Սյունիքի տեղական ՀԿ-ն համարում է, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսական միջոցներն արդյունավետ չեն ծախսվել

Սյունիքի տեղական ՀԿ-ն համարում է, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսական միջոցներն արդյունավետ չեն ծախսվել

ԷկոԼուր

«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն մտահոգություն է հայտնում, որ Կապանի ջրամատակարարման  համակարգերի բարելավման համար հատկացված դրամական միջոցներն ոչ արդյունավետ են ծախսվում: Այս մասին ՀԿ-ն նամակով հայտնել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի ներկայացուցիչ պարոն Դեյվիդ Դոլին: Նամակում ասված է.

«Հարգելի պարոն Դոլ,

18.09.2015թ. Կապանի քաղաքապետարանից զանգահարեցին և տեղեկացրին, որ նույն օրը ժամը 14:30-ին Կապանի քաղաքապետարանում կկայանա Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացվող Կապան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների ծրագրերի հանրային քննարկում:

Տեղում պարզեցինք, որ Կապանի քաղաքապետարանը միջոցառման կազմակերպման մասին տեղեկացված է եղել միջոցառումից  ընդամենը մեկ ու կես ժամ առաջ:  Բաժանված տեղեկատվական թերթիկին ծանոթանալուց և հանրային քննարկման կազմակերպչի նախնական բացատրություններից ակնհայտ դարձավ, որ մոտեցել է ծրագրի շինարարական աշխատանքների ավարտական փուլը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ստեղծել հանրության հետ համագործակցության պատրանք: Այդ պատճառով էլ «ՀԳՇՆ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հասմիկ Ասլանյանը փորձում էր ամեն գնով այդ անհասկանալի միջոցառմանը եկած քաղաքացիներին ստորագրել տալ նախապես պատրաստված ինչ-որ ցուցակ՝ իբրև հանրային քննարկմանը մասնակցելու վերաբերյալ:

Միջոցառման կազմակերպիչներին բացատրվեց, որ նրանք իրավունք չունեն հակաօրինական հանրային քննարկում կազմակերպել, որ հանրային  ծանուցումն իրականացվում է զանգվածային լրատվամիջոցներով, էլեկտրոնային փոստով, հայտարարություններով, որը չի արվել: Իրավիճակը փրկելու համար կազմակերպիչները շրջանառության մեջ դրեցին «հանրային իրազեկում» եզրույթը, ինչը որևէ իրավական ակտով սահմանված չէ և ըստ էության տեղում հորինված, որևէ իրավական բովանդակություն չունեցող բառակապակցություն է: Կազմակերպիչները համառորեն փորձեցին շարունակել նշված միջոցառումը՝ չնայած այն հանգամանքին, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բացատրում էին, որ իրենք պատրաստ չեն այդ քննարկմանը: Ըստ էության, հանրության ներկայացուցիչները օրենքով սահմանված կարգով տեղեկացված չեն եղել այդ քննարկման մասին և չէին կարող արդյունավետ մասնակցություն ունենալ քննարկվող հարցերին:

Օրենքով սահմանված կարգով հանրային քննարկում կազմակերպելու դեպքում հանրային սեկտորի ներկայացուցիչները պատրաստ են բաձրաձայնելու իրենց մտահոգությունները՝ կապված իրականացվող ծրագրերի արդյունավետության, թափանցիկության և քաղաքացիներին ու ՀԿ-ներին հուզող բազմաթիվ հարցերի հետ, ներկայացնելու առաջարկություններ և դիտողություններ: Կատարվող ապօրինությանը չմասնակցելու և դրանով իսկ այն չլեգիտմացնելու նպատակով  օրինականության կոչ անող ՀԿ-ների ներկայացուցիչները և Կապանի Օրհուս կենտրոնի ղեկավարը լքեցին Կապանի քաղաքապետարանի դահլիճը:  

Այսպիսով  վերը նշվածը ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ Կապանի ջրամատակարարման  համակարգերի բարելավման համար հատկացված դրամական միջոցներն ոչ արդյունավետ են ծախսվում, հնարավոր չէ լիարժեք և անկողմնակալ տեղեկատվություն ստանալ ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի, ծավալի և որակի մասին: Լուրջ մտահոգություններ կան, որ նախանշված ժամկետներում  աշխատանքները կամ չեն ավարտվի կամ էլ մենք ականատես կլինենք ծրագրային միջոցների ոչ արյունավետ կառավարման արդյունքում կատարված անորակ աշխատանքի փաստին:   

Կազմակերպության նախագահ

Արշավիր Խալափյան»:

Սեպտեմբեր 29, 2015 at 18:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր