ՀՀ Ազգային ժողովում արդվեցիների բողոքի ընթերցումից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունը աշխատանքային խումբ ուղարկեց Արդվի իրավիճակի ուսումնասիրման համար

ՀՀ Ազգային ժողովում արդվեցիների բողոքի ընթերցումից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունը աշխատանքային խումբ ուղարկեց Արդվի իրավիճակի ուսումնասիրման համար

ԷկոԼուր

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները շարունակում են պայքարել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում որոնողական աշխատանքների իրականացման դեմ: Նրանց բողոք-հայտարարությունը սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում ընթերցեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Արդվին սրբավայր է, և արդվեցիներն այդ սրբավայրն առ այսօր պահպանել են աչքի լույսի նման: Հայաստանի երեք սրբավայր-դամբարաններից մեկը հենց Արդվին է, որտեղ հանգչում է Հովհաննես Օձնեցի Իմաստասերը: Այս ամենից զատ, հետախուզման համար նախատեսված տարածքներից են սնվում արդվեցիները, որտեղ հավաքվում է խմելու ջուրը և որն անասնապահությամբ զբաղվող գյուղի համար նաև արոտավայր է: Այս ամենից գյուղին զրկելը, հանքարդյունաբերության հետևանքով առաջացած թափոններով ու վնասակար նյութերով աղտոտելը մաքուր օդն ու ողջ տարածաշրջանը, անթույլատրելի է: Դիմում ենք հանրային քննարկման առաջին փուլի պատասխանատուներին, տարածքային կառավարման մարմիններին` չեղյալ համարելու լսումների առաջին փուլը, քանի որ այս փուլից են բխում մնացած անօրինական քայլերը, որոնք են՝ հայտ ներկայացնել, լրամշակման ուղարկել նախկին հայտը և նոր լսումներ նշանակել: Այս ամենը կատարվում է անօրինական կերպով, քանի որ առաջին լսումները կեղծվել էին: Հանրային լսումների երկրորդ փուլին գյուղացիներն իրենց ասելիքը հայտնեցին բողոքի ակցիայի տեսքով՝ թույլ չտալով ընկերության ներկայացուցիչներին մուտք գործել, քանի որ ընկերությունը ի սկզբանե ամեն ինչ անում էր անօրեն կերպով:

Ընկերությունն ապօրինաբար քանդել և մի քանի մեքենա հումք է տեղափոխել այդ տարածքից, որի հետևանքները գյուղացիները ստիպված են եղել վերացնել սեփական նախաձեռնությամբ՝ էքսկավատորներով քանդվածը ձեռքով հարթեցնելու միջոցով: Դիմում ենք նախաձեռնողներին և նրանց հովանավորներին. բոլորիս է պարզ, որ կան հովանավորներ, այլապես ոչ մեկ չէր կարող ապօրինաբար քանդել, հումք տեղափոխել և մնալ անպատիժ: Այս ամենից ելնելով` Արդվու ավագանին մերժել է «Միռամ» ՍՊԸ-ին երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել Արդվու տարածքում: Պետք չէ հանուն փողի և կարճաժամկետ շահի գնալ սրբապղծության: Արդվեցիները դեմ են այս ամոթալի արարքին, որը խեղելու է մի ողջ գյուղի ճակատագիր», - արդվեցիների ձայնը բարձրացրեց Մանե Թանդիլյանը: Այնուհետև պատգամավորը հայտարարեց, որ ունի տեղեկատվություն Արդվիի բնակիչներին սպառնալու վերաբերյալ. «Արդվիի բնակիչներին որոշ խմբեր մոտենում և սկսում են համոզել ու սպառնալ, որ փոխեն իրենց տեսակետը: Օգտվելով այս առիթից հայտարարում եմ, որ եթե Արդվիի բնակիչների տեսակետը կենթարկվի փոփոխության, ես կհորդորեմ ոստիկանությանը համարել այս հայտարարությունը փաստարկված և սկսել հետաքննություն»:

Մանե Թանդիլյանի ելույթից հետո ՀՀ բնապահպանության նախարարության և ոստիկանության ներկայացուցիչներ սեպտեմբերի 13-ին ժամանեցին Արդվի և արդվեցիների հետ Շեկաղբյուրի հանդամասում դիտարկեցին հորատված տարածքը: Արդյունքում կազմվեց արձանագրություն, որի համաձայն հանդամասում առկա է 9 մ երկարությամբ և 0.5 մ լայնությամբ քանդված տարածք՝ 3 մ խորությամբ, որն առաջացել է 2017 թ-ի գարնանը: Ուսումնասիրության պահին տարածքում աշխատանքներ չէին իրականացվում, տեխնիկան բացակայել է:

Արդվեցիները վստահ են, որ փորվածքն արել է «Միռամ» ՍՊԸ-ն մինչև առաջին լսումները, և ապօրինի կերպով հանքանյութ է տեղափոխել նմուշառման համար: Արդվեցիները բնապահպանների աջակցությամբ հողով ծածկել են հանդամասի փոսը:
Ներկայումս Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման նախնական գնահատման հայտը վերադարձվել է լրամշակման, և փորձաքննական գործընթացը դադարեցվել է մինչև լրամշակված հայտը ներկայացնելը:

«Մենք պնդում ենք, որ առաջին լսումները եղել են կեղծ, հետևաբար, իրենք իրավունք չունեին ոչ նախագիծ կազմելու, ոչ էլ հետո լրամշակման ուղարկելու: Եթե գյուղացիները չեն ուզում՝ ի՞նչ լրամշակում: Կանենք նույնը, ինչ առաջին անգամ, թույլ չենք տա և վերջ», - ասաց Արդիվիի Սուրեն Կիրակոսյանը:



14:02 Սեպտեմբեր 14, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news