«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության գործընթացի լիարժեք մասնակիցներ» թեմայով աշխատանքային քննարկման արձանագրություն. մաս առաջին

«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության գործընթացի լիարժեք մասնակիցներ» թեմայով աշխատանքային քննարկման արձանագրություն. մաս առաջին

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է հոկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցած «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գործընթացի լիարժեք մասնակիցներ» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ազդակիր համայնքների ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված խնդիրները և առաջարկությունները, ինչպես նաև կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիրքորոշումը դրանց վերաբերյալ:

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն, ԱՃԹՆ բազմաշահառու աշխատանքային խմբի (ԲՇԽ) անդամ Սոնա Այվազյանն իր ելույթում նշեց. «Մենք արդեն մի քանի տարի է` USAID-ի աջակցությամբ իրականացնում ենք «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը: Այդ ծրագրի փիլիսոփայությունը նրանում է, որ մենք չենք կարող երբևէ ունենալ պատասխանատու կառավարում, եթե չունենք բավարար ներգրավված, մասնակցող, իրազեկ ու պահանջատեր հասարակություն: Այսօրվա քննարկման ընթացքում հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները կօգնեն կառավարությանը, կառավարության համապատասխան գերատեսչություններին լուծումներ տալ ձեր կողմից բարձրացված խնդիրներին: Հուսով եմ, որ արդյունքում կունենանք որոշ բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ»:



ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Լիլիա Շուշանյանն իր բացման խոսքում ասաց. «ԱՃԹՆ-ից առաջ տարբեր խմբեր՝ քաղհասարակությունը, կառավարությունը և բիզնեսը, միշտ ծավալել են իրենց գործունեությունն ամեն մեկն իր ուղղությամբ: Սակայն այն պահին, երբ այդ երեք խմբերը նստեցին մեկ սեղանի շուրջ, կառուցողական քննարկում կազմակերպեցին: Փորձենք միասին հասկանալ, թե ինչ լուծումներ են անհրաժեշտ, և հետագայում արդեն յուրաքանչյուրս մեր ներածին ուժերի չափով մեր պատասխանատվությունը հասկանալ այս ընդհանուր գործում»:



«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամ Ինգա Զարաֆյանը նշեց. «Շատ եմ կարևորում համայնքների բնակիչների մասնակցությունը, որոնց ձայնը շատ անգամ մենք չենք լսում կամ շատ քչերն են լսում: Ես ուզում եմ, որ այն հասանելի լինի շատերին, և մենք ստանանք համապատասխան արձագանք, քանի որ նոր կառավարությունը պատրաստ է համայնքների և ժողովրդի հետ համագործակցել, լսել իրենց»:



Լոռու մարզ, «Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Օլեգ Դուլգարյան. «Կան համայնքներ, որոնք ստանում են բնապահպանական սուբվենցիաներ, և համայնքի ղեկավարները դժվարություններ են ունենում դրանց բաշխման հետ կապված: Համայնքների խոշորացումից հետո հանքարդյունաբերական ազդակիր բնակավայրերը կազմում են փոքրամասնություն: Օրինակ` Ախթալա խոշորացված համայնքում ազդակիր են համարվում միայն Ախթալա, Շամլուղ քաղաքները: Նեղոց, Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղերը ազդակիրր չեն համարվում: Այնինչ Նեղոց բնակավայրը գտնվում է շարունակական փոշու տակ, Փոքր Այրումը գտնվում է չռեկուլտիվացված «Նազիկ» պոչամբարի մոտ, իսկ Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի միջև գտնվում է «Նահատակ» պոչամբարը: Եվ այդ համայնքները ազդակիր համայնքների ցանկում ընդգրկված չեն: Պետք է նոր գնահատումներ իրականացնել` ճանաչելով այդ բնակավայրերը որպես ազդակիր:

Ալավերդին համարվում է ազդակիր համայնք, որտեղ գտնվում է Ալավեդու պղնձաձուլարանը, որը հիմա չի գործում մեկ տարի: Երևի թե շուտով Ալավերդին կհանվի ազդակիր համայնքների ցանկից, այն կլինի ոչ ազդակիր և չի ստանա սուբվենցիա: Համայնքին հասցված վնասը տասնամյակներ շարունակ չի վերանալու: Տվյալ համայնքը պետք է շարունակի մնալ որպես ազդակիր և ստանա բնապահպանական սուբվենցիա»:

Սյունիքի մարզ, «Կապան ին» նախաձեռնության անդամ Բորիս Սարգսյան. «Հանքարդյունաբերության մեջ ամենաքողարկված մասը խտանյութերն են, դրանց պարունակությունը: Առաջարկում եմ այս տվյալները բացել ԱՃԹՆ գործընթացի հետագա զարգացման մեջ: Լուրջ խնդիր կա նաև խտանյութի տոկոսայնության հետ կապված` թե ինչ տոկոսայնությամբ են այդ հանքանյութերը տեղափոխվում: Հանքարդյունաբերողները հանքանյութի տոկոսային հարաբերությունները ցույց չտալու դեպքում քիչ հարկեր են վճարում, ինչից տուժում է բնությունը, համայնքները, և բնապահպանական ծրագրերի համար օգտագործվող գումարները պակասում են: Հաճախ այդ ծրագրերը չեն համապատասխանում բուն նպատակին: Ցանկալի է`հանքարդյունաբերողի կողմից պետությանը վճարվող հարկից ֆիքսված գումարներ վերադառնան ազդակիր համայնքներ»:



Արարատի մարզ, «Արմաշ գյուղական համայնքների զարգացման և աջակցման կենտրոն» ՀԿ անդամ Անահիտ Մաթևոսյան. «Արարատի ոսկու ֆաբրիկայի ցիանային պոչամբարը ազդում է Կախանովի ջրատարի վրա, որից օգտվում են Արմաշ, Սուրենավան, Երասխավան, Պարույր Սևակ, Արարատ գյուղերը և Արարատ քաղաքը: Պոչամբարի հարևանությամբ է գտնվում մոտ 25 ձկնարդյունաբերական արհեստական լիճ, որոնք նույնպես օգտվում են տվյալ ջրից: Կա թռչնադիտավայր, որը գրանցված է «Birdlife» միջազգային կազմակերպությունում: Ցիանը մեծ վտանգ է սպառնում և՛ թռչնադիտավայրին, որը նպաստում է էկոտուրիզմի զարգացմանը, և՛ ձկնարդյունաբերությանը, և՛ բույսերին, որոնք ոռոգվում են: Մեր պահանջն է նշված համայնքներն ընդգրկել ազդակիր համայնքների շարքում, որպեսզի իրականացվեն համապատասխան բնապահպանական ծրագրեր»:

Լոռու մարզ, Շնող խոշորացված համայնքի Թեղուտ բնակավայրի բնակիչ Ռայա Մելքոնյան. «Թեղուտ ՓԲԸ-ն ներառված չէ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում, ինչի հետևանքով Շնող խոշորացված համայնքը, որպես ազդակիր համայնք, չի ստանում բնապահպանական գումար: Այնինչ Թեղուտի և Շնողի հողատարածքները հիմնականում դրված են հանքարդյունաբերության նպատակով օգտագործման համար: Եվ մենք` բոլորս, գիտենք, որ, գերակա շահ ճանաչելով, համայնքի բնակիչները զրկվեցին իրենց հողատարածքներից: Պայմանագրում կան կետեր, ըստ որի`համայնքում պետք է զարգանան ենթակառուցվածքներ, նախատեսվում էր համայնքի գազաֆիկացումը, ինչը մինչ այսօր չի իրականացվել»:

Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյան. «Ճիշտ է ասում, չունենք։ Դրա մասին ես 2016 թ.նոյեմբերից խոսում եմ։ Կոնկրետ քայլեր չեն արվել, մնում է օդի մեջ։ 2016 թ. «Վալլեքս գրուպը» բանակցությունների արդյունքում խոստացավ, որ 50 տոկոսով կֆինանսավորեն, բայց «Վալլեքս գրուպի» դուրս գալուց հետո, հարցը մնաց։ Հիմա նոր սեփականատիրոջ հետ քննարկում ենք այս հարցը»։



Գեղարքունիքի մարզ, «Մարտունու կանանց խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյան. «Հանքարդյունաբերություն ունեցող համայնքներն այսօր Հայաստանում պետք է այնքան զարգացած լինեն, որ մատով ցույց տան: Դպրոցի, մանկապարտեզի, զբաղվածության որևէ խնդիր չպետք է ունենա այդ համայնքը, որովհետև ինքն արդեն ունի այդ հարստությունը:

Հանքարդյունաբերությունը պետք է զարգանա, որևէ խնդիր չկա, բայց քանի որ այն համարվում է խոշոր եկամտաբեր ճյուղ, ամենամեծ գումարը պետք է ուղղվի բացասական հետևանքները վերացնելուն: Երկրորդ՝ խոշոր ներդրումները պետք է ուղղվեն բնակչության առողջապահական խնդիրների լուծմանը, տարեկան մեկ կամ երկու անգամ պարտադիր հետազոտություններ իրականացնեն, և բուժումների ամբողջ ծախսը իր վրա վերցնի հանքարդյունաբերողը: Նոր միայն պետք է խոսենք տնտեսական ինչպիսի ներդրումային քաղաքականություն պետք է իրականացվի, ինչպիսի սոցիալ-տնտեսական հարցեր պետք է լուծվեն տվյալ համայնքում:

Խոշորացված Գեղամասար համայնքը բացի Սոթքից ունի 17 բնակավայր: Սոթքն է ազդակիր, և հիմնական ներդրումները պետք է Սոթքում լինեն»:



Սյունիքի մարզ, Կապանի բնակիչ Դավիթ Հակոբյան. «Արդյո՞ք հանրային լսումները հասանելի են հանրության համար: Ովքե՞ր են իրականում մասնակցում հանրային լսումներին: Իմ մասնակցությամբ տարբեր հանրային լսումներին մասնակցել են հասարակական կազմակերպություններ, որոնք հատուկ հրավիրված են եղել հանքարդյունաբերական բիզնեսի կողմից: Այնպես է ստացվում, որ այդ ՀԿ-ները ներկայացնում են բիզնեսի շահերը: Այս կարևորագույն հարցերը կարող են կարգավորվել տեղական հնարաքվեի ինստիտուտի կիրառմամբ»:

Ելույթների արձագանք ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Լիլիա Շուշանյանի կողմից. «Ալավերդիի մասով բարդ հարց է և հետագայում քաղաքականության մշակման ընթացքում պետք է քննարկվի»:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի մասին.

«Այսօր մենք` ինքներս, բարձրաձայնել ենք ԱՃԹՆ շրջանակում այն հարցը, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում որոշ ընկերությունների անուներ
նշելով, մենք, այո, խտրական վերաբերմունք ենք դրսևորում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կազմվել է նախագիծ` օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ, և այն շրջանառության մեջ է դրվել: Նախագծով առաջարկվում է, որ բոլոր մետաղական հանքարդյունաբերական ընկերությունները ներառվեն օրենքում…. Արարատի մարզի ազդակիր համայնքների մասով նշենք, դա պետք է միջգերատեսչական քննարկումների փուլ անցնի և համապատասխան լիազոր մարմնի մոտեցումը ներկայացնի»:

Խտանյութերի մասին.

«Կա խնդիր խտանյութի մասին ինֆորմացիա չունենալու վերաբերյալ, թե արդյո՞ք տվյալները հավաստի են, թե` ոչ։ Մենք` ինքներս, այժմ մտածում ենք ազգային լաբորատորիայի վերազինման մասին»։

Հանրային լսումների վերաբերյալ.

«Կան հարցադրումներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և միմյանց հետ քննարկվեն: Կան պահանջներ բիզնեսին, որոնք պետք է հանրային լսումների ժամանակ բարձրաձայնվեն: Քաղաքացու ձայնը լսելի է, և այս հանդիպումը դրա ապացույցն է:

Միգուցե բիզնեսն այսօր լսելի չէ, քանի որ բոյկոտվում են հանրային լսումները: Եթե կա այդ հարթակը և այդ գործիքը և չի օգատգործվում, ապա ինչպե՞ս եք պատկերացնում համապատասխան ծրագրերի, սոցիալական առաջարկների ներկայացումը: Միգուցե հենց ՀԿ-ներին խնդրենք իրազեկել այդ իրավունքի մասին և փորձենք այդ մասով հարթակը աշխատեցնել: Միգուցե համայնքի ղեկավարներին խնդրենք, ավելի ընդգրկուն կազմակերպել հանրային լսումները և եթե հնարավոր լինի աջակցել նաև մասնակցությանը: Շատ հեշտ է չմասնակցել հանրային լսումներին, չբարձրաձայնել այն խնդիրները, որոնք առկա են, չծանոթանալ բիզնեսի ներկայացրած ծրագրին, որտեղ անգամ գրված են բացասական հնարավոր ազդեցությունները, և հետո ծրագիրը հաստատելուց հետո այդ ամենը բարձաձայնել, երբ արդեն դա փաստ է»:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Ինգա Զարաֆյան.

«Վերանայվելո՞ւ է ազդակիր համայնքների ցանկը: Կարելի է վերագնահատել համայնքի վրա ազդեցությունը և նոր համայնքներ ճանաչել որպես ազդակիր: Նաև խնդիր կա տարանջատելու ազդակիր համայնք և ազդակիր բնակավայր հասկացությունները»:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Լիլիա Շուշանյան.

«Եթե այն մոտեցումն է բոլորի մոտ ողջամիտ, որ ազդակիր բնակավայր է եղել և բնակավայրի շրջանակներում պետք է այդ գումարները կիրառվեն, ապա որոշակի օրենսդրական փոփոխություններ անելու ժամանակ լուծում կտրվի նաև այդ հարցին։ Ուղղակի ընթացս նաև մի առաջարկ անեմ համայնքի ղեկավարներին։ Արդյո՞ք մինչև օրենքի ընդունումը չենք կարող գոնե ներքին ընթացակարգերով այնպես անել, որ ծրագեր իրականացվեն այն բնակավայրերում, որոնք նախկինում համարվել են ազդակիր»:



Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյան.

«Այս հարցը մենք պետք է փորձենք օրենսդրորեն լուծել: Ազդակիր համայնք հասկացությունը բնապահպանական և մետաղական հանքարդյունաբերության առումով շատ ավելի ազդեցիկ է ու լայնածավալ:

Խոսում ենք Սոթքի մասին: Սոթքի հանքավայրը մեծ ենթակառուցվածք է։ Սոթք բնակավայրը Գեղամասար համայնքում է, և դա չի նշանակում, որ միայն Գեղամասար համայնքին է վնասներ հասցվում: Սոթքին կպած է Վարդենիսն իր կողքի գյուղերով, որոնց ևս կարող է վնաս հասցվել։ Այս խնդիրները մենք պետք է լավ պատկերացնենք, որպեսզի ազդակիր բնակավայր և համայնք հասկացությունը ճիշտ հասկանանք։ Շտապելու կարիք չկա։ Սոթք համայնքի վարչական տարածքում գտնվող բոլոր հողերի համար ընկերությունը վարձակալության գումարներ է տալիս։ Նախկինում տալիս էր Սոթքին, հիմա` Գեղամասարին: Այդ բոլոր տարածքները՝ մետաղական հանքավայրի տարածքները, պետական սեփականության տարածքներ են՝ արոտովայրեր, վարելահողեր, որոնք մեր երկրի վերջին վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ընդգրկվեցին համայնքների վարչական սահմաններում»։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Ինգա Զարաֆյան.

«Դուք ասում եք, դա բարդ գործընթաց է, ես համաձայն եմ Ձեզ հետ։ Բայց կա բավական մեծ տեղեկատվություն այդ գործընթացների վերագնահատում կատարելու համար»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյան.

«Այսօր մեր երկրում չկա մի ինստիտուտ, որը հստակ չափի, թե բնապահպանական վնասը ինչ տարածքներ է ընդգրկում»:



«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան. «Չորս փուլով հանքարդյունաբերության համար իրականացվում են հանրային ծանուցում և քննարկումներ, և նախնական փորձաքննության փուլում ճանաչվում են ազդակիր համայնքներ, որ ամրագրվում է տեխնիկական առաջադրանքում, և այդ ազդակիր համայնքներին գրությամբ ծանուցվում է։ Այդ կարգը գրվել է այն ժամանակ, երբ համայնք-բնակավայր տարանջատում գոյություն չուներ: Արդեն երբ կա համայնք-բնակավայր հասկացություն, վերանայման խիստ կարիք ունի:

Մենք օրենսդրորեն համայնքին ենք ճանաչում ազդակիր, այժմ կարծում եմ, երբ մենք օրենքը վերանայում ենք, պետք է հստակ տարանջատվի բնակավայր-համայնք և ներգրավվածության չափը և աստիճանը:

Այստեղ կարգավորման խնդիր է նաև այն, որ ազդակիր համայնք ենք ճանաչում հանրային լսումներում ներգրավելու նպատակով։ Սակայն չկա կապը դրա և սոցիալական փոխհատուցման բնավճարների մուծման, այդ կապն օրենսդրորեն կարգավորված չէ։ Դա բաց է:

Համայնքը պետք է լինի պահանջատեր: Կան համայնքներ, որ բավական ակտիվ մասնակցում են և բավական ակտիվ պաշտպանում են իրենց իրավունքները»:
Առողջապահության խնդիրների մասին

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան.

«Մենք արտակարգ, աղետալի վիճակում ենք։ Որևէ ստանդարտներին չենթարկվող 23 պոչամբարները քաղցկեղի նման ծածկում են երկիրը: Շեղումներով ծնունդներ, քաղցկեղի դեպքերն ամենաշատը տալիս է Լոռին ու Սյունիքը։ Մենք վաղուց այդ հարցերը բարձրացնում ենք, ցավոք, իշխանությունները չեն լսում։ Բացի նրանից, որ դա անմիջական բացասական ազդեցություն է շրջակա միջավայրի և առողջության վրա, այսօր մետաղական հանքարդյունաբերությունը հիմքից կտրում է գյուղատնտեսությունը, տուրիզմի զարգացումը։ Շտապ պետք է ստեղծել միջգերատեսչական անկախ փորձագետների, տարբեր ոլորտի մասնագետների մասնակցությամբ հանձնաժողով և հասկանալ, թե ինչ շտապ միջոցառումներ պետք է իրականացնել։ Եթե այսպես շարունակենք, երկու տասնամյակ հետո Հայաստանը ապրելու տեղ չի լինի, մենք կունենանք միայն էկոլոգիական փախստականներ»:



ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Գոհար Ղազինյան. «ՇՄԱԳ օրենքը չի նախատեսում ՀՀ շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման հանրային լսումներ։ Կառավարության որոշումը խոսում է հանրային քննարկումների մասին միայն, ինչը Օրհուսի կոնվենցիայի կոպիտ խախտում է, որովհետև լսումները ընթացակարգ են և կարող են հետո դատարանում վիճարկվել։ Իսկ քննարկումները քննարկումներ են։ Եթե դուք ընթերցեք ՇՄԱԳ օրենքը, ապա այնտեղ մի քանի տեղ լսում բառն է օգտագործվում, բայց խոսքը գնում է քննարկումների մասին: «Իրավական ակտերի մասին» օրենքով՝ բովանդակությունը պետք է համապատասխանի վերնագրին: Կառավարության որոշումը քննարկումների մասին է, լսումների մասին խոսք չկա, ինչը էական նշանակություն ունի հանրության մասնակցության և իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Ազդակիր համայնքը պետք է որոշվի փորձաքննության ընթացքում ազդեցությունը գնահատող մեթոդաբանությամբ, որը հնարավորություն կտա հաշվարկել` ինչպես է ազդում օդի, ջրի և այլնի վրա գործունեությունը: Մինչև մեթոդաբանությունը չհաստատվի, ազդակիր համայնք ճիշտ որոշելն այս պահի դրությամբ մնում է կամայական»։

«Քաղաքացու ձայն» ՀԿ-ի ներկայացուցիչ, ԱՃԹՆ ԲՇԽ այլընտրանքային անդամ Արթուր Համբարձումյան. «Այստեղ խնդիր է առաջանում ուսումնասիրել համայնքի բոլոր բնակավայրերը, հիմնավորել, որ ազդեցությունը հանքարդյունաբերությունից է, և ծրագիրն իրականացնել համայնքի այդ տարածքներում։

Բնապահպանական հարկը դա նախկին բնապահպանական վճարն է: Հետևաբար, որքան այդ գումարը մեծ է, այնքան աղտոտումները շատ են: Մենք խոսում ենք հասցված վնասների, աղտոտումների մասին, փողերը ոնց ենք բաժանում, խոսում ենք հիվանդությունների մասին: Բայց որևէ խոսք չգնաց աղտոտումը կանխարգելելու, թույլ չտալու մասին, որևէ խոսք չգնաց գնահատելու այսօրվա վիճակի պատճառները, թիրախավորել և վերացնել դրանք: Առաջակում եմ, որպես առաջնային թիրախ դնենք թույլ չտալու կամ կանխարգելելու հարցերը»։

Շարունակելի

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

 

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

17:04 Նոյեմբեր 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news