Հայկական բնապահպանական կազմակերպությունը Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեից պահանջում է Հայաստանի կառավարության դեմ հրատապ միջոցներ ձեռնարկել

Հայկական բնապահպանական կազմակերպությունը Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեից պահանջում է Հայաստանի կառավարության դեմ հրատապ միջոցներ ձեռնարկել

Արթուր Գրիգորյան,«Էկոլոգիական իրավունք» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

Այս օրերին Մոնտենեգրոյում ընթացող Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների 6-րդ համագումարի ընթացքում «Էկոլոգիական իրավունք» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեին խնդրել է Հայաստանի կառավարության դեմ որպես պատասխանատվության միջոց կիրառել զգուշացում: Այս միջոցը կիրառելու պահանջը պայմանավորված է նրանով, որ օգոստոսի 30-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ դատական վարույթի ընթացքում Հայաստանի վարչական դատարանը որոշում ընդունեց գործով հայցվոր էկոլոգիական հասարակական կազմակերպություններին զրկել դատարան դիմելու իրավունքից: Դատարանի այս որոշումը բացարձակ արհամարհանքի դրսևորում է Հայաստանի միջազգային պարտավորությունների և հենց կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեի նկատմամբ:

Ստորև ներկայացնում ենք «Էկոլոգիական իրավունք» հասարակական կամակերպության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի մեկնաբանությունը կոնվենցիայի կողմ երկրների համագումարի ընթացքում. «Ակնհայտ է, որ Օրհուսի կոնվենցիայի հեղինակությունը կախված է կոնվենցիայի իրականացման մեխանիզմի արդյունավետությունից: Ես լիովին հասկանում եմ, որ Համապատասխանության Կոմիտեն փորձում է բալանսավորված մոտեցում ցուցաբերել կոնվենցիան խախտող երկրների դեմ միջոցներ կիրառելիս, և ես հավատում եմ, որ դա արվում է կոնվենցիայի իրականացումն ապահովելու շահագրգռվածությունից ելնելով: Միևնույն ժամանակ, պետք է լինի շարունակական խախտումները հանդուրժելու որոշակի սահման, որից հետո կոնվենցիայի հեղինակությունը կդրվի հարցականի տակ:

Հարկ է ձեզ տեղեկացնել, որ մոտ տաս տարի առաջ կոնվենցիային Հայաստանի համապատասխանության հարցով տարբեր գործերով Կոմիտեի հետ հաղորդակցություն էին վարում հայաստանյան յոթ-ութ հասարակական կազմակերպություններ: Այժմ մնացել է միայն մեկ կազմակերպություն, որը հետևում է կոնվենցիայի իրականացման գործընթացին, մյուսներն արդեն հոգնել են առնվազն Հայաստանին վերաբերող հարցերով համապատասխանության մեխանիզմի անարդյունավետությունից և փնտրում են այլընտրանքային մեխանիզմներ:

Ես ցանկանում եմ հիշեցնել Կողմերի Համագումարի բոլոր մասնակիցներին, որ Հայաստանի անհամապատասխանությունը կոնվենցիայի 9-րդ հոդվածին (դատական մատչելիության իրավունք) Համապատասխանության Կոմիտեն ընդունել է դեռևս 2006 թվականի մարտին: 2008 թվականի հունիսին Կոնվենցիայի կողմ երկրների երրորդ Համագումարը հաստատեց Համապատասխանության Կոմիտեի որոշումը Հայաստանի համապատասխանության վերաբերյալ և Հայաստանի կառավարությանն առաջարկեց մինչև 2008, 2009 և 2010 թվականների նոյեմբեր ամիսը ներկայացնել առաջընթացի վերաբերյալ զեկույցներ: Նույնանման առաջարկություններ՝ միևնույն ձևակերպումներով առաջարկվեցին նաև այս Համագումարում, որոնք պետք է ներկայացվեն մինչև 2018, 2019 և 2020 թվականների հոկտեմբեր ամիսը: Ակնհա՞յտ չէ արդյոք, որ համապատասխանության վերաբերյալ որդեգրված մեխանիզմը Հայաստանի պես կառավարությունների պարագայում չի գործում:

Ես չեմ կամենում ուղղակի քննադատել համապատասխանության մեխանիզմը, այլ նաև առաջարկում եմ բարելավել այն: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր երկրի պարագայում պետք է որդեգրվի անհատական մոտեցում, որը կարող է արդյունավետ լինել տվյալ երկրի առանձնահատկությունների հաշվառմամբ: Ցանկանում եմ ընդգծել նաև, որ անհատական մոտեցման անհաժեշտությունը միայն իմ մոտեցումը չէ, երեկ Շվեյցարիայի ներկայացուցիչը ևս առաջարկեց որդեգրել առանձնացված մոտեցում այն երկրների նկատմամբ, որոնք համաձայնում են Կոնվենցիայի դրույթներին իրենց երկրի անհամապատասխանության վերաբերյալ և կատարում դրանից բխող առաջարկությունները, և նրանց, ովքեր համաձայնում են անհամապատասխանության հետ, բայց շարունակաբար չեն կատարում առարկայական քայլեր: Հայաստանում ոլորտի պատասխանատու հանրային մարմինները 2008 թվականից սկսած ձևացնում են կառուցողական երկխոսություն, սակայն չեն էլ մտածում առարկայական քայլերի մասին՝ պարզապես մանիպուլացնելով Համապատասխանության կոմիտեի և բոլորի վստահությունը:

Երբ մենք Համապատասխանության կոմիտեին առաջարկում ենք կիրառել առավել խիստ միջոց, դա պայմավորված չէ ինքնաբավարարված զգալու ձգտումով: Այն քաղաքացիական հասարակության համար պրակտիկ գործիք է միջազգային հաստատություններից (ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր UNDP, ՄԱԿ-ի Շրջակա Միջավայրի Ծրագիր UNEP և այլն) պահանջելու կասեցնել իրենց ֆինանսական հատկացումները Հայաստանի ղեկավարությանը և այդ հատկացումները վերականգնել պայմանով, որ Հայաստանի կառավարությունը առարկայորեն կապահովի Օրհուսի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտաորությունների կատարումը: Մենք պնդում ենք, որ Հայաստանի հանրային իշխանությունների վարքագծի վրա ազդելու միակ արդյունավետ գործիքը նրա գրպանին խփելն է:
Որպես Հայաստանի կառավարության և Համապատասխանության կոմիտեի միջև «կառուցողական երկխոսության» ապացույց, 2016 թվականի հուլիսի 22-ին այդ ժամանակ արդարադատության փոխնախարար հանդիսացող Արսեն Մկրտչյանը Համապատասխանության կոմիտեի ղեկավար Ջոնաս Էբեսսոնին ուղարկել է նամակ` նշելով, որ «... արդարադատության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծ, համաձայն որի, բնապահպանական հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն շրջակա միջավայրին առնչվող նպատակներ, իրավունք են ունենալու դիմել դատարան՝ պաշտպանելու համար իրենց շահառուների իրավունքներն ու օրինական շահերը: Այդ կապակցությամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և վարչական դատավարության օրենսգրքում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Պետք է նշել, որ նոր օրենսդրության ընդունումից անմիջապես հետո դատարանի կողմից բնապահպանական հասարակական կազմակերպությունները ճանաչվեցին որպես «ոչ պատշաճ հայցվորներ»` բնապահպանական հարցերով հանրային իշխանությունների անօրինական որոշումները դատական կարգով բողոքարկելու համար: Որպես հետևանք, հանքարդյունաբերական ընկերություններին տրված ապօրինի թույլտվությունների հարցերով երեք դատական վարույթներ ենթակա կլինեն դադարեցման (Ամուլսարի հանքավայր, Լիճքի հանքավայր և Քաջարանի հանքավայր):

ՀԿ-ների մասին օրենքի վերջնական նախագիծը մշակելուց հետո բազմաթիվ հասարակական միավորումներ մտահոգություն ներկայացրին արդարադատության նախարարությանը և Ազգային ժողովին` առաջարկելով փոփոխել նախագծում ներկայացված սահմանափակող դրույթները, քանի որ ակնհայտ էր, որ դրանցով պատասանատու կառույցները հող են նախապատրաստում` դադարեցնելու դատական պրակտիկայում արդեն իսկ ընթացող դատավարությունները: 2016 թվականի նոյեմբերին և 2017 թվականի մայիսին «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպությունը Համապատասխանության կոմիտեին է ներկայացրել երկու հաղորդում՝ վերլուծելով ներկայացված մտահոգությունները և խնդրելով կիրառել խիստ միջոցներ, սակայն Համապատասխանության կոմիտեից չի ստացել որևէ արձագանք առաջարկվող միջոցների ընդունելիության վերաբերյալ:
Ավելին, արդարադատության նույն փոխնախարարն այժմ աշխատում է որպես դատավոր: Նա ղեկավարում էր ՀԿ-ների մասին օրենքի վերջին տարբերակի մշակման աշխատանքները, երբ աշխատում էր որպես արդարադատության փոխնախարար: Դուք պետք է հստակորեն հասկանաք Հայաստանի հանրային իշխանությունների վարքագծի տրամաբանությունը. հանրային իշխանություններն ամբողջովին կոռումպացված են, և դատարանն անկախ չէ: Ես կասկած չունեմ, որ պարոն Էբեսսոնին նամակ ուղարկելու պահին արդեն եղել է քաղաքական որոշում` դադարեցնելու հանքարդյունաբերական ընկերությունների վերաբերյալ ընթացող դատական գործընթացները, քանի որ այդ նույն հանրային իշխանությունները այդ ընկերություների իրական սեփականատերերն են:
Սույնով ես կոչ եմ անում կոնվենցիայի կողմ երկրների Համագումարին հրատապ կերպով կիրառել անհրաժեշտ միջոցներ՝ քաղաքացիական հասարակությանը զինելով այնպիսի գործիքներով, որոնք թույլ կտան ստիպել հանրային իշխանություններին ապահովելու Օրհուսի կոնվենցիայով և այլ միջազգային բնապահպանական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»:

15:45 Սեպտեմբեր 19, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news