Դերասանուհի Անահիտ Մութաֆյանի բաց նամակը ՀՀ վարչապետին` փրկեք Արդվին ոսկու տենդով տառապող անկուշտ պաշտոնյաներից

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանի բաց նամակը ՀՀ վարչապետին` փրկեք Արդվին ոսկու տենդով տառապող անկուշտ պաշտոնյաներից

ԷկոԼուր

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմյական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Արդվիում Շեկաղբյուրի ոսկու հանքերևակման որոնողական աշխատանքներն արգելելու համար:

Նամակում գրված է.
«Հարգելի պարոն Կարապետյան,
լրացավ Ձեր պաշտոնավարման մեկ տարին։ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրից Դուք հույս ներշնչեցիք իմ և ինձ նման շատ քաղաքացիների և մշակութային գործիչների մոտ։ Ձեր նշանակումով հույս առաջացավ, որ վերջապես մեր երկրի համար առաջնային կդառնան հայ մշակույթն ու մշակութային արժեքները: Սակայն դեռ ամեն ինչ շարունակվում է նույն ոգով, ինչ եղել է Ձեզանից առաջ։ Մեզ` բոլորիս, ոգևորում է ձեր ծրագիրը` Հայաստանը տուրիստական երկիր դարձնելը: Սակայն այսօր վտանգված է Հայաստանի մի շատ գեղեցիկ ու գողտրիկ վայրի լինել-չլինելը։ Ոմն «ՄԻՌԱՄ» ընկերության թեթև ձեռքով վտանգի տակ է կանգնած Լոռու մարզի Արդվի համայնքը իր պատմամշակութային արժեքներով։ Այս համայնքը մեծ հավակնություն ունի` դառնալու տուրիստական կենտրոն Լոռու մարզում։ Այստեղ են գտնվում 105 անուն պատմամշակութային կոթողներ, որոնցից են` 7-13 րդ դարի գերեզմաններ, 10-12 րդ դարի խաչքարեր, վաղ միջնադարի եկեղեցի, դամբարանադաշտ` Ք.Ա 1-2 հազարամյակի, Սուրբ Օձնեցի վանքը 8 րդ դարի կառույց, Սուրբ Օձի պորտ և այլ պատմամշակութային արժեքներ ու կոթողներ։ Այս գյուղում են նկարահանվել հայերին և գրեթե ողջ աշխարհին հայտնի մի շարք ֆիլմեր` «Մենք ենք մեր սարերը», մեծն Փարաջանովի «Նռան գույնը», «Այս կարմիր կանաչ աշխարհը» և այլն։ Սակայն այսօր ոմանց քմահաճույքի և ոսկու տենդի պատճառով վերացվում է բնության ու մարդկության այս հրաշք վայրը։ Դիմում եմ Ձեզ, որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մշակույթի նվիրյալ և որպես հայ քրիստոնյա` փրկեք Արդվին ոսկու տենդով տառապող անկուշտ պաշտոնյաներից։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմյական թատրոնի դերասանուհի; մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Անահիտ Մութաֆյան»:

Լուսանկարը` Անահիտ Մութաֆյանի Facebook-ի էջից:

17:18 Սեպտեմբեր 14, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news