների կառավարման վերաբերյալ նամակին

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը պատասխանել է ռադիոակտիվ թափոնների կառավարման վերաբերյալ «ԷկոԼուր», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Հույսի Մեծամոր», «Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ների նամակին:

ՀԿ-ները նամակով ներկայացրել էին շահագրգիռ հասարակության և տեղի բնակչության առաջարկությունները «ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ:
Նախարարության պատասխան նամակում նշված է.

«1. «ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների (ՌԹ) և աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) անվտանգ կառավարման ռազմավարություն» (Ռազմավարություն) փաստաթուղթը միտված է նկարագրել այն հիմնական ուղղությունները, որով ՀՀ կառավարությունը նախանշում է ոլորտի զարգացման տեսլականը: Ռազմավարությունը մշակվել է` հաշվի առնելով ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրի (Ծրագիր) արդյունքները (2013-2015թթ): Վերոնշյալ համագործակցության Ծրագրի ընթացքում վերլուծվել է միջազգային լավագույն փորձը և ՀՀ-ի նման փոքր միջուկային ծրագրեր ունեցող երկրներում կիրառվող մեթոդները: Ծրագրի մշակման շրջանակներում ԵՄ-ի պահանջով իրականացվել են 2014թ. և 2015թ. երկու բաց սեմինարներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

2. Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 2328-Ն որոշման` Հայկական ԱԷԿ-ի շուրջ սահմանված են անվտանգության գոտիներ, մասնավորապես`
5կմ շառավիղ- նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտի,
10կմ շառավիղ- շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտի:
Այս գոտիների համար մշակած և նախատեսված են համապատասխան միջոցառումներ` արտակարգ իրավիճակներում մարդկանց և կենդանիների, ինչպես նաև մշակութային արժեքների և շրջակա միջավայրի պաշտպանության համար:

3. Ռազմավարության դրույթների իրականացումը` գերեզմանոցի հարթակի ընտրությունը, կառուցումը և հետագա շահագործումը հանդիսանում է հանրային լսումների առարկա, և ինչն էլ կիրականացվի սահմանված կարգով:

4. Համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բ) ենթակետի.
• «ատոմային էներգիայի օգտագոծման բնագավառում անվտանգության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ճանաչում և կիրառում են «Ատոմային էերգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտները», համաձայն որոնց ՌԹ-ների գերեզմանոցի համար հարթակի ընտրությունը իրականացվում է միջազգայնորեն ընդունված չափրոշիչների հիման վրա:

5. Աշխատած միջուկային վառելիքի կառավարումը ՀՀ-ում իրականացվում է չոր
եղանակով, որի համար ջուր չի պահանջվում:
Հայկական ԱԷԿ-ի անխափան աշխատանքի համար, հաշվի առնելով Սևջուր գետի մակարդակի նվազումը, Հայկական ԱԷԿ-ին թույլատրվել է իրականացնել լրացուցիչ հորատումներ, որոնք բավարարում են Հայկական ԱԷԿ-ի անվտանգ և անխափան աշխատանքն իրականացնելու համար:

6. Շրջակա միջավայրի գնահատման ազդեցությունը (ՇՄԱԳ) իրականացվում է յուրաքանչյուր նախագծի համար, երբ վերջնական հստակեցված են բոլոր տեխնիկական պարամետրերը և մշակված են ՌԹ-ների գերեզմանոցի նախագիծը:

7. Ռազմավարության միջոցառումների ՇՄԱԳ կիրականացվի միջոցառումների նախագծերի հաստատման ընթացքում, որի մասին հանրությունը կտեղեկացվի լրացուցիչ:

8. Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մասին տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ էներգերտիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում, բազմիցս հրապարակվել է ՀՀ մամուլում, ինչպես նաև տեղադրված է ԱԷՄԳ-ի պաշտոնական կայքում: Նմանատիպ ԱԷԿ-ների շահագործման ժամկետները երկարաձգվել են ընդհուպ մինչև 30 տարի ժամկետով, օրինակ, Ֆինլանդիայում, Չեխիայում, Սլովակիայում և ՌԴ-ում: ՌԴ-ում (Կոլայի ԱԷԿ), ընդ որում ՌԴ-ում ոչ միայն երկարաձգվել է շահագործման նախագծային ժամկետը, այլ նաև ավելացվել է նախագծային հզորությունը:

9. Համաձայն իրավական ակտերի մասին օրենքի` ցանկացած նորմատիվ-իրավական ակտի նախագիծը գործադիր պետական մարմինների միջև շրջանառելու ընթացքում հրապարակվում է www.e-draft.am պաշտոնական կայքում, որտեղ ցանկացած ՀՀ քաղաքացի և կազմակերպության ներկայացուցիչ կարող է իր մտահոգությունը և/կամ առաջարկը ներկայացնել իրավական ակտը մշակող մարմնին:

10. ՀՀ-ում ՌԹ-ների և ԱՄՎ-ների գերեզմանոցի նախագծման ժամանակ կսահմանվեն միջազգային չափորոշիչներին համահունչ ՌԹ-ների գերեզմանոցի շրջակայքը մշտադիտարկման համապատասխան պահանջներ:

11. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ համատեղ պարբերաբար իրականացնում են ուսումնավարժական պարապմունքներ` ներգրավելով նաև ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիների բնակչությանը: Իրականացվել են ուսումնավարժական պարապմունքներ բնակչության տարհանմամբ, դպրոցներում աշակերտների տարհանմամբ: Ինչ վերաբերվում է մեթոդական ձեռնարկներին` ողջունում ենք Ձեր առաջարկը և ֆինանսավորման առկայության դեպքում կնախաձեռնենք նմանատիպ ուղեցույցերի և մեթոդականների մշակում և բաժանում, թեև հարկ ենք համարում նշել, որ ՆՊՄԻԳ դպրոցներում և հասարակական վայրերում փակցված են արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանն ուղորդող պաստառներ»:

16:52 Հոկտեմբեր 03, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news