Ապրիլի 22-ին աշխարհը 50-րդ անգամ նշում է Երկրի օրը

Ապրիլի 22-ին աշխարհը 50-րդ անգամ նշում է Երկրի օրը

ԷկոԼուր

Ապրիլի 22-ին աշխարհը 50-րդ անգամ նշում է Երկրի օրը: Կորոնավիրուսի հետ պայմանավորված վիճակով հայտարարված է գլոբալ վիրտուալ մոբիլիզացիա:

Երկրի օրվա 2020 թ-ի թեման կոչվում է «Կլիմայական գործողություններ»:

«Earth Day Network»-ը շեշտում է՝ Երկրի օրը շրջակա միջավայրի ճգնաժամային վիճակի միասնական արձագանք է: Մոլորակի համար հսկայական խնդիր է կլիմայի փոփոխությունը, բայց նաև կան հսկայական հնարավորություններ, այդ պատճառով կլիմայի փոփոխության վերաբերյալ գործողություններն էլ առանձնացվել են որպես Երկրի օրվա 50-ամյակի ամենաարդիական թեմա:

Բնապահպանական միջազգային ցանցն այս օրը հայտարարում է գլոբալ վիրտուալ մոբիլիզացիա՝ կոչ անելով մոլորակի բոլոր մարդկանց միանալ իրենց earthday.org կայքի միջոցով: Կայքում ստեղծվել է «թվային լանդշաֆտ», որտեղ ուղիղ եթերների միջոցով կանցկացվեն քննարկումներ, կհնչեցվեն կոչեր, ելույթներ, կանցկացվեն վիդեո-դասընթացներ և այլն: 

«Չնայած կորոնավիրուսը մեզ ստիպում է միմյանցից հեռու մնալ, բայց այն չի կարող մեզ ստիպել լռել: Միայն համարձակ և միասնական պահանջը դեպի ապագայի նոր ճանապարհ կարող է փոխել աշխարհը...

Անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում, դուք կարող եք փոփոխություն կատարել: Եվ դուք միայնակ չեք, քանի որ միասին մենք կարող ենք փրկել Երկիրը», - կոչ է հնչեցնում «Earth Day Network»-ը:

Հայաստանը ևս անմասն չէ բնապահպանական խնդիրներից: Մեր երկրում անցկացվել են և շարունակվում են անցկացվել բազմաթիվ բնապահպանական շարժումներ՝ ի պաշտպանություն ռազմավարական Սևանա լճի, գետերի, որոնք ծանրաբեռնված են ՓՀԷԿ-երով, Արարատյան դաշտի արտեզյան ավազանի, որը հասավ աղետալի վիճակի ձկնաբուծության պատճառով: Հայաստանի շատ համայնքներում  բնակիչները չունեն ոռոգման և խմելու ջրի հասանելիություն: Լեռնահանքային արդյունաբերության ազդեցության տակ գտնվող համայնքներում խախտվում է մարդկանց՝ մաքուր և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Արդեն շուրջ  երկու տարի է` Հայաստանում շարունակվում է Ամուլսար լեռան պաշտպանությանն ուղղված հանրային-բնապահպանական պայքարը, որը հայտնվել է նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Հայաստանյան բնապահպանական հանրությունը պահանջում է կառավարությունից  զարկ տալ «կանաչ» տնտեսության զարգացմանը:

Ինչպես է անցել Երկրի օրվա առաջին օրը. 1970 թ-ի ապրիլի 22-ին: 20 միլիոն ամերիկացիներ՝ այդ ժամանակ ԱՄՆ-ի բնակչության 10%-ը, դուրս եկան փողոցներ՝ բողոքելու բնապահպանական տգիտության դեմ և պահանջելու զարգացման նոր ուղի մոլորակի համար:

Երկրի առաջին օրը վերագրվում է որպես ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկ, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն:

1970 թ-ին Երկրի առաջին օրը գործողությունների ալիք առաջացրեց, այդ թվում ՝ ԱՄՆ-ում բնապահպանական կարևոր օրենքների ընդունումը: Մաքուր օդի, մաքուր ջրի և վտանգված տեսակների մասին օրենքները ստեղծվեցին ի պատասխան 1970 թ-ի Երկրի առաջին օրվա: Շատ երկրներ շուտով ընդունեցին նման օրենքներ:

Երկրի օրը մինչ օրս էլ կարևոր նշանակություն ունի: 2016 թ-ին ՄԱԿ-ը ընտրեց Երկրի օրը որպես այն օր, երբ պատմական փարիզյան կլիմայական համաձայնագիրն ուժի մեջ մտավ:

14:11 Ապրիլ 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news